Իշխանության իրականացման տրամաբանության փոփոխություն տեղի չի ունենա
03.04.2020 | 01:37
«Ինձ համար մեծ հարցական է‚ թե ինչպես է հնարավոր Հայաստանի Հանրապետությունում սահմանել արտակարգ դրություն‚ սակայն Արցախի Հանրապետությունում անցկացնել ընտրություններ։ Հատկապես այն դեպքում‚ երբ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է»‚- Արցախի համապետական ընտրություններին նվիրված զրույցը մեզ հետ այսպես սկսեց քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։ Ըստ նրա՝ հայկական երկրորդ հանրապետությունում ընտրություններ անցկացնելն ամեն տեսակի տրամաբանությունից դուրս է։ Նա նաև տրամաբանությունից դուրս է համարում 14 օր անց նախագահի ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը։
«Պատկերացնո՞ւմ եք‚ Աստված մի արասցե‚ եթե մարտի 31-ի ընտրություններում կուտակումների պատճառով արձանագրվեն վարակակիրներ և վարակակիրների թվի ավելացում։ 14 օրվա կարանտինային ժամանակաշրջանը դեռ չի անցել‚ և պատկերը մենք դեռ չունենք։ Բայց չի բացառվում‚ որ կորոնավիրուսով վարակվածների մեծ թիվ վարակակիրներ ունենանք։ Սա քաղաքական և անվտանգության համատեքստից ամբողջությամբ դուրս է։ Հետևաբար հարց է առաջանում՝ ինչու է անհրաժեշտություն առաջացել Արցախում այսպես հապճեպ անցկացնել ընտրություններ։ Թեկնածուներից մեկ-երկուսը ասում էին‚ թե սահմանադրական ճգնաժամ կարող էր լինել‚ բայց չէին նշում‚ թե ինչ ճգնաժամի մասին է խոսքը։ Նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշեց‚ թե կան ծրագրեր‚ ներդրումներ‚ որոնք պետք է իրականացվեն‚ և եթե դրանք չլինեն‚ մեծ ճգնաժամի առջև կկանգնենք։ Այսպիսով՝ կարո՞ղ ենք ենթադրել‚ որ նախագահի թեկնածուներից մեկը կամ մի քանիսն անպայման ուզում էին գալ իշխանության և ոչ մի կերպ չէին ցանկանում իշխանության ստանձնումը հետաձգել»‚- ասում է Սուրեն Պետրոսյանը։
Ըստ էության‚ Հայաստանի իշխանությունները նույնպես կողմ էին‚ որպեսզի ընտրությունները կայանան‚ սակայն ըստ մեր զրուցակցի՝ քաղաքականության մեջ հարաբերությունները կարգավորվում են ինչպես ֆորմալ‚ այնպես էլ ոչ ֆորմալ հարթություններում. «Եթե միջազգային հանրությանը կարող ենք ցույց տալ‚ որ պաշտոնական հարթակում չենք խառնվում անկախ հանրապետության գործերին‚ բայց ոչ ֆորմալ մակարդակում կարող էինք ընտրությունների վրա ունենալ ազդեցություն‚ հատկապես հետաձգման առումով»։ Քաղաքագետի համոզմամբ‚ եթե ցանկանում ենք Արցախի հարցում գնալ միջազգային ճանաչման և մեծ կարևորություն ենք տալիս միջազգային հանրության կարծիքին‚ ապա եթե 38 պետություններից 140 միջազգային դիտորդներ չեղարկում են իրենց մասնակցությունը այս վարակի տարածման պատճառով‚ այդ ի՞նչն էր մեզ համար այդքան գերակա‚ որ ունենալով միջազգային հանրության ներգրավվածությունը ապահովելու խնդիր` չհետաձգեցինք ընտրությունները՝ ելնելով նույնիսկ մեր անվտանգության խնդիրներից ու միջազգային մարտահրավերներից։
«Պատկերացնում եք՝ Արցախում զինվորական ծառայության մեջ ներգրավվածների քանակը համամասնությամբ մի քանի անգամ ավելի է‚ քան Հայաստանում։ Այսինքն՝ կուտակումների հետ կապված վտանգը Արցախում մի քանի անգամ մեծ է‚ և կա վտանգ‚ որ վարակը կարող է տարածվել նաև բանակում։ Հետևաբար այս գործընթացներն ինձ համար խիստ կասկածելի են և դուրս են բոլոր քաղաքական զարգացումների տրամաբանությունից։ Մենք իրականում չենք ունեցել քաղաքականության տրամաբանության փոփոխություն։ Մեզ մոտ առաջինը մնացել է իշխանության ստանձնումը‚ ոչ թե հանրային շահի գերակայությունը»‚- նկատում է Սուրեն Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է Արցախի ընտրությունների արդյունքներին‚ ապա ըստ մեր զրուցակցի‚ երկու կազմակերպություն է ՀՀ-ից մասնակցել դիտորդական առաքելությանը‚ որ արձանագրել են 4-5 խախտում‚ ինչն էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների արդյունքների վրա. «Եթե հաշվի ենք առնում‚ որ թեկնածուներից առաջատարը Արայիկ Հարությունյանն է‚ և ամենայն հավանականությամբ նա էլ կդառնա Արցախի Հանրապետության նախագահ‚ ապա կարող ենք փաստել‚ որ Արցախում‚ ըստ էության‚ իշխանության փոփոխություն չի արձանագրվում, և ընդհանրապես իշխանության իրականացման տրամաբանության փոփոխություն ևս չի կատարվում։ Հետևաբար ընտրությունները կարելի է համարել որպես արարողակարգ‚ ինչը ինստիտուցիոնալացնելու էր այն‚ ինչ պետք է լինի‚ և ոչ թե տեղի է ունենում քաղաքական ընտրանու փոփոխություն»։
Լիլիթ ԴԱՎԹՅԱՆ
Մեկնաբանություններ