«Այս իշխանություններն ինստիտուտների քանդման հրաշալի մասնագետներ են»
21.04.2020 | 00:23
«Մի բան փաստ է. hայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը էական դրական փոփոխության է ենթարկվել։ Հայ Եկեղեցին որպես ընդամենը ծիսական արարողություններ իրականացնող կառույց համարողները հիմա շատ ավելի քիչ են, քան երբևէ՝ անկախության շրջանում»,- օրերս իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր արել «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ։ Հաշվի առնելով Վեհափառի և եկեղեցու հանդեպ վերջին արշավը, այս միտքը բավական հետաքրքիր է, որի առնչությամբ զրուցեցինք պարոն Մելիքյանի հետ։
-Ինչպե՞ս է այս փաստը համադրվում այն հանգամանքի հետ, որ այսօր անգամ բարձրաստիճան պաշտոնյաների դեմքով եկեղեցու և Վեհափառի դեմ մեծ քննադատության ալիք կա։
-Այո, եկեղեցու դեմ արշավ իրականացվում է, բայց պետք չէ ամեն ինչ չափել սոցցանցերի մեկնաբանություններով։ Սոցցանցերը մի միջավայր են, որտեղ ֆեյքերի միջոցով մանիպուլացիա անելը, արշավներ իրականացնելը դժվար չէ։ Իմ խոսքն իրական կյանքի մասին է։ Այն մարդիկ, որոնց խոսքը հանրության շրջանում կշիռ ունի, կոշտ արձագանքեցին եկեղեցու հանդեպ վերջին զարգացումներին։ Եթե այսօրվա վիճակը համեմատենք 2018-ի հետ, երբ կրկին Վեհափառի հանդեպ արշավ էր իրականացվում, հիմա մեր հասարակությունն իշխանամերձ, իշխանական որոշ ուժերի անընդունելի, խայտառակ վարքագծին շատ ավելի առողջ ու սթափ է արձագանքում։ Խոսքը վերաբերում է նաև սփյուռքի արձագանքներին, այդ թվում` Մեծի Տանն Կիլիկիո Տան Արամ Ա կաթողիկոսի։ Այս առումով ունենք առողջ հասարակություն։ Սա պատահականության արդյունք չէ, այլ հետևողական աշխատանքի։ Ինքս առանձին առիթներով համոզվել եմ, որ Մայր աթոռը չնայած չգովազդվող, բայց լուրջ աշխատանքներ է իրականացնում, հոգևորականների նոր սերունդներ են պատրաստվում, տեղեկատվական միջոցներով կարող ենք մեր երիտասարդ հոգևորականներից լսել քարոզներ, գտնել հոգևոր հարցերի պատասխանները, պարզաբանումները։ Հանրությանն ավելի մատչելի և գեղեցիկ ձևով ներկայացվում են հայ եկեղեցու ավանդույթները, պատմությունը։ Այս տեսանկյունից մեծ աշխատանք է արված։
Ինչ վերաբերում է իշխանության որոշ ներկայացուցիչների արշավին, ընդհանրապես կան հարցեր, որոնց իշխանության մոտեցումն անտրամաբանական է։ Ռոբերտ Քոչարյանին առնչվող ցանկացած հարց արժանանում է նման վերաբերմունքի, սա արդեն մի քանի անգամ դրևսորվել է։ Վերջինն էլ կաթողիկոսի խոսքն էր, որ բացարձակ նման արձագանքի արժանի չէր։ Որևէ չափազանցություն, կաթողիկոսի դիրքին ոչ վայել որևէ բան այդ խոսքում չկա։ Շատերը կենտրոնանում են ԱԺ փոխխոսնակի հայտարարությունների վրա, բայց պատշաճ ուշադրության չարժանացավ Հանրային խորհրդի նախագահի վարքագծը։ ՀԽ-ն այն մարմինն է, որ հասարակությունում առկա տարբեր մոտեցումները պետք է գեներացնի, համադրի և համերաշխություն ստեղծի։ Սակայն ՀԽ նախագահի հայտարարությունը պարզապես անհամատեղելի էր իր կարգավիճակի հետ։ Ինչպե՞ս կարելի է լինել ՀԽ-ի անդամ, եթե նախագահն այդպիսի մարդ է, որը մեր եկեղեցին նույնացնում է մոմ վաճառող կառույցի հետ։ Սա մեծ վիրավորանք է ցանկացած հավատացյալի հանդեպ։ Սա ի՞նչ մոտեցում է, ինչպե՞ս կարող են նման ձևով նսեմացնել առաքելական եկեղեցու դերը։
-Եթե կաթողիկոսի խոսքը դիտարկենք իրավական տեսանկյունից, ընդամենը խափանման միջոցի փոփոխության մասին էր այն։ Ինչի՞ է փորձում հասնել իշխանությունը, ի վերջո, խափանման միջոցի փոփոխության խնդրահարույց հարցը միմիայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում։
-Այս 2 տարվա ընթացքում իրավական բազմաթիվ խախտումներ են եղել, որոնց մասին որպես իրավաբան հաճախ եմ բարձրաձայնել։ Փաստը ցույց է տալիս, որ հատկապես երկրորդ նախագահի մասին ցանկացած խոսք հիվանդագին է ընդունվում։ Ռոբերտ Քոչարյանի պարագայում այդ խախտումներն այն աստիճանի ծայրահեղ են, որ կարելի է իրավախախտումների մի ողջ հանրագիտարան կազմել։
-Վերջերս նաև դատավոր Ազարյանի հետ կապված խնդրի մասին բարձրաձայնեցիք։ Այդ դատավորը հայտնվել է իշխանության թիրախում կրկի՞ն Քոչարյանի գործի պատճառով։ Այսօր դատական համակարգը, դատավորներն ի՞նչ լուրջ խնդիրների առաջ են կանգնել։
-Դատական համակարգը բավական բարդ մարտահրավերների առջև է կանգնած։ Իսկ այս արտակարգ դրությունը, համաճարակն էլ ավելի են բարդացրել նրանց աշխատանքը։ Կան գործիքներ, որոնք իշխանությունը պետք է անպայման այս ընթացքում կիրառի, դրանցից մեկը հենց խափանման միջոցի փոփոխության կիրարկումն էր։ Երկար ժամանակ է մասնագետները խոսում են տնային կալանքը` որպես խափանման միջոց, ամրագրելու անհրաժեշտության մասին։ Այս խնդիրը հասունացել էր դեռ նախորդ իշխանության շրջանում, կարգավորումները մշակված էին, տեխնիկական լուծումները ևս։ Այսօր չեմ տեսնում դրա հետաձգման որևէ պատճառ։ Մեծ թվով կալանավորված մարդկանց համար այս միջոցը պետք է կիրառվի։ Բավական հեշտ է իրականացնել փոփոխություն, երբ խափանման այլընտրանքային միջոցները մի քանիսն են, օրինակ տնային կալանք, գրավ, ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Եթե այս ամենին հավելում ենք այն խայտառակ օրենսդրական փոփոխությունը, որին մի քանի շաբաթ առաջ «կողմ» քվեարկեց «Իմ քայլը» խմբակցությունը, դա կարող է այս պարագայում գոնե մի օգուտ տալ։ Խոսքը հեռախոսներով էլեկտրոնային համակարգի կցման մասին է։ Այս համակարգով հնարավոր է հսկողություն իրականացնել տնային կալանքի ենթարկված անձանց նկատմամբ։ Մեր իշխանությունները, ցավոք, այս ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացնում։ Մինչդեռ կալանավորվածների հանդեպ պատշաճ ուշադրության մասին խոսել են նաև եվրոպական կառույցները, ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարը, խոշտանգումների կանխարգելման կոմիտեն։ ՈՒնեմ մտավախություն, որ մեր իշխանությունները չեն ցանկանում այս հարցին պատշաճ ուշադրություն դարձնել` պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի գործոնով, որպեսզի ստիպված չլինեն նրան ազատ արձակելու։ Իսկ Ռոբերտ Քոչարյանին այս պահին անազատության մեջ պահելը վաղուց դուրս է եկել իրավական որևէ տրամաբանության շրջանակից։ Էլ չեմ խոսում այն բացարձակապես անթույլատրելի վիճակի մասին, երբ մեկ ամսից ավելի է դատական նիստ չի ընթանում, ավելին, չի լուծվում խափանման միջոցի վերաբերյալ կարևորագույն հարցը։ Իրավաբանության մեջ ամրագրված է, որ դատական փուլում ավելի է մեծանում անձին ազատ արձակելու իրավական կշիռը։ Տևական ժամանակ չպետք է այս հարցն անարձագանք մնար։ Շախմատի լեզվով ասած, այսօր այս հարցում ձևավորվել է ցունգցվանգային իրավիճակ, որն առաջին հերթին իշխանության դեմ է աշխատում, սակայն այդ ամենը բացառապես նրանց գործողությունների հետևանք է։ Իշխանությունն է այս քրեական գործը վերածել պետական քաղաքականության առանցքի։ Սա այն քրեական գործն է, որի առիթով դատարաններ արգելափակվեցին, դատավորի նկատմամբ այսօր ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, որպեսզի նրանից գործը վերցնեն ու իրենց ավելի ընդունելի դատավորի մակագրեն։ Այս քրեական գործի առնչությամբ Հայաստանի թիվ մեկ դատավոր՝ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ է հետապնդում իրականացվում։
-Խայտառակ որակեցիք, այսպես ասած, մարդկանց «տեղորոշելու» վերաբերյալ օրենքը։ Ի՞նչ եք կարծում, այն ավելի շատ դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կարող է ունենալ։
-Դա յուրաքանչյուրիս սահմանադրական իրավունքի խախտում էր։ Իշխանությունը պետք է համոզիչ, փաստարկված ձևով հանրությանն արդեն ներկայացնի, թե այդ ինչ կյանքեր են փրկվել այդ օրենքով, քանի մարդու և ում նկատմամբ է այն կիրառվել, հնարավոր չէ՞ր այլ միջոցով այդ տեղեկությանը տիրապետել, արդյո՞ք մարդիկ հրաժարվել էին իրենց շփման շրջանակը բացահայտել, ու այս օրենքով են պարզել, ինչքանո՞վ է արդյունավետ այդ հավելվածի կիրառումը։ Ինչ-որ ժամանակ իշխանությունը պետք է պարզաբանումները համոզիչ տա, որպեսզի այս խայտառակությունն ինչ-որ ձևով արդարացված լինի ինչպես մեր երկրում, այնպես էլ միջազգային հանրության համար։ Մեր երկրի մարդու իրավունքների հեղինակությանն այս օրենքով մեծ հարված հասցվեց։
-Այս ընթացքում ոչ միայն մարդկանց «տեղորոշեցին», այլև ապօրինի գույքի բռնագանձման օրենքն ընդունեցին, որը կրկին իրավաբանների քննադատությունների թիրախում է։ Այս օրենքը ինչպե՞ս է իրականության մեջ աշխատելու։
-Հիշյալ օրենքը քաղաքական մահակ է ընդդիմախոսների, անցանկալի մարդկանց դեմ։ Իրավական տեսանկյունից բացարձակապես կապ չունի այն պարտավորությունների հետ, որոնք Հայաստանը ստանձնել է։ Այս օրենքը որոշակիության չափազանց ցածր աստիճան ունի, որևէ կերպ հնարավոր չէ վերահսկել, թե ում նկատմամբ է պետությունն այս գործիքը գործադրելու, ում նկատմամբ՝ ոչ։ Լրջագույն կոռուպցիոն ռիսկեր է օրենքը պարունակում ինչպես դատական, այնպես էլ քաղաքական առումով։
-Հաշվի առնելով նման օրենքների առկայությունը, իշխանության իրավական անտրամաբանական քայլերը, իրավական միտքը, համակարգն ի՞նչ օրեր են ապրում Հայաստանում։
-Արդարադատության համակարգը բավական բարդ օրեր է ապրում։ Հիմա ականատես ենք այն վիճակին, թե այդ համակարգը որքան անվտանգության բարձիկներ է ունեցել, ներքին ամրություն՝ դիմագրավելու հակահամակարգային այս դրսևորումներին։ Տեսանելի են և դրականը, և բացասականը։ Իրավական համակարգն ինչ-որ առումով ունի կայունության պաշար, բայց դա անվերջ չէ։ Այս իշխանություններն ինստիտուտների քանդման հրաշալի մասնագետներ են։
-Մի քանի օր է համացանցը բուռն քննարկում է Նիկոլ Փաշինյանի ուղերձից դուրս մնացած կադրերը։ Եթե անգամ վարչապետի շուրջ նման անլուրջ մթնոլորտ կա, ի՞նչ սպասել այդպիսի իշխանությունից։
-Սա անլրջության փոքր դրվագ է։ Ցավոք, անլրջության մեծ դրսևորումների ենք մենք ականատես լինում, ինչպես քաղավիացիայի ոլորտում, որտեղ էական կորուստներ ունեցանք, այլ բնագավառներում էլ խնդիրների պակաս չունենք։ Իսկ կոնկրետ այս միջադեպը մեկնաբանելու ամենևին ցանկություն չունեմ, քննարկման արժանի փաստ չեմ համարում։
-Այսօր ինչպե՞ս եք գնահատում վիրուսի վերահսկման իշխանության քայլերը, տնտեսական միջոցառումները։
-Կան մարդիկ, որոնք ակտիվ աշխատում են։ Սակայն ակնհայտ է, որ վիրուսի տարածման նախնական քայլերն ուշացած էին։ Ամեն օր տեսնում ենք նաև կառավարման խոտաններ, օրինակ, այն, որ պարետն անգամ չէր պատկերացնում, որ մեր օրենսդրությունը ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում երկարաձգելու արտակարգ դրության իրավական ռեժիմը։ ԱԺ-կառավարություն հացուպատասխանը դրա վկայությունն է։ Այնպիսի տպավորություն է, որ սցենարները բավականաչափ խորությամբ չեն մշակվել, ինչպե՞ս կարող էր այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն սցենար մշակած չլինել, օրինակ, ևս մեկ անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հնարավորությունը։ Աշխատողներ կան, բայց ընդհանուր առմամբ աշխատանքն անարդյունավետ է։ Այս իրավիճակում հատուկ պիտի ընդգծել քաղաքացիական վերահսկողությունը, մասնավորապես փաստահավաք խմբի գործունեությունը, որը ձևավորվել է երեք ոլորտի անձանց կողմից։ Կարծում եմ, որ այս խմբի աշխատանքն է, որ ինչ-որ չափով զգոն է պահում մեր պետական համակարգի աշխատողներին։ Մեր իշխանությունում կա տարածված տեսակետ, որ իրենք կարող են «անել» այն, ինչ ցանկանում են, բայց իրականում դա այդպես չէ։ Իշխող քաղաքական ուժից երկար ժամանակ չի պահանջվի համոզվելու, որ այդպես չէ։
-Ակնարկում եք, որ այս իրավիճակը հաղթահարելուց հետո իշխանությունը շատ հարցերի՞ պիտի պատասխանի։
-Չեմ ակնարկում, ուղիղ եմ ասում այդ մասին։ Եվ հասարակության, և քաղաքացիական վերահսկողություն իրականացնողների կողմից այդ հարցադրումներն արվելու են։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ