Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքի վերաբերյալ ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ «Դոմոդեդովո» օդանավակայանից Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին (ժամը՝ 15։40-ին)։ Հայաստան վերադարձող քաղաքացիների համալրվող ցուցակը պարբերաբար հրապարակվում է Facebook սոցիալական ցանցի դեսպանության էջում (@armembrus): Ցուցակագրված քաղաքացիները ապրիլի 12-ին (ժամը` 12.00-ին) պետք է մոտենան «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի |25| - |30| հաշվառման սեղաններին՝ նստեցման կտրոնի ստացման և ուղեբեռի հանձնման նպատակով։
Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել՝
• Այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր Մոսկվա էին ժամանել այլ քաղաքներից Հայաստան մեկնելու նպատակով, բայց թռիչքների չեղարկման պատճառով չէին կարողացել մեկնել;
• Այն ՀՀ քաղաքացիները, ովքեր այս օրերին գտնվում են դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում;
• Մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին; ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին (նամակ-խնդրանքները ներկայացրած դեսպանության թեժ գծի և/կամ datacitizen@armem.ru էլ․հասցեի միջոցով):
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի՝ օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: