Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արցախում ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 63.8 տոկոսը

Արցախում ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 63.8 տոկոսը
31.03.2020 | 22:46

Արցախում այսօր նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: 281 ընտրատեղամասերում 103 հազար ընտրողներ իրացնելու են իրենց ընտրական իրավունքը: Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է 66.7 հազար ընտրող կամ ընտրողների 63.8 տոկոսը՝ հայտնում է Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Նախագահական ընտրությունների մասով անհայտ է` կկայանա երկրորդ փուլը, թե ընտրություններն այսօր կավարտվեն:


Քվեարկեց նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը: Հարցին, թե ինչպիսի՞ Արցախ է ցանկանում տեսնել, նա պատասխանեց. «Բարեկարգ, բարգավաճ, բարեկեցիկ: Սա արցախցիների բարձր քաղաքացիական գիտակցության աստիճանի հերթական հիմնավորումն է, և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր արցախցիներին, որոնք համբերատար արդեն այս երկար ժամանակ ոչ միայն մասնակցել են, հանդուրժել են մեզ, այլև այսօր արդեն մասնակցել են ակտիվ ընտրությանը»:


Քվեարկության եկած Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղղված հարցերի մեծ մասն էր, թե վտանգավոր չէ կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրություններ անցկացնել, երբ աշխարհի շատ երկրներում ընտրությունները, հանրաքվեները չեղարկվել են: «Բացառվում է, որ մենք դիմենք այնպիսի որոշումների և գործողությունների, որի հետևանքով կվտանգվի Արցախի Հանրապետության քաղաքացիների առողջությունը և նրանց անվտանգությունը: Մենք անց ենք կացրել բազմաթիվ քննարկումներ և եկել ենք այն տրամաբանական որոշմանը, որ ունենք բոլոր նախադրյալները Սահմանադրության պահանջների համապատասխան այս ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու»,- ասաց նա: Ապագայում իր գործունեության մասին նա ասաց. «Նպատակ ունեմ մնալու մեր Արցախում և իմ հնարավորությունների շրջանակներում օգտակար լինել մեր ժողովրդին և մեր հայրենիքին»: Հարցին, թե ինչ է զգում` տեսնելով, որ Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկուսարանում է, դատական նիստեր են ընթանում նրա գործով, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է ներգրավված այլ քրեական գործով, Բակո Սահակյանը պատասխանեց. «Մենք խոսում ենք առաջնորդների մասին, ովքեր ժամանակին ղեկավարել են ազգային ազատագրական պայքարը և սկզբնական շրջանում նաև կազմակերպել են այդ զինված դիմադրությունը: Հետագայում այդ նշված մարդիկ իրենց մասնակցությունն են բերել բանակաշինության գործին, հայրենիքի բարօրությանը, ապահովմանը: Պարզ է, որ չի կարող նրանց ներկայիս վիճակը չառաջացնի այդ ոչ հասարակ տրամադրությունները մեր ժողովրդի մոտ»:


Նախագահի աթոռի համար մրցում է 14 թեկնածու,ԱԺ 33 մանդատի համար` 12 քաղաքական ուժ:
Նախագահի մեկ այլ թեկնածու Մասիս Մայիլյանը քվեարկելուց հետո ասաց. «Ընտրել եմ նոր Արցախը` ավելի ապահով, ավելի անվտանգ, ավելի ժողովրդավարական, ավելի քաղաքակիրթ: Կարծում եմ, որ մարդիկ ուզում են, որ լինեն փոփոխություններ, որ ավելի շատ արդարություն լինի, որ իրավական դաշտում բոլորը լինեն հավասար, որ արտոնյալ մարդիկ չլինեն Արցախում, որ նաև հստակ տարանջատում լինի բիզնեսի և իշխանության միջև: Ընդհանրաես մարդիկ ուզում են, որ նոր Արցախը լինի, ուզում են, որ այդ փոփոխությունները, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում, այդ բարեփոխումների պտուղներից իրենք էլ են ուզում օգտվել»:

Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ