Կորոնավիրուսով վարակի տարածման հետ կապված բնակչության համար սահմանափակումների չեղարկումը չպետք է անտեղի հապճեպ լինի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որին մեջբերում է BBC-ն, նախազգուշացնում է, որ դա կարող է հանգեցնել վարակի նոր ալիքի և զոհերի թվի աճի: ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը պնդում է, որ սահմանափակումները վերացնելու հարցի շուրջ չպետք է շտապել՝ չնայած արգելքների բացասական տնտեսական ազդեցությանը: Նա հաստատել է, որ որոշ երկրներում նկատվում է դեպքերի թվի աճի տեմպերի դանդաղում: Գեբրեյեսուսը նշել է, որ որոշ երկրներում առաջընթաց է նկատվում, բայց որոշ դեպքերում իրավիճակը սկսել է կտրուկ վատթարանալ: Աֆրիկայում վիրուսը հասել է գյուղական վայրեր, որտեղ ամենաբարդ իրավիճակն է սպասվում՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի խնդիրները: