Գագիկ Ծառուկյան. Հայաստանում 200,000 ընտանիք օրավարձով է աշխատում, առաջարկում ենք նրանց տրամադրել ամսական 70,000 դրամ

Գագիկ Ծառուկյան. Հայաստանում 200,000 ընտանիք օրավարձով է աշխատում, առաջարկում ենք նրանց տրամադրել ամսական 70,000 դրամ
25.03.2020 | 22:06

Բոլորս էլ գիտենք, որ կորոնավիրուսը Հայաստանում չի եղել, եկել է դրսից, պետք էր այնպես անել, որ վիրուսը ներս չմտներ՝ԲՀԿ հատուկ նիստում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

«Ես դժգոհ եմ ցուցաբերված մոտեցումից: Դժգոհ եմ ինչի համար, որովհետև այսօր բոլոր սահմաններում, օդանավակայանում պետք է թեստեր լինեին, որ մարդկանց համապատասխան թեստերով ստուգեին, ով ուներ խնդիր՝ մուտքն արգելեին կամ մեկուսացնեին կամ ուղարկեին բուժվելու: Սա առաջնային խնդիրն է, և մինչև այսօր այդ քայլին ուշադրություն չի դարձվել՝ ո՛չ հիվանդանոցներում, որ օդանավակայանում ո՛չ սահմաններում»,- ասաց նա: Բացի այդ, ըստ Ծառուկյանի, այսօր Հայաստանում կա 200,000 ընտանիք, որոնց անդամներն օրավարձով են աշխատում՝ ստանալով 5000- 7000 դրամ: «Հիմա այդ մարդիկ չեն աշխատում, 200,000 ընտանիք չի աշխատում: Մենք առաջարկում ենք օրավարձով աշխատողին, թոշակառուին, նպաստառուին ամսական 70,000 դրամ գումար տրամադրել, որ մարդիկ կարողանան գոյատևել, ավելի վատ պրոցեսներ չառաջանան»,- նշեց նա: Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ բանկային համակարգում ոչ թե պետք է լինի վարկերի սառեցում այլ՝ ներում երեք ամսով: «1,650,000 վարկառու են, մարդը չի աշխատում, չգիտի ոնց սնվի ու էդ մարդուն ասում են՝ հիմա մի վճարի, երկու ամսից վճարի, բայց այդ տոկոսները մնում են: Եղբայր ջան, մենք հո չե՞նք ընկել մեր ժողովդրի հետևից այսօր, լիարժեք այդ խնդիրը պետք է լուծվի: Ասում են՝ անհատական կհանդիպենք 1,650,000 հոգու ինչպե՞ս անհատական կհանդիպեն»,- ասաց նա: Նրա խոսքով՝ այսօր շատերն ուզում են լավամարդ լինել, ցեխ շպրտել մյուսների վրա, այսօր դրա ժամանակը չէ:

«Մենք պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, կներկայացնենք մեր տեսակետը, մոտեցումը, խնդիրը, լուծումը: Այսօր չպետք է լինի իմը, քոնը, մյուսինը: Պետք է լինեն իրական և արդյունավետ առաջարկներ: Պատասխանատվությունը բոլորինս է, դրանից հետո մարդիկ պատասխան կտան իրենց արած-չարածների համար: Մեր ասածները վերցնում են կտոր-կտոր են ներկայացնում, մի մասը ներկայացնում են, մյուսը՝ ոչ, սակայն դրանով երկիր չես կառուցի: Ես տեսակետ եմ ասել, իմ տեսակետին տեր եմ մինչև վերջ, բայց ոչ թե կծկտուր, երկու տող այստեղից այնտեղից «ֆեյքերով» տարածեն»,- ընդգծեց նա: ԲՀԿ նախագահն ասաց, որ պետք է այս վիճակից դուրս գալ, լսել ում առաջարկն է լավը: Բացի այդ Ծառուկյանն ասաց, որ այսօր իրենց քննարկումից հետո առաջարկությունների արձանագրություն կկազմվի և կուղարկվի ԱԺ նախագահին և Կառավարությանը:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ