Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դոնալդ Թրամփ. 100 000 արհեստական շնչառության սարք՝ առաջիկա 100 օրում

Դոնալդ Թրամփ. 100 000 արհեստական շնչառության սարք՝ առաջիկա 100 օրում
28.03.2020 | 22:36

«Թոքերի արհեստական շնչառության 100 000 սարքերի թողարկում 100 օրում». անցած գիշեր Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում՝ արդյունաբերության առջև նման խնդիր դրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` անկեղծորեն խոստովանելով, որ կորոնավիրուսով հիվանդ հազարավոր մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող այդ սարքավորումների արտադրության հարցում իր վարչակազմը մինչ օրս չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ ԱՄՆ-ում գործող խոշորագույն ընկերություններից մի քանիսի` նախևառաջ արտադրական հզորություններով օժտված General Motors-ի հետ: «Մենք պարզապես չենք կարողանում համաձայնության գալ General Motors-ի հետ: Մենք պետք է ներգրավենք այդ մարդկանց կորոնավիրուսի դեմ պայքարում, բայց ցավով պիտի արձանագրեմ, որ հենց սկզբից այդ ընկերությունների ներկայացուցիչները այնքան էլ ճիշտ հայտարարություններով հանդես չեկան, ինչը սխալ էր նախևառաջ մեր երկրի շահերի տեսանկյունից», - հայտարարել է Թրամփը:


Խոշոր բիզնեսի հետ այս հակասություններն էին պատճառը, որ ուրբաթ երեկոյան ԱՄՆ նախագահը կրկին ուժի մեջ դրեց դեռ 1950-ին` կորեական պատերազմի տարիներին ընդունված, «Պաշտպանական արտադրության մասին» օրենքը, որը հնարավորություն է տալիս դաշնային իշխանություններին թելադրել մասնավոր ընկերություններին, թե պետությանն անհրաժեշտ ինչ արտադրանք է հարկավոր թողարկել: Արդյունաբերական խոշոր ընկերություններին` թոքերի արհեստական շնչառության սարքերի արտադրության մեջ ներգրավելու նպատակով այս օրենքը գործարկելու կոչով Թրամփին էին դիմել նրա քաղաքական ընդդիմախոսները` մասնավորապես Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին: Այժմ, երբ ԱՄՆ-ը, այդ թվում՝ Թրամփի հայրենիք Նյու Յորքը դարձել են կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոններից մեկը, քաղաքական հակասությունները ակնհայտորեն երկրորդ պլան են մղվում:


Թրամփի երեկվա հայտարարություններից պարզ էր դառնում, որ ամերիկյան խոշոր բիզնեսը թոքերի արհեստական շնչառության սարքավորումների արտադրության հարցում պառակտված է: Ըստ ԱՄՆ նախագահի, այս սարքերի արտադրության ծավալների կտրուկ մեծացմանը General Motors-ից բացի դեմ է նաև բացառապես բժշկական սարքավորումների արտադրության վրա մասնագիտացած Ventec ընկերությունը: Ford-ը և General Electric-ը հակառակը, ըստ Թրամփի, «հայրենասիրական» մոտեցում են որդեգրել` խոստանալով ընդառաջել Սպիտակ տան խնդրանքին և ձեռնամուխ լինել արհեստական շնչառության սարքերի լայնածավալ արտադրությանը: Ամերիկյան խոշոր ընկերությունների վերապահումների գլխավոր պատճառը ոչ միայն բիզնես շահերն են, այլև վերջին շաբաթներին Սպիտակ տնից ստացվող հակասական ազդակները: Բառացիորեն երկու օր առաջ նախագահ Թրամփը Fox News-ին հարցազրույցում ասում էր, թե չի կարծում, որ ամերիկյան հիվանդանոցները 30 կամ 40 000 արհեստական շնչառության սարքերի կարիք զգան: Թրամփի այդ հայտարարությունը հնչեց այն նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը վարակակիրների թվով առաջ է անցել թե Չինաստանից և թե Իտալիայից: «Ես կարծում եմ, որ շատ մեծ է հավանականությունը, որ մենք նման մեծ քանակությամբ թոքերի արհեստական շնչառության սարքերի կարիք չենք ունենա: Կասեի անգամ, որ այդ հավանականությունը շատ մեծ է: Դրա հետ մեկտեղ մենք հայտնվել ենք բավական հետաքրքիր մի իրավիճակում: Մենք ի վիճակի ենք այդ 100 000 սարքերն արտադրել բավական կարճ ժամանակահատվածում և փոխանցել մեր բարեկամ պետություններին, որոնք նման սարքավորումների սուր կարիք ունեն: Եթե այդ սարքավորումները մեզ պետք չգան, մենք կարող ենք որպես օգնություն տրամադրել Իտալիային կամ Միացյալ Թագավորությանը», - ասել է Թրամփը:

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ