Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սենատը և Սպիտակ տունը համաձայնության եկան 2 տրիլիոն դոլար հակաճգնաժամային փաթեթի շուրջ

Սենատը և Սպիտակ տունը համաձայնության եկան 2 տրիլիոն դոլար հակաճգնաժամային փաթեթի շուրջ
25.03.2020 | 21:53

Նոր «Մարշալի պլան» են բնութագրում օրենսդիրները Սպիտակ տան հետ պայմանավորվածությունները, որոնք թույլ կտան առաջիկա ամիսներին երկու տրիլիոն դոլար ծախսել` ամերիկյան տնտեսության վրա կորոնավիրուսի համաճարակի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով: Սենատորները և Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչները հակաճգնաժամային փաթեթի շուրջ փոխադարձ համաձայնության եկան քննարկումներից հետո, որոնք ավարտվեցին, երբ Վաշինգտոնում արդեն գիշերվա ժամը երկուսն էր:


«Հինգ օր շարունակված լարված բանակցություններից, անքուն գիշերներից, իսկական բանակցային մարաթոնից հետո Սենատում ներկայացված երկու կուսակցություններն ի վերջո կարողացան տնտեսության փրկությանն ուղղված և ԱՄՆ պատմության մեջ երբևիցե արձանագրված խոշորագույն ծրագրի շուրջ փոխհամաձայնության գալ: Դա ոչ թե տոնակատարությունների առիթ է, այլ սուր անհրաժեշտություն: Նախևառաջ սա «Մարշալի ծրագիր» է մեր հիվանդանոցների և առողջապահական կարիքների համար», - անցած գիշեր դիմելով գործընկերներին` հայտարարել է Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը: Սենատում հանրապետականների ղեկավար Միթչ ՄըքՔոնելը ևս անցած գիշեր դժվարությամբ էր զսպում հուզմունքը. «Սա լավ լուր է հիվանդանոցներում աշխատող բժիշկների և բուժքույրերի համար, որոնք պաշտպանիչ դիմակների և ֆինանսավորման նոր չափաբաժնի են սպասում: Սա լավ լուր է Ամերիկայում բնակվող բազմաթիվ ընտանիքների համար: Մի քանի օր շարունակված քննարկումներից հետո մենք պատմական համաձայնության ենք հանգել, որը թույլ կտա հնարավորինս կարճ ժամանակահատվածում տրիլիոնավոր դոլարներ ներարկել տնտեսության մեջ, ուղղակի օգնություն ցուցաբերել ամերիկացի աշխատավորներին, ընտանիքներին, փոքր բիզնեսին և արդյունաբերության տարբեր ոլորտներին` օգնելով նրանց հաղթահարել ծագած դժվարությունները»:


Reuters-ի տեղեկություններով՝ 75 միլիարդ դոլար կուղղվի առողջապահական համակարգի կարիքները հոգալուն: Չի բացառվում, որ այդ գումարը աճի` հասնելով 100 միլիարդի: Դեմոկրատների համոզմամբ հիվանդանոցներին հատկացվելիք օգնության ծավալը հարկավոր է հասցնել 130 միլիարդի: Առաջիկա օրերին այս թեմայի շուրջ բանակցությունները կշարունակվեն: Կես տրիլիոն դոլար է ուղղվելու կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տուժած ոլորտներին: Մասնավորաբար՝ 60 միլիարդ կտրվի ավիաընկերություններին: 250 միլիարդ դոլար է ուղղվելու ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնք կորոնավիրուսի համաճարակի պատճառով տնտեսական ճգնաժամի հետևանքով գործազուրկ են դարձել: Կես տրիլիոն դոլար է նախատեսվում տարեկան մինչև 75 հազար դոլար եկամուտ ունեցող ամերիկյան ընտանիքներին` փորձելով մեղմել հարկադիր պարապուրդի ընթացքում կրած վնասները: 350 ևս միլիարդ դոլար է առանձնացվելու փոքր ձեռնարկություններին վարկեր տրամադրելու նպատակով:

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ