G20-ի սամիթը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով

G20-ի սամիթը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով
27.03.2020 | 11:30

G20-ի ղեկավարները մարտի 26-ին հավաքվել էին արտահերթ սամիթի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Սամիթների պատմության մեջ առաջին անգամ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Սամիթն անցել է լրագրողների համար փակ դռների հետևում: AFP-ը գրում է, որ դա եղել է հանդիպման պատասխանատու Սաուդյան Արաբիայի պահանջը: Սամիթի առանցքային թեման Covid-19 կորոնավիրուսի պանդեմիան է և հետևանքները համաշխարհային տնտեսության համար: «G20-ի ղեկավարները պետք է գլոբալ ու համակարգված պատասխան տան պանդեմիայի հումանիտար ու տնտեսական հետևանքներին»՝ այդ կոչն էր ուղղել սամիթի մասնակիցներին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը: G20-ի սամիթը միավորում է համաշխարհային ամենամեծ 20 տնտեսությունները, որոնց միասնական ՀՆԱ-ն համաշխարհային ՀՆԱ-ի 3/4-ն է, որոնց երկրներում ապրում է աշխարհի բնակչության 2/3-ը: 20 մշտական անդամներից բացի այս տարի սամիթին մասնակցելու են հրավիրվել Իսպանիան, Հորդանանը, Սինգապուրը, Շվեյցարիան, միջազգային կազմակերպությունների ղեկավարները: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածության թիվը հասել է 500000-ի, 21 000-ը մահացել է: Աշխարհում 3 միլիարդ մարդ մասնակի կամ լիակատար մեկուսացման մեջ է: Moody’s վարկանիշային գործակալության կանխատեսումով՝ պանդեմիայի պատճառով G20-ի ընդհանուր ՀՆԱ-ն նվազագույնը 0,5% կկրճատվի: Սամիթից առաջ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյսուսը G20-ին կոչ է արել աջակցել աղքատ ու զարգացող երկրներին, առաջին հերթին Աֆրիկայի: Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը կոչ են արել դադարեցնել աղքատ երկրների վարկերի վճարումները:
RFI


Հ.Գ. Այս տարի Սաուդյան Արաբիան է նախագահում G20-ում, անենամյա սամիթը նախատեսված էր նոյեմբերին, բայց պանդեմիան խառնեց բոլոր ծրագրերը: Առայժմ չկան հավելյալ մանրամասներ, հայտնի է, որ Չինաստանի նախագահ Սի Ձինպինը կորոնավիրուսի դեմ պայքարի չինական փորձն է ներկայացրել: G20-ի երկրները որոշել են կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքների պայքարի համար հատկացնել 5 տրիլիոն դոլար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2443

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ