Հիսուս Քրիստոսի հրամանները՝ ուղղված Ստալինին
15.05.2020 | 00:02
Բանաստեղծ Արամայիս Սահակյանը մասնագիտությամբ պատմաբան էր: Մի օր ինձ վկայեց. «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը կայացավ Աստծու հրամաններից վախեցած Ստալինի կարճժամանակյա դարձով, Աստվածածնի բարեխոսության շնորհիվ»:
Իմ խնդրանքով բանաստեղծը մի շարք գրքեր բերեց, դրանք ռուսերեն հին հրատարակություններ էին («Ստալինն ասաց», Յուրի Բորև, «Ստալինիադա», Ռաձինսկի): Այդ պատմական-վավերագիր գրություններում վկայվում-պատմվում էր, որ 1942 թ. Լիբիայի հոգևոր առաջնորդը՝ Եղիա անունով, ազգությամբ ասորի, ծոմապահությամբ և աղոթքներով փակվում է քարե նկուղում և խնդրում Տիրամոր բարեխոսությունը Ռուսաստանի հաղթանակի համար: Աղոթքի ու ճգնության երրորդ օրը Տիրամայրը տեսիլքի մեջ երևում է նրան և թելադրում Հիսուս Քրիստոսի հրամանները՝ ուղղված Ստալինին, որպեսզի նա բանտերից ազատ արձակի հոգևորականներին, իսկ բռնատիրված եկեղեցիները նորոգելով՝ վերադարձնի նրանց, ապա Ռուսաստանը կսկսի հաղթել:
Եղիան Աստվածածնի թելադրած Տիրոջ հրամանները նամակով հայտնում է ռուս հոգևոր առաջնորդներին, իսկ նրանք նամակը փոխանցում են եկեղեցահալած ղեկավարին: Քրիստոսից վախեցած Ստալինը ողջ երկրով մեկ սկսում է իրագործել Տիրոջ հրամանները. Հոգևորականներին սկսում են ազատ արձակել բանտերից, և միայն 1942 թ., պատերազմի ամենաճգնաժամային պահին, երբ պետությունը մեծ գումարների կարիք ուներ, Ստալինը ռուս եկեղեցիները վերանորոգելու համար սուրբ հայրերին է փոխանցում 500 միլիոն ռուբլի: Նրա հրամանով ԽՍՀՄ-ով մեկ, 1942 թ. սկսած փակվում են «Անաստված» անունով թերթերը և փոխարենը լույս են տեսնում հոգևոր հանդեսներ: Եվ նրա հրամանով Կազանյան Տիրամոր սրբապատկերը քաղաքից քաղաք էին տանում՝ հոգևորականների թափորով, խնկարկություններով, աղոթքներով ու երգեցողությամբ՝ այդպես պատվելով Աստվածածնի բարեխոսությունը:
Ստալինի՝ դեպի Աստված դարձի մի շարք այդպիսի կատարումներով պատերազմի ընթացքը կտրուկ փոխվեց, և ռուսներն սկսեցին հաղթել:
Հայտնի է, որ Ստալինը մարդկության ամենահրեշավոր կերպարներից էր, սակայն Աստված անգամ այդ ամենահրեշավոր մարդու ձեռքով էլ բարիք գործեց՝ Տիրամոր բարեխոսությամբ:
Իսկ սրբապատկերի մասին ասվում է, որ «հայկական ծագում» ունի, քանի որ գտնվել էր Կազան գաղթած հայի տանը, և պատկերը հայկական դիմագծեր ունի: Հայի տունը հրդեհել էին, և միակ իրը, որ չէր այրվել «Հովանավոր» սրբապատկերն էր եղել:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
Կրոնի տեսաբան
Մեկնաբանություններ