Ինչ անել, և ով է մեղավոր
03.03.2020 | 00:52
Ռուսական փիլիսոփայության գերագույն հարցն այսօր ոչ միայն հայերիս առջև է ողջ հասակով մեկ հառնել, այլև համայն աշխարհի: Իրականում մեր բնորոշումն ավելի տարողունակ է` մի տնից չենք, մի հալի ենք:
Ավելորդ, եթե չասենք` մեղք է այլևս քննադատել իշխանության եկածներին, որովհետև նրանք ավելի շատ խղճահարություն են առաջացնում իրենց գործողություններով: Նայում ես` իրականում երիտասարդ երեխաներ են, որ հագել են հայտնի «ոգին», և եթե անգամ կրկնես տիեզերական մեծագույն խոսքը` «նրանք չգիտեն, թե ինչ են անում», ոչնչով օգնած չես լինի, որովհետև նույն «ոգին» նրանց թույլ չի տալու ոչ միայն զգալ իրենց իրական վիճակը, այլև նոր անկարողություն պարտադրելու:
Այն, ինչ կատարվեց այս երկու օրը Հայաստանում` իշխանական ղեկավարման «պալիտրայում», ուղղակի աբսուրդի, եթե չասենք` տրագիկոմեդիայի ժանրում էր, բայց քանի որ վտանգը` երկրին, ժողովրդին սպասվող, այնքան լուրջ է, որ ժպտալու ցանկություն հաստատապես ոչ ոք չունի. կայացվում են իրադրային, մասամբ խելագարության կանխավարկածին մոտ որոշումներ։ Ինչպես ամենուր` չկա ծրագիր, տեսլական, իսկ դուռը թակում են ուղղակի համաշխարհային լայնամասշտաբ աղետներ։
ա) Առաջինը, իհարկե, կորոնավիրուսի Հայաստան «ժամանումն» էր, ինչն ակնհայտորեն խառնեց մենիշխանի բոլոր ծրագրերը, որովհետև, բացի իրական վտանգ լինելուց, այն առաջին վտանգ ու «թշնամի» դարձավ նրա իդեա-ֆիքսերի համար, ինչի դեմ պայքարել անկարող է, էլ չենք ասում, որ համաճարակի դեմ հանդիման մնացած ժողովուրդը նրա երեսին է նայում` խոր սպասումներով (փրկիչ է, չէ՞)։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ կորոնավիրուսի «շուրջ», հեկեկալու է ուղղակի. փաստի կեսգիշերային հրովարտակում… այո, լոկ մարտի մեկի երթը «խիստ պատճառաբանված» չեղարկելու համար, որովհետև նախորդ երեկոյան հանրաքվեի բուկլետը բաժանող, սելֆի անող մենիշխանը էներգետիկ ձևով հասկացել էր` երթին մասնակցող չի լինելու, ինքն այլևս «պողոսի» համար «Աստված» չէ, ու կորոնավիրուսը «հաճելիացվեց» օգտակարի հետ, որպես իրավիճակային փրկօղակ:
Չենք անդրադառնալու առավոտյան ասուլիսով հանդես եկած` գարդասիլագետ առողջապահության նախարարի «կայծակումներին», որովհետև այդքան անհեթեթություն մեկ տեղում շատ ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսն ինքնին:
Կեսօրին վարչապետը չգիտես ինչու, շրջեց դեղատներում, ուր դիմակներ անգամ չկան ու չեն էլ լինելու, իսկ երեկոյան գնաց Ծաղկաձոր` ինքն իրենից փրկվելու, «քոհնա քեֆչու պախոդկայով», անունը դնելով Ծաղկաձորն ու «կորոնավիրուսը փրկելու «մեգա-ծրագիր», որովհետև, հասկանում եք, որոշում էին կայացրել` Ծաղկաձորը Չեռնոբիլի վերածելու, հիմա երկրորդ որոշմամբ փրկում են «Չեռնոբիլը»։ Այդ ամենը` դեռ ոչինչ, գիշերին մոտ, պազվեց, կորնավիրուսով հիվանդը այնքան էլ հիվանդ չէ, և, ով ավետի՜ս, Հայաստանում կորոնավիրուրս չկա:
Ե՞վ: Ոչինչ. ժողովուրդը, ինչպես կկարողանա, կկազմակերպվի, պետք չէ որևէ հույս դնել գործի կազմակերպիչների վրա. նրանք այլևս չկան:
բ) Իդլիբ: Զարգացումներն այնտեղ նոր թափ են հավաքում. Թուրքիան հասկանում է, որ եթե հիմա չօգտվի առիթից, չստանա ԱՄՆ-ից Սիրիայի տարածքում խորանալու օժանդակությունը, Ռուսաստանն «անկյուն» քշելու պահը չօգտագործի, պանթուրքիստական իր իդեա-ֆիքսը դարձյալ տևական հետաձգման է դատապարտված: ՈՒ շանտաժ է անում բոլորին` ԱՄՆ-ին, Ռուսաստանին, ԵՄ-ին` վերջինիս վրա «բաց թողնելով» փախստականներին: Ինչ կլինի՞: Անչափ դժվար է ասել, որովհետև այս խաղում, ինչպես ասել ենք, գունավոր ու հիբրիդային հեղափոխությունների «մատռվակ» ԱՄՆ-ը նոր բաղադրիչ է մտցրել խաղի մեջ` կորոնավիրուս: Այն նոր քարտեզ է «գծում»:
գ) Արցախ: Պանթուրքիզմի ու Խալիֆաթի ստեղծման ճամփին ուղեփակոցի գերանի նման ընկած է Արցախը, և կռիվը նրա համար ածանցվելու է մեծ կռվի արդյունքներից:
Այո, Արցախը դարձել է մեր միջնաբերդը, տվեցինք այն, կորցնելու ենք Հայաստանն էլ: Այս ամենում միակ հետաքրքիրը Միքայել Մինասյանի հորդորն էր` արցախյան ընտրություններում կանգնել հող հետ բերած, Արցախի համար (ՊՊԾ-ի օրերն էլ չմոռանանք) առանցքային դերակատարություն ունեցած թեկնածուի կողքին: Հայաստանցիներիս դեպքում` հոգեպես: Ընդդեմ Արցախի թավշացման, այնտեղ սողացող ձևով կազմակերպվող ցնցումների ու ապակայունացման:
Արցախում «Մովսես» ոտնատեղ ունենք։
Հաջողելու ենք անպայման:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ