С-400-ները պետք չեն՝ նույնիսկ ձրի

С-400-ները պետք չեն՝ նույնիսկ ձրի
20.02.2020 | 12:46

Հենց զենիթահրթիռային С-400 համակարգերը հայտնվեցին զենքի միջազգային շուկայում, անմիջապես դարձան ֆավորիտ շատ երկրներում, և սկսվեց հապշտապ գնումը: Պատճառը՝ С-400-ը «գնի ու որակի հիանալի համադրում է»: Համակարգն ունի ապշեցուցիչ ամենագնացություն, իսկ աշխատելու համար պետք է 20 րոպե: ԱՄՆ-ի «Պետրիոտները» այս հարցում չեն կարող նույնիսկ համեմատվել: С-400-ի հայտնաբերման հեռահարությունը 600 կիլոմետր է, համակարգը կարող է հարվածել ցանկացած օդային թիրախ, որ թռչում է բարձր արագությամբ, 400 կիլոմետր շրջագծով: Հենց այդ պատճառով Թուրքիան չվախեցավ ԱՄՆ-ին նեղացնել С-400-ների գնումով: Բայց ի տարբերություն Թուրքիայի, որ կարողացավ իրեն թույլ տալ С-400-ներ գնել ու հարուցել ԱՄՆ-ի դժգոհությունը, Բելառուսը չի ցանկանում համակարգը ընդունել՝ նույնիսկ ձրի: 2019-ի տարեվերջին ՌԴ-ն հայտարարեց Բելառուսին С-400-ներ տրամադրելու մտադրության մասին՝ ԱՊՀ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման շրջանակներում: Ստացվում է, որ Բելառուսում կարող էին անվճար տեղակայվել ռուսական զենիթահրթիռային համակարգերը, սակայն Մինսկը հրապարակավ հրաժարվեց: Պատճառն ԱՄՆ նախազգուշացումն էր տնտեսական նոր պատժամիջոցների սահմանման մասին, եթե Բելառուսի տարածքում С-400-ներ տեղակայվեն: Այդ պատճառով Մինսկը ոչ միայն հրաժարվեց համակարգերից, այլև հրապարակավ հրավիրեց ամերիկյան կողմին բարձրամակարդակ այցով՝ ցանկություն հայտնելով բարելավել և ամրապնդել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Բելառուսը Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն է տասնամյակներ շարունակ և պետք է ընտրություն կատարի հօգուտ Ռուսաստանի, փոխարենը վճռել է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ-ը հայտարարում է Բելառուսին էներգառեսուրսներով 100%-ով ապահովելու պատրաստակամություն՝ մրցակցային գներով: Բելառուսը խնդրում էր Ռուսաստաին իրեն նավթ վաճառել շուկայականից ցածր գներով, բայց Մոսկվան մերժեց: Դժգոհ, որ Մոսկվան նավթի գնի հարցում զիջումների չի գնում, Մինսկը ցանկանում է հարևանի վրա ճնշում գործադրել՝ ամրապնդելով ԱՄՆ-ի հետ համագործակցությունը: Վերլուծաբանների կարծիքով՝ Բելառուսը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ և ակնհայտորեն Ռուսաստանը չի ուզում հաշտվել այդ իրողության հետ: Բելառուս-ԱՄՆ համագործակցությունից դժգոհ՝ Ռուսաստանը խզել է էժան նավթի մատակարարման էքսկլյուզիվ զեղչային համաձայնագիրը: Բելառուսի կարիքների բավարարման համար բելառուսական շուկա մատակարարվող նավթը ևս կարող էր վաճառվել երկրից դուրս տարադրամով: Մոսկվան գտնում էր, որ Բելառուսը բացահայտ օգտվում է իրավիճակից՝ իր շահերի համար, բայց չէր դադարեցնում մատակարարումները բարեկամական հարաբերությունները պահպանելու նպատակով: Բելառուս-ԱՄՆ համագործակցության ամրապնդումից հետո Մոսկվան այլևս չի ցանկանում հանդուրժել Բելառուսի՝ երկու աթոռին միաժամանակ նստելու ձգտումը և խզել է էժան նավթի մատակարարման համաձայնագիրը:


Բելառուսը հայտարարում է, որ այլևս «էքսկլյուզիվ պայմանների» կարիք չունի և կարող է նավթ գնել միջազգային շուկայի գներով: Չնայած Բելառուսի «ողորմություններով» այլևս չկերակրվելու բացահայտ ցանկությանը, այս քայլը ուժեղ ազդեցություն է ունենալու էկոնոմիկայի վրա: Այս իրավիճակում ոչինչ անել հնարավոր չէ, որովհետև նախաձեռնությունը Մոսկվայի ձեռքում է: ԱՄՆ-ը շտապեց օգտվել իրավիճակից ու Մինսկին ձիթենու ճյուղ պարզեց՝ խոսելով բոլոր էներգակիրների մատակարարման հնարավորության մասին զեղչ գնով և հրավիրելով Բելառուսին արևմտյան ճամբարին միանալու ու ՆԱՏՕ-ի հովանավորությանը դիմելու: Փորձագետներն ու վերլուծաբանները գտնում են, որ Ռուսաստանը բավականաչափ մեծահոգություն է դրսևորել՝ շուկայականից ցածր գնով Բելառուսին ոչ քիչ նավթ վաճառելով, Մինսկը նույնիսկ շահում է՝ արտասահման վաճառքից շահույթ ստանալով: Եվ այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում՝ Ռուսաստանն ու Բելառուսը չեն կարող խզել երկկողմ համագործակցությունը առևտրի, տնտեսության և անվտանգության ոլորտներում: ԱՄՆ-ը պարզապես ցանկանում է օգտագործել Բելառուսին, և Մինսկը դա հիանալի հասկանում է:
Չժան Դյանչեն, Sohu (Չինաստան)


Հ.Գ. Չինաստանում, իհարկե, աշխարհաքաղաքական նկատառումներով չեն ցանկանում տեսնել, որ իրականում Մինսկն է փորձում ԱՄՆ խաղաքարտը խաղարկելով՝ Մոսկվայից զեղչեր պոկել, բայց հարցը այլևս ֆինանսական չէ, և Պուտինը քաղաքական պահանջների բավարարում է ակնկալում: Ու՝ չի ստանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ