Դեսպոտների դուելը

Դեսպոտների դուելը
18.02.2020 | 11:10

Իդլիբում Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը գնում են առճակատման: Թուրքիան ընդլայնում է իր ռազմական ներկայությունը սիրիական նահանգում: Օգնություն կկանչի՞ Անկարան ՆԱՏՕ-ին՝՝ գրում է Der Spiegel-ը: Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայում լեզվակռիվը սկսել են վաղուց: Իդլիբում բռնության սրման համար պատասխանատու է միայն Անկարան՝ հայտարարեց վերջերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Էրդողանը բացահայտ պատերազմով սպառնաց Վլադիմիր Պուտինին. ՙՄենք ասել ենք Ռուսաստանին, որ եթե դուք չդադարեցնեք ռմբակոծությունները, մենք կանենք ինչ անհրաժեշտ ենք համարում՚: Չի՞ դառնա Իդլիբը թուրքական ու ռուսական բանակների դիմակայության վայր: Փաստացի՝ վերջին տարիներին Պուտինն ու Էրդողանը հատուկ տղամարդկային բարեկամություն ունեին: 2016-ի հուլիսին հեղաշրջման ձախողված փորձից հետո 2 նախագահները իրար հետ 70 անգամ խոսել են, ոչ մի այլ պետության ղեկավարի հետ Էրդողանն ավելի սերտ կապեր չունի: Անկարան, չնայած ԱՄՆ-ի բողոքներին, գնեց ռուսական ՀՕՊ С-400 համակարգերը: Ռուսաստանը Թուրքիայում ատոմակայան է կառուցում: Բայց որքան էլ ակտիվ Էրդողանն ու Պուտինը ցույց են տալիս իրենց թվացյալ ընկերությունը, արտաքին քաղաքական շատ հարցերում նրանք խիստ տարբեր հայացքներ ունեն: Երկու ավտոկրատներն էլ տարբեր տեսակետներ ունեն Լիբիայի, Կիպրոսի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ: Բայց ամենավտանգավորը նրանց մրցակցությունն է Սիրիայում:


2015-ին, երբ Թուրքիան խփեց ռուսական ռմբակոծիչը Սիրիայում, երկրները արդեն պատերազմի եզրին էին, իրավիճակը լիցքաթափվեց, երբ Էրդողանը ներեղություն խնդրեց: Այդ ժամանակից երկու պետությունները համակարգում են իրենց քաղաքականությունը Սիրիայում: Թուրքիան նվազեցրեց իր աջակցությունը Ասադի դեմ գործող ապստամբներին: Պուտինն Էրդողանին գործողությունների ազատություն տվեց Սիրիայի հյուսիս-արևելքում, բայց հիմա դիմակայությունը նորից է սրվել: Ասադի վարչակարգի և Ռուսաստանի հարձակումը Իդլիբում Թուրքիային ճնշման տակ է դնում: ՄԱԿ-ի տվյալներով՝ Թուրքիայի հետ սահմանին կես միլիոն սիրիացի փախստականներ կան, Էրդողանը խոսում է մեկ միլիոնի մասին: Թուրքիան արդեն ընդունել է 3,5 միլիոն սիրիացու և զգուշանում է ևս մեկ միգրացիոն ճգնաժամից: Սիրիայի բանակը շրջապատել է Իդլիբում թուրքական բանակի մի քանի դիտակետերը: Էրդողանն Ասադին ուլտիմատում է տվել՝ եթե մինչև փետրվարի վերջ սիրիական բանակը չհեռանա Թուրքիայի դիտակետերից, Անկարան կսկսի գործել: Կառավարությունում Էրդողանի կոալիցիոն գործընկեր, ուլտրաաջ Դևլեթ Բահչելին արդեն պահանջել է Դամասկոսի վրա հարձակման ու ՙբռնապետի լիկվիդացիայի՚ ծրագիր մշակել: ՙԴեռ տպավորություն է ստեղծվում, որ Էրդողանն ուզում է առաջին հերթին սպառնալից դիրք գրավել, որ բանակցություններում լավագույն արդյունքների հասնի՚՝ գրել է Բուրհանետին Դյուրանը՝ կառավարամերձ Seta վերլուծական կենտրոնի տնօրենը Daily Sabah-ում՝ հավելելով, որ Թուրքիան ցանկանում է Իդլիբում բուֆերային գոտի ստեղծել, ինչպես արեց Սիրիայի հյուսիս-արևելքում: Ռուսաստանը վերահսկում է օդային տարածքն Իդլիբի վրա: Էրդողանը հավանաբար իրեն հաշիվ տալիս է, որ առանց Պուտինի համաձայնության Սիրիայում գործունակ է միայն սահմանափակ չափով: Այնուամենայնիվ, ռիսկ կա, որ ռազմական ներկայության մեծացման և ռազմաշունչ հռետորաբանության պատճառով իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ: Այդ դեպքում Թուրքիան, կարծես թե Արևմուտքի օգնության հույս ունի: Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիր Ջեյմս Ջեֆրին անցած շաբաթ Անկարայում էր: ՙՄեր դաշնակից Թուրքիան վտանգի մեջ է: Եվ վտանգը բխում է Ռուսաստանից ու Ասադի վարչակարգից՚՝ հայտարարել է նա: ՙԻ՞նչ կլինի, եթե Թուրքիայի ու Ռուսաստանի կոնֆլիկտը շարունակի լարվել: ՆԱՏՕ-ն Թուրքիային կաջակցի՞՚՝ հարցրել է մի թուրք լրագրող: Հավանաբար շուտով այդ հարցին պատասխան կտրվի:
Մաքսիմիլիան Պոպ, Աննա-սոֆի Շնայդեր, Der Spiegel


Հ.Գ. ՆԱՏՕ-ն մտադիր չէ ռազմական աջակցություն ցուցաբերել Անկարային Սիրիայի հյուսիսում գործողության դեպքում՝ ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելում դաշինքի երկրներից մեկի առաքելության դիվանագիտական աղբյուրը: «ՆԱՏՕ-ի երկրները չեն պաշտպանի Հինգերորդ հոդվածի ակտիվացումը փետրվարի սկզբին Իդլիբում թուրք զինվորականների զոհվելու պատճառով,-ընդգծել է նա:- ՆԱՏՕ-ն չի քննարկում Թուրքիային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը այդ տարածաշրջանում գործողություն սկսելու դեպքում»: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան շարունակում են բանակցությունները՝ Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակը կարգավորելու համար: «Մենք չպետք է թույլ տանք, որ սիրիական խնդիրը վնասի մեր համագործակցությանը և ազդի մեր հարաբերությունների վրա», - ասել է նախարարը: Չավուշօղլուն նշել է, որ կողմերը վերջնական որոշումը կկայացնեն Իդլիբի վերաբերյալ՝ փետրվարի 17-ին Մոսկվայում երկու երկրների պատվիրակությունների հանդիպումից հետո: Հանդիպման մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Kremlin.ru-ն տեղեկացրել է, որ երեկ ՌԴ նախագահը ԱԽ անդամների հետ խորհրդակցել է Սիրիայի Իդլիբ նահանգում լարված իրավիճակի շուրջ, որ հարուցել է ահաբեկչական խմբավորումների ակտիվացումը: Թարգմանաբար՝ դա կարող է նշանակել, որ Մոսկվան հավելյալ զինուժ ու զինտեխնիկա է մտցնելու Իդլիբ՝ ահաբեկիչների դեմ արդյունավետ պայքարի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ