Ո՞վ կհեռանա Իդլիբից՝ Սիրիա՞ն, թե՞ Թուրքիան

Ո՞վ կհեռանա Իդլիբից՝ Սիրիա՞ն, թե՞ Թուրքիան
14.02.2020 | 13:46

Այն ամենը, ինչ կատարվում է Սիրիայի Իդլիբ նահանգում, որտեղ Դամասկոսն ու Անկարան անցել են ուղիղ զինված դիմակայության, ախտորոշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ իրավիճակի ներկա դեգրադացիայի պատճառն այն է, որ «Թուրքիան խրոնիկ չի կատարում 2018-ի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագրի պարտավորութթյունները» և «այսպես կոչված չափավոր զինված ընդդիմությանը ենթակա ջոկատները տեղափոխել է Սիրիայի հյուսիս-արևելք, «Խաղաղության ակունք» գործողության գոտի և Լիբիա»: Ցավոք, այդ հուշագրի գլխավոր դրույթները հայտնի են միայն ընդհանուր գծերով, բայց ստեղծվում է տպավորություն, որ Անկարան ձգտում է Իդլիբում ուժեղացնել այսպես կոչված չափավոր ընդդիմության դիրքերը, որպեսզի հետագայում, ինչպես գտնում է թուրք ռազմական փորձագետ Մեթին Գյուրջանը, «նախաձեռնի Մոսկվայի հետ նոր բանակցություններ Իդլիբի հրադադարի մասին»: Ու դա զուտ լիբիական սցենարն է, երբ նահանգներից մեկի տարածքը հայտնվում է ընդդիմության վերահսկողության տակ, որ սկսում է ձևավորել իշխանության զուգահեռ կառույցներ: Բացի այդ՝ Անկարան ձգտում է պահպանել Սիրիայի հյուսիսի սահմանային տարածքների վերահսկողությունը, որ ստացել է «Եփրատի վահան» ու «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների հետևանքով: Վերջերս դա էր ակնարկում Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, որ հանկարծ վճռել է անհանգստանալ Իդլիբի իրավիճակով: Հասկանալի է, որ Դամասկոսը մտադիր չէ թույլ տալ թուրքական սցենարի իրականացումը և ձեռնարկում է հակագործողություններ: Բացի այդ՝ Իդլիբի ահաբեկչական խմբավորումների կոալիցիան հրաժարվում է կատարել Անկարայի պահանջը և հանձնել զենքը: Ուստի եռանկյունում՝ Թուրքիա-սիրիական ընդդիմություն-Իդլիբի արմատական խմբավորումներ, ստեղծվում է բարդ իրավիճակ, երբ կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր խաղը խաղալ, երբ ի հայտ են գալիս սուր սյուժեներ, որ գրված չէին Սոչիի հուշագրում: Հենց այդ տարածքում է փորձում մանևրել Թուրքիան: Բայց ինչպե՞ս: Թուրքիայի Evrensel-ը գրում է, որ Անկարայի համար գալիս է ճշմարտության պահը, երբ ստիպված է հաշվի նստել տարածաշրջանում գործող ջիհադականների ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցության մեջ՝ Ռուսաստանի մեղադրանքների հետ: Վերջերս դա հայտարարեց նաև Փարիզը: Ավելին՝ ուրվագծվում է Թուրքիայի երկակի ստանդարտների քաղաքականությունը, զիգզագները ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, որպեսզի Իդլիբի պլացդարմում նրանց դիմակայությունը ստեղծվի: Evrensel-ը հաստատում է, որ «հազիվ թե դա զուր սպասում է», քանի որ Անկարան Վաշինգտոնից սպասում է «ինչ-որ առաջարկներ Իդլիբի հարցում, որ Թուրքիային կարող են դարձնել ամերիկյան տարածաշրջանային ռազմավարության մասնակից»: Այդ պատճառով են հնչում Էրդողանի բարձր հայտարարությունները Աստանայի գործընթացի ձախողման մասին: Բայց չի բացառվում, որ ինտրիգի հետևանք կարող է դառնալ, որ Թուրքիան ստիպված լինի «վերացնել իր դիտակետերը ու լքել Իդլիբը»: Ի՞նչ կլինի այդ դեպքում: Yeni Şafak-ը առաջարկում է պատասխանը որոնել ՆԱՏՕ-ի Եվոպայում գլխավոր հրամանատար Տոդ Ուոլտերսի Թուրքիա այցի արդյունքների մեջ, որի ընթացքում կարող էր լինել «Անկարայի հետ հարաբերությունները վերականգնելու Պենտագոնի ցանկությունը» Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու» հարցով և ինչ-որ պայմանավորվածություններ Իդլիբում գործող ահաբեկչական խմաբովորումների միջև՝ հետագայում թույլ չտալու այսպես կոչված «Միջերկրական իրանական գծի» ստեղծումը: Թուրքիայում հնչում են ձայներ՝ իրադարձություններում ՆԱՏՕ-ին ներգրավելու մասին: Բայց Թուրքիան պետք է իր դաշնակիցներին համոզի, որ հայտնվել է թուրքերի ազգային անվտանգությանը սպառնացող գործոն: Հետաքրքիր է, որ Փարիզը ավելի վաղ կանխատեսել էր Անկարայի կողմից այդ սցենարի հնարավորությունը: Բայց ու՞մ և ո՞ր ուժին է հատկացված այդ գործողությունները նախաձեռնողի դերը: Այլ խոսքով՝ Էրդողանը վճռել է կամ նրան դրդել են Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության ստեղծման կողմը՝ երկու երկրների գործընկերային համագործակցությունը խզելու ռիսկով:


«Սիրիայում կռվի կանոնները փոխվել են: Նոր դարաշրջան է սկսվում»՝ թուրքական բանակի ներկայացուցիչներից մեկը այսպես է Reuters-ին բնութագրել իրավիճակը Իդլիբի նահանգում: Նրա հետ դժվար է չհամաձայնել՝ սկսել է փլուզվել ուժերի առանց այդ էլ փխրուն հավասարակշռությունը, որ Աստանայի գործընթացի մասնակիցները կառուցում էին վերջին ժամանակներում: Անկարայում ՌԴ դեսպանատունը Twitter-ում հրապարակել է երկու լուսանկար թուրք-ամերիկյան հարաբերությունների թեմայով: Առաջին լուսանկարում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն է ու նրա խոսքերը Իդլիբում թուրք զինվորների սպանության մասին. «Մենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի կողքին ենք՝ Թուրքիայի, որ այս գրոհում կորցրեց իր զինվորականներին»: Կողքին թուրքական պետական Anadolu գործակալության ինֆոգրաֆիկան է Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերին (YPG) ամերիկյան ռազմական օգնության մասին, ուժեր, որոնց Թուրքիան համարում է երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ կապված ահաբեկչական խմբավորում: Ռուսաստանի դեսպանատունը լուսանկարները թուրքերեն մակագրել է. «Որոշողը դուք եք»: Թող որոշեն:

Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ի պատասխան ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատունը կարող էր իր պաշտոնական էջում ցուցադրել Թուրքիայում ՌԴ սպանված դեսպան Իվան Կառլովի և խփված ռուսական ռմբակոծիչի օդաչուների լուսանկարները՝ ռուսերեն գրությամբ՝ «Դուք որոշեցիք»: Բայց Անկարան դա չի անի կամ կանի, երբ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարի, որ Իդլիբի թուրքական դիտակետերը իր պաշտպանության տակ են, իսկ դա կնշանակի, որ Թրամփը վերադառնում է Սիրիա՝ հեռանալու, կիսահեռանալու բազմակի հայտարարություններից հետո: Այն էլ նախագահական ընտրություններից 10 ամիս առաջ: Իսկ ՆԱՏՕ-ի միջամտությանը բացահայտորեն դեմ է լինելու Ֆրանսիան՝ Էմանուել Մակրոնը, փաստորեն, բոլորից լավ էր հաշվարկել Էրդողանի հետագա քայլերը: Ավելի ճիշտ՝ ասում էր ինչ տեսնում էին բոլորը, բայց չէին ուզում տեսնել: Անսպասելի՞ էր Էրդողանի շրջադարձը Պուտինի համար: Իհարկե՝ ոչ: Պուտինին ժամանակ էր պետք, որ Ասադի զորքերը մաքրեն երկրի տարածքը ու հասնեն վերջին նահանգին: Էրդողանին պետք էր Պուտինի համաձայնությունը իր կասկածելի ռազմական գործողություններին, ու՝ ստացավ: Այլևս միմյանց օգտագործելու տարբերակ չի մնացել: Գուցե նաև իմաստ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ