«Եկել ենք այն եզրակացության, որ պետք է արտակարգ դրությունը երկարացվի», - ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք երեկ և այսօր քննարկել ենք և եկել ենք համոզման, որ անխուսափելի է, որ մենք պիտի արտակարգ դրությունը երկարացնենք: Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարությունը կկայացնի որոշում, և այդ որոշումից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ կքննարկվի նաև արտակարգ դրության հարցը: Մեր եզրակացությունն այն է, որ պետք է արտակարգ դրությունը երկարացնենք, որովհետև դա անհրաժեշտ է վարակի տարածումը կանխարգելելու համար», - ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ արտակարգ դրության նոր երկարացման պայմաններում մի շարք գործունեության տեսակներ կլինեն ամբողջությամբ թույլատրված: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքը կարգելվի, թույլատրվելու է տաքսիների գործունեությունը: «Երկուշաբթի օրվանից ամբողջությամբ թույլատրված կլինեն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնաբուծություն գործունեության տեսակները, հանքարդյունաբերություն և բաց հանքերի շահագործում, էլեկտրականություն, գազ, գոլորշի և լավորակ օդ ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային տնտեսություններ, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, առողջապահության և բնակչության սոցիալական ապահովման ոլորտը և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև նշեց, որ Ցեղասպանության օրվա, Արցախի հաղթանակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվա միջոցառումներին քաղաքացիների մասնակցությունը պետք է սահմանափակվի: Եկեղեցին կոչ է արել քաղաքացիներին ներկա չգտնվել զանգվածային միջոցառումներին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սուրբ Զատկի տոնակատարությունները եկեղեցում տեղի են ունենալու դռնփակ ռեժիմով», - ասաց նա՝ հավելելով․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Հայ առաքելական եկեղեցին, մենք բոլորս ըմբռնումով ենք մոտենում այս խնդրին»: