Ինչ մակարդակի վրա են հայ-գերմանական հարաբերությունները

Ինչ մակարդակի վրա են հայ-գերմանական հարաբերությունները
19.02.2020 | 12:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-15-ն աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էր: Պատմաբան, «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի ղեկավար ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշում է, որ Գերմանիան Հայաստանում եվրոպական ամենախոշոր ներդրող պետությունն է. «Եվրոպայի միության երկրներից ամենամեծ ներդրումը Հայաստանի տնտեսությունում եւ բարեգործական ծրագրերում իրականացնում է Գերմանիան։ Պետք է ասեմ, որ գերմանական բիզնես շրջանակների կողմից շատ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ։ Դա վերաբերում է ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտին, այլեւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաեւ մասնագետների՝ Գերմանիայում աշխատելուն։ Կարծում եմ՝ վարչապետի այցը մեծ հնարավորություն կընձեռի հայ-գերմանական տնտեսական կապերի ամրապնդման, տնտեսական հարաբերություններում նոր հնարավորությունների ստեղծման առումով։ Եթե մեզ հաջողվի գերմանական ներդրումներ բերել, ապա մեր տնտեսության մեջ մենք կունենանք ոչ միայն նոր տեխնոլոգիաներ, այլեւ՝ բազմաթիվ նոր աշխատատեղեր»։


Մյուս կարեւոր խնդիրը, որ առանձնացրեց Գեւորգ Մելքոնյանը, հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունն է։ «Տեխնիկան, որ մենք օգտագործում ենք հանքարդյունաբերության ոլորտում, հիմնականում խորհրդային շրջանից է, եւ այս առումով շատ կարեւոր է, որ մեր մասնագետները վերապատրաստվեն Գերմանիայում, հանքարդյունաբերության մեջ մենք ունենանք գերմանական տեխնիկայի կիրառություն։ Հաջորդ կարեւոր ուղղությունը, որ կարող ենք զարգացնել համագործակցության շրջանակներում, կրթության բնագավառն է։ Մեր երիտասարդները հնարավորություն ունեն Գերմանիայում կրթություն ստանալու, ընդ որում՝ անվճար։ Բայց միաժամանակ շատ կարեւոր է այն, որ մենք հնարվություն կունենանք կրթության բնագավառի մեր մասնագետներին, այդ թվում՝ դասախոսներին ուղարկել այդ երկիր վերապատրաստման։ Ցավոք, դասախոսների, գիտնականների վերապատրաստման հնարավորությունն այս պահին առայժմ ցանկալի մակարդակով չի օգտագործվում։ Ինչ վերաբերում է քաղաքականության ասպեկին, ապա բոլորս շատ լավ գիտենք, որ Գերմանիան Եվրոպայում մեծ ազդեցություն ունեցող պետություն է։ Նաեւ հայ-թուրքական հարաբերությունների, Արցախյան խնդրի կարգավորման ասպեկտում գերմանական կողմի աջակցությունը մեզ հնարավորություն կտա այդ խնդիրներն ավելի արագ կարգավորել»,- ասաց մեր զրուցակիցը։
Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն անդրադառնալով՝ պատմաբանը նշում է, որ հաշվի առնելով Հայաստանում եւ Ադրբեջանում հասարակությունների տրամադրությունները՝ որեւէ լուրջ ակնկալիք այդ հանդիպումից ունենալ չենք կարող։ Ըստ նրա՝ եւ՛ մեր, եւ՛ ադրբեջանական հասարակությում շատ հեռու են խաղաղության համար քայլեր անելուց։ Եվ երկու երկրների ղեկավարների հանդիպումը պարզապես հերթական մի հանդիպում էր, որոնք ավելի շատ միմյանց տեսակետներին ավեի լավ ծանոթանալու միտում ունեն, քան կոնկրետ քայլերի գնալու։


Ադրբեջանում ձեւավորված նոր խորհրդարանն իր քաղաքական պատկերով որեւէ կերպ կանդրադառնա՞ Արցախյան հարցի կարգավորման գործընթացին։ Գեւորգ Մելքոնյանը նշում է, որ այն թեկնածուները, որոն տեղ գրավեցին Ադրբեջանի խորհրդարանում, Արցախյան խնդրի կարգավորման հարցում ունեն շատ արմատական մոտեցումներ։ «Նրանցից ես չեմ ակնկալում փոխզիջումային տարբերակների քննարկումներ կամ պատրաստակամություն։ Ադրբեջանի նոր խորհրդարանը Արցախի հարցում իր դիրքորոշմամբ չի տարբերվելու նախորդ խորհրդարանից, բացառությամբ նրա, որ ընտրություններում Ադրբեջանը կարողացավ Արցախի ադրբեջանական համայնքը բավականին լավ քարոզել։ Նույնիսկ պատգամավոր ունեն այդ համայնքից, որի հետ հանդիպում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները»։


Լիլիթ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4658

Մեկնաբանություններ