«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Դու կանխատեսեցիր, Աստված տնօրինեց՝ չքնե՛ք տղաներ, չքնե՛ք

Դու կանխատեսեցիր, Աստված տնօրինեց՝ չքնե՛ք տղաներ, չքնե՛ք
02.04.2020 | 21:45

Ազգային ժողովում նրա ձայնը զրնգում է ճիշտ այնպես, ինչպես պատերազմի օրերին թնդանոթն էր համազարկ արձակում՝ թշնամուն հասկացնելով, որ մեզ երբեք էլ չի կարողանալու լռեցնել: Մի անգամ եղբայրական խորհուրդ տվեցի, ասացի՝ միջանցքի մի ծայրից մյուսը գոռալով մի խոսիր, բայց նոր եմ հասկանում, որ պատերազմի բովով անցած մարդուն բնորոշ բան է՝ պետք է գոռաս, որ թե՛ զինվորը զգոն մնա, թե՛ հակառակորդը՝ կարկամած: Երազանքների հետևից մանևրող երիտասարդը կապույտ արյուն երևի թե չունի: Արտաքինից, խոսքերից չես հասկանա, որ կռվի մասնակից է, սիրտը սակայն մեծ ու ցավազգաց է այն վերքոտ խրամատի նման, որից վառվող, երազկոտ, բայցև հանդուգն ու մտահոգ աչքերով հետևել է դիմացից եկող հակառակորդի շարժին: Երբեք չի մտածել, թե մի օր մարտի դաշտում հայրենիք է պաշտպանելու բառիս ամենաուղիղ իմաստով: Հրավառության նմանվող կրակահերթերից հետո նախևառաջ զինվորների, ապա նոր ընտանիքի մասին է մտածել: Ավելի ճիշտ՝ երևի չի էլ հասցրել մտածել, հոգին ենթագիտակցորեն է անհանգստացել, իսկ սիրտը պայքարել է… Պայքարել է ոչ թե հերթական բաբախի, այլ դիմացից եկող գազանին կանխելու համար:


Հայերնասիրական ոգով առանձնապես չի դաստիարակվել, գիտեր սակայն՝ տատիկը հայրենական պատերազմի ժամանակ հանուն միասնական հայրենիքի է կռվել, մորեղբայրը՝ հանուն Մայր Հայաստանի դարպաս Արցախի: Աստված յուրահատուկ գեն է մեզ ընծա արել. թվում է, թե առանաձապես հայրենասեր չենք, բայց վտանգի պահին բոլորիս աներևույթ ինչ-որ մի բան խտուտ է տալիս ու գնում ենք վրա հասած ահը գահով նվաճելու:
Իսկ ի՞նչ է լինելու հետո… Քառօրյա պատերազմից հետո կարծեմ հենց այդ հարցն էիր քեզ տալիս, Հրա՛նտ: Հետո եղավ այն, որ դու կանխատեսեցիր, Աստված տնօրինեց, ու ուսերիդ առար ընկած ընկերների փոխարեն ապրելու ու արարելու պատասխանատվությունը: Ինչքան էլ զինվորին վայել խրոխտությունը թույլ չտա, գիտեմ, հուզվելու ես, ու ոչ թե նրա համար, թե ինչ օրեր տեսար, այլ որ այդ օրերին կողքիդ եղած շատերի չապրած հուզմունքը ծանրացել է սրտիդ վրա: Բայց հավիտենական քնի մեջ երկնային արքայություն վայելող ընկերներդ, Հրանտ, վստահ եմ, պատգամել են քեզ.


Իմաստուն է եղել հեքիաթի բարին,
Եվ աղ է ցանել նա իր խոր վերքերին,
Որ ցավը միշտ արթուն պահպանի նրան,
Չքնե՛ք, տղաներ, չքնե՛ք:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 7089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ