Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վրաստանի ուղղափառ եկեղեցին չի կատարում արտակարգ դրության պահանջները

Վրաստանի ուղղափառ եկեղեցին չի կատարում արտակարգ դրության պահանջները
26.03.2020 | 22:03

Վրաստանի ուղղափառ եկեղեցին համառորեն հրաժարվում է իրականացնել պահանջները, որոնք պարտադրում է արտակարգ դրության ռեժիմը:
Շաբաթ օրվանից փակ են բոլոր ռեստորանները, խոշոր առևտրային կենտրոնները, կրթական հաստատությունները, ժամանցի վայրերը, արգելվում են 10 հոգուց ավելի մարդկանց մասնակցությամբ հավաքները, բնակիչներին հանձնարարվել է փողոց դուրս գալ բացառապես խանութ կամ դեղատուն գնալու նպատակով:


Վրաստանի ուղղափառ եկեղեցին չի պատրաստվում մասնակցել կարանտինային միջոցառումներին՝ շարունակելով ծիսակատարությունները: Վրաց հոգևորականները հավաստիացնում են՝ Աստծո տանը հավատացյալները մտահոգվելու կարիք չունեն: Անցած կիրակի՝ արտակարգ ռեժիմի սահմանումից մեկ օր անց, Թբիլիսիի գլխավոր տաճարը սովորականի պես իր դռներն է բացել, և մարդկանց հոծ խմբի մասնակցությամբ կիրակնօրյա պատարագ է մատուցվել: Անգամ ոստիկանների տևական բացատրություններից հետո էլ եկեղեցականները շարունակել են պատարագը, իրավապահները տաճարը լքել են առանց կարգազանցների նկատմամբ որևէ քայլ ձեռնարկելու:
Առանցքային «գայթակղության քարը» եկեղեցում օգտագործվող ընդհանուր գդալներն են, որոնցով ծիսակատարության ժամանակ հավատացյալներին սուրբ հաղորդություն են բաժանում: Եկեղեցու ներկայացուցիչները, ի պատասխան համաճարակաբանների պնդումների, վստահեցնում են, որ սուրբ գինին և հացը չեն կարող մարդկանց հիվանդություն բերել: Բարձրաստիճան հոգևորականները բաց տեքստով հայտարարում են՝ պետությունը որևէ իրավունք չունի խառնվելու հոգևոր գործերին: Եպիսկոպոս Յակովը պնդել է, որ չեն պատրաստվում եկեղեցու դռները փակել հոգևոր հոտի առաջ: «Ինչպե՞ս մենք պետք է դադարեցնենք. մարդիկ գալիս են, մենք ոստիկա՞ն պետք է կանչենք: Ահա, եկել են, ինչպես եկել են, այնպես էլ գնացել են. նրանց գործը չէ: Եթե մարդիկ գալիս են աղոթելու, թող գան: Պետությունը չի կարող որևէ ձևով վերահսկել: Ես ինչպե՞ս կարող եմ Աստծո բերած մարդկանց ասել` գնացեք տուն», - ասել է նա:


Մեկ այլ հոգևորական՝ եպիսկոպոս Գրիգոլը, այլ տարբերակ է առաջարկում՝ անձամբ այցելել հոգևոր քույրերին և եղբայրներին` տներում սուրբ հաղորդություն մատուցել:
«Կապ հաստատեք մեզ հետ, ցուցակներ կազմեք, մենք կգանք ձեր տուն», - հայտարարել է նա: Վրաստանի եկեղեցու դիրքորոշումը իշխանությունները խուսափում են մեկնաբանել՝ բավարարվելով ընդհանուր հայտարարություններով: Կարգազանցների նկատմամբ հստակ քայլերի մասին Վրաստանի իշխանական վերնախավը լուռ է: «Մարդկանց հավաքները վտանգավոր են, ինչից պետք է խուսափենք բոլորս: Մենք պետք է հեռավորություն պահպանենք, որպեսզի վտանգի չենթարկենք մեզ և մյուսներին. կորոնավիրուսը հավասարաչափ սպառնալիք է բոլորի համար»,- ասել է առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Դմիտրի Խունդաձեն: Սակայն, ինչպես նկատել է ընդդիմադիր առաջնորդ Գեորգի Վաշաձեն, իշխանությունների, այդ թվում` վարչապետի կողմից հայտարարած 10 հոգու մասնակցությամբ հավաքների արգելքի մասին կետը տեղ չի գտել արտակարգ ռեժիմ սահմանելու մասին պաշտոնական փաստաթղթում: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 73-ի, մեկուսացված է 4 000 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ է գտնվում 252 հոգի, ևս 10-ն ապաքինվել են:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ