Ռուսաստանն ինքնամեկուսանում է՝ հույս ունենալով խուսափել կորոնավիրուսի համաճարակից

Ռուսաստանն ինքնամեկուսանում է՝ հույս ունենալով խուսափել կորոնավիրուսի համաճարակից
18.03.2020 | 07:56

Ռուսաստանը փակել է սահմանները հարևանների մեծ մասի հետ, և բավականաչափ վաղ է ձեռնարկել կոշտ միջոցներ երկրների նկատմամբ, որտեղ կորոնավիրուսը տարածված է, մարտի կեսին արդեն հիվանդացածության շատ քիչ դեպքեր են գրանցվել, թեպետ կասկածներ են ծագում տեստերի ու նոր դեպքերի բացահայտման հուսալիության առնչությամբ՝ գրում է Օլիվիե Թալեսը La Croix-ում: Եթե հավատանք պաշտոնական տվյալներին, մինչև հիմա համաճարակը խնայել է Ռուսաստանին: Մարտի 16-ին գրանցվել է ընդամենը 93 դեպք, որից 2/3-ը Մոսկվայում: Վարակվածները վերադարձել են Ասիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, և բոլորը ողջ են: Վարակվածների փոքր թիվը իշխանությունները բացատրում են Չինաստանի հետ 4200 կիլոմետր սահմանների աստիճանական փակման որոշումով, որ ընդունվեց փետրվարի 20-ին: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ իրավիճակը չզարգանա ինչպես մյուս երկրներում,-հայտարարեց վարչապետ Միխայիլ Միշուստինը:-Ներկա բոլոր սահմանափակումները մենք գիտակցաբար ենք սահմանել, որ խուսափենք ավելի կոշտ միջոցներից ապագայում»: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տարեցներին, որ ավելի խոցելի են, կոչ արեց «առանց անհրաժեշտության տնից դուրս չգալ»: Ընկերությունների մեծ մասը աշխատում է՝ ինչպես առաջ: Ռուսաստանում, ինչպես մյուս երկրներում, բնակիչները տատանվում են անհանգստության ու անտարբերության միջև: Նյարդայնացնում է, որ ոչ մի տեղ հնարավոր չէ դիմակ գտնել: Շատ ռուսաստանցիներ կասկածում են համաճարակի իրական վիճակի ու տեստավորման տվյալները երկրում, որտեղ ավելի շատ մասնավոր կլինիկաներ են դիմում, քան պետական բժշկության ծառայություններին: Մի շարք վկայություններով՝ Մոսկվայի բնակիչները, որ կարանտինում են, ափսոսում են, որ չեն տեստավորվել, երբ հազ կամ տենդ են ունեցել: Ոմանք ասում են, որ բժիշկները հրաժարվում են տուն գալ, սակայն իշխանությունները հաստատում են, որ համաճարակի սկզբից արդեն 104000 տեստավորում են արել:
Օլիվիե Թալես, La Croix


Հ.Գ. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսել է մի քանի երկրների վարչապետերի հետ՝ տեղեկացնելով մարտի 18-ի կեսգիշերից արտասահմանյան քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստան սահմանափակելու որոշման մասին: Նա հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի վարչապետերի հետ և նախազգուշացրել, որ պետության անվտանգությունն ապահովելու, հանրային առողջությունը պաշտպանելու և կորոնավիրուսով վարակը չտարածելու նատակով ՌԴ կառավարությունը որոշել է 2020-ի մարտի 18-ից մայիսի 1-ը սահմանափակել մուտքը ՌԴ՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար: Բացի այդ՝ Ռուսաստանը չի չեղարկել ապրիլի 22-ի սահմանադրական հանրաքվեն, որի համապատասխանությունը Սահմանադրությանը վկայել է ՌԴ ՍԴ-ն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ