ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ժողովում, որտեղ ուշադրություն է հրավիրել Արցախում մարտին անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վրա։
«Մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը քվեարկելու է նախագահական և խորհրդարանական ընտրություններում՝ իրենց կյանքը դեմոկրատական ձևով կազմակերպելու լեգիտիմ իրավունքն իրացնելու համար»,- ասել է նախարարը։ Նա հիշեցրել է, որ Արցախի բնակչությունը անցել է պատերազմի, շրջափակման միջով, և հիմա էլ շարունակում է մնալ պատերազմի սպառնալիքի տակ ու այս պայմաններում արժանի է ընտրությունների հարցում միջազգային աջակցության։ Նախարարը հայտարարել է, որ մարդու իրավունքները և ազատությունները պետք է հարգվեն՝ անկախ բնակության պետության կամ տարածքի միջազգային ստատուսից, քաղաքական և իրավազորության այլ հարցերից։