Ադրբեջանում մեծարում են ֆաշիստների հետ համագործակցողին

Ադրբեջանում մեծարում են ֆաշիստների հետ համագործակցողին
17.05.2020 | 00:50

Ադրբեջանական քաղաքականությունը հետևյալն է` նրանք ուզում են նսեմացնել հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին։ Մայիսի 16-ին առցանց ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հայ զորավար Գարեգին Նժդեհի հերոսացման շահարկումները և Հայաստանի կողմից ֆաշիզմին տուրք տալու մեջ մեղադրանքները, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ դեռևս Աշխաբադում ԱՊՀ երկրների նիստի ժամանակ այդ հարցի վերաբերյալ իր գնահատականը տվել է։ «Դրանից հետո, իմիջիայլոց, ռուսական մամուլում շատ լավ հոդված կարդացի Գարեգին Նժդեհի մասին, որտեղ ասվում էր, որ Նժդեհը ռուսական բանակի սպա է եղել և մասնակցել է Բալկանյան պատերազմին ռուսական բանակի կազմում և պարգևատրվել է։ Այս առումով կարծում եմ` Ռուսաստանում ևս Գարեգին Նժդեհին` որպես պատմական ֆիգուր, դարասկզբին որպես ռուսական բանակի սպա, պետք է վերարժևորեն»,- ընդգծեց Փաշինյանը։ Նրանք ցանկանում են ցույց տալ, որ հայերը ֆաշիստական Գերմանիայի և նացիստների հետ համագործակցող ժողովուրդ են եղել։ ՀՀ վարչապետը այս թեմայի հետ կապված ևս խոսեց փաստերով. «Շուրջ 600 000 հայ մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, ընդ որում` 100 000 հայ մասնակցել է` բնակվելով Խորհրդային Միությունից դուրս, Եվրոպայի և ամերիկյան ուժերի կազմում։ 300 000 հայ զոհվել է կամ անհետ կորել։ Պատերազմի պայմաններում 65 հայ ստացել է գեներալի կոչում։ Ընդհանուր առմամբ՝ Խորհրդային Միության գոյության ընթացքում 115 հայ գեներալ է եղել և 4 մարշալ՝ Հովհաննես Բողրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Խուդյակովը, Սերգեյ Ագանովը և մեկ ծովակալ Հովհաննես Իսակովը։ Խորհրդային Միության հայազգի 107 հերոսներից 26-ը եղել են Լեռնային կամ Դաշտային Ղարաբաղից։ 27 հայ համարվում է «Փառքի ասպետ»։ Նշեմ, որ այդ փառքի շքանշանակիրներից մեկն իմ մայրիկի քեռին է։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ձևավորվել է 6 հայկական ազգային դիվիզիա` ընդհանուր 60 000 զինվորով։ Խորհրդային Միության հերոսների ցանկում ըստ ազգությունների հայերը 6-րդն են»։ Փաշինյանը ներկայացրեց փաստական տվյալներ Ադրբեջանի կողմից նացիստների հետ համագործակցության վերաբերյալ.


«Երկրորդ աշխարհամարտի տարիներին մոտավորապես 75 000 ադրբեջանցի ներգրավված է եղել նացիստական խմբավորումներում, ընդ որում` գոյություն է ունեցել ադրբեջանական լեգեոն, որն ունեցել է բոլոր անհրաժեշտ ատրիբուտները` սկսած հագուստից»։ Փաշինյանը ցույց տվեց այդ հագուստներից մեկի լուսանկարը՝ նացիստական տարբերանշաններով, տարբեր տեսակի ատրիբուտները։ Վարչապետը նշեց, որ աշխարհամարտի տարիներին Գերմանիայում լույս է տեսել «Ադրբեջան» լեգեոներական պաշտոնաթերթը և ցույց տվեց դրա համարներից մեկի առաջին էջը։ Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի առաջին հանրապետության ղեկավարներից մեկը՝ Մամեդ Էմին Ռասուլզադեն, սերտորեն համագործակցել է նացիստական Գերմանիայի և նացիստական կուսակցության հետ։ «Նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է ադրբեջանական լեգեոնական խմբավորումը, որի ղեկավար կազմը դասընթացներ է անցել նացիստական հետախուզական դպրոցներում»,- ընդգծեց Փաշինյանը։


ՀՀ վարչապետն այս պատմության մեջ կարևորում է այն, թե ինչպես են վերաբերվում ժամանակից Ադրբեջանում Մամեդ Էմին Ռասուլզադեին, ով ադբեջանական նացիստական խմբավորման թիվ մեկ կազմակերպիչն է։ «2014-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանում մեծ շուքով նշվել է Մամեդ Էմին Ռասուլզադեի 130-ամյակը։ Ավելին, երկու անգամ հոբելյանական դրոշմանիշ է թողարկվել։ Ռասուլզադեի արձանները և կիսանդրին են կանգնեցված Ադրբեջանի մի շարք քաղաքներում»,- եզրափակեց Փաշինյանը։

Դիտվել է՝ 1355

Մեկնաբանություններ