Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն
27.02.2020 | 14:27

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է համազգային հանգանակություն ի նպաստ Մայր Տաճարի հիմնանորոգության և բարեզարդության: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հրատապ ամրակայման և հիմնանորոգության աշխատանքները սկսվել են 2017-ին` զերծ պահելու համայն հայության նվիրական սրբավայրը հնարավոր փլուզման վտանգից: Մայր Տաճարի վերջին ամրակայումը կատարվել է 1950-60-ական թվականներին և մասնակի բնույթ է կրել: Միածնաէջ Տաճարի պահպանման և ամրացման առումով սա վերջին հարյուրամյակներում կատարվող մեծագույն հիմնանորոգությունն է, որը պահանջում է նաև աշխարհի բոլոր ծագերում բնակվող մեր ժողովրդի զավակների անմիջական մասնակցությունը։


Այս կապակցությամբ 2019 թ․ հունիսի 23-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբատառ կոնդակով համայն հայությանն ուղղել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Եկե՛ք կառուցենք լույսի Սուրբ Խորանը» կոչը։
Մայր Տաճարի նորոգության համար նվիրաբերվող օգնությունները համակարգելու նպատակով ստեղծվել են հոգաբարձուների պատվո հանձնախումբ և գործադիր մարմին: Հաստատվել է նաև աշխատանքային խումբ` ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արք․ Տերտերյանի գլխավորությամբ: Սփյուռքի տարբեր թեմերում և համայնքներում ձևավորվել են տեղական հանձնախմբեր:
Այսօր հայության Սրբություն սրբոցը՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, կարիք ունի իր յուրաքանչյուր զավակի օժանդակության, որպեսզի շարունակի իր հավիտենական առաքելությունը մեր ժողովրդի կյանքում։


Սրտաբուխ նվիրատվությունները կարելի է փոխանցել և տաճարի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալ www.cathedral.am կայքէջի միջոցով։
Երանի նրան, ով հիշատակ ունի Սուրբ Էջմիածնում:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ