ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Ռուսաստանում վարակակիրների թիվը հասել է 495-ի

Ռուսաստանում վարակակիրների թիվը հասել է 495-ի
25.03.2020 | 17:14

Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 495-ի, 93 000 մարդ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Վարակի տարածման էպիկենտրոնը Մոսկվան է, մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 28 մոսկվացիների մոտ: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է գրեթե 300-ի: Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու դինամիկան բավականին բարձր է:

«Այս պահին կարող է վարակվել մինչև 500 մարդ», - ասել է նա` հավելելով, թե Մոսկվայում տարեցների նկատմամբ սահմանված տանը մնալու պահանջը պետք է տարածել կորոնավիրուսով հիվանդության բարձր դինամիկայով այլ տարածաշրջանների վրա, քանի որ շրջաններում վարակվածների թվի իրական պատկերը ոչ ոք չգիտի: «Սա լուրջ պատմություն է», - ասել է Սոբյանինը առողջապահության հարցերով խորհրդակցության ժամանակ: Նրա խոսքով` մայրաքաղաքում վարակակիրներից 8-ը միջին ծանրության են, ևս 2 հիվանդ ծանր վիճակում է: Այսօր լրատվամիջոցները նաև տեղեկություն էին տարածել, որ Կոմունարկա շրջանի ինֆեկցիոն հատուկ հիվանդանոցում կորոնավիրուսից 69-ամյա կին է մահացել, սակայն Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը հերքել էր այդ տեղեկությունը` ասելով, թե կինը մահացել է այլ հիվանդությունից, իսկ այդ հիվանդանոցում էր, քանի որ շփվել էր արտասահմանից նոր վերադարձած դստեր հետ: Սա նման երկրորդ դեպքն է Մոսկվայում, երբ լրատվամիջոցները տեղեկություն են տարածում կորոնավիրուսի պատճառով արձանագրված մահվան դեպքի մասին, իսկ իշխանությունները հերքում են: Ռուսաստանում արտակարգ դրություն չի հայտարարվել, պաշտոնապես չի չեղարկվել կամ հետաձգվել ապրիլի 22-ի սահմանադրական հանրաքվեն: Երեկ Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան Առաջին հեռուստաընկերության մեկնաբան Վլադիմիր Պոզների հարցերին պատասխանելիս հավաստիացրել էր, թե երկիրը կորոնավիրուսի տվյալները չի թաքցնում, մյուս երկրների համեմատ համեստ տվյալները «լավ և ժամանակին կազմակերպված» կանխարգելիչ աշխատանքների արդյունքն են:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ