«Եթե սահմանափակումների վերացումն էապես վատթարացնի իրավիճակը, պետք է լինեն պատասխանատվության ենթարկված անձինք»
19.05.2020 | 01:40
Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող, «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ ՏԻԳՐԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ կամավորական հիմունքներով օգնել է կորոնավիրուսով վարակվածներին՝ հերթապահություն է իրականացրել համալսարանական հիվանդանոցներում։ Նրա դիտարկմամբ՝ կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացմանը զուգահեռ Հայաստանի իշխանությունները թուլացրին սահմանված սահմանափակումները, արձանագրվող թվերն էլ մտահոգիչ են. «Սահմանափակումները թուլացվում են, դրան հակառակ՝ վարակակիրների թիվն օր օրի ավելանում է։ Իմ կարծիքով՝ սահմանափակումները պետք է ուժի մեջ լինեին գոնե մինչև հունիս։ Թվի ավելացման հետ կապված՝ բացասական ազդեցություն է ունեցել հայտարարված սահմանափակումների և միջոցառումների ոչ ամբողջական պահպանումը։ Աշխարհի տարբեր երկրներում սահմանափակումները մեղմացվում են, բայց դա պայմանավորված է վարակի տեմպերի նվազմամբ, իսկ մեզ մոտ հակառակն է. նոր դեպքերն օր օրի ավելանում են, մինչդեռ հակառակ այդ փաստին՝ սահմանափակումները մեղմացվում են։ Եթե թուլացնենք զգոնությունը, վարակակիրների թվաքանակն անկառավարելիորեն կսկսի աճել, և հետևանքները շատ ծանր կլինեն, կունենանք հարյուրհազարավոր վարակակիրներ և հազարավոր մահեր։ Այդ պայմաններում առողջապահական համակարգը չի կարողանա դիմակայել»։
Թեև տեղաշարժի‚ տնտեսական սահմանափակումները վերացվում են‚ սակայն արտակարգ դրությունը պահպանվում է։ Տպավորություն չի՞ ստեղծվում արդյոք‚ որ կորոնավիրուսն օգտագործվում է ինչ-ինչ քաղաքական շահեր սպասարկելու համար։ Մեր այս հարցադրմանը Տիգրան Ալեքսանյանը հակադարձեց, թե չի ցանկանում մտածել, որ արտակարգ դրության երկարացումը կարող է քաղաքական շահեր սպասարկելու նպատակ ունենալ։ Ըստ նրա՝ սահմանափակումների երկարացման դեպքում տնտեսական վնասներն ահռելի չափերի կլինեն, և տնտեսական սահմանափակումների չեղարկման պատճառը դա է։ Տեղաշարժման սահմանափակումների վերացման փուլում պետք է ունենալ վարակի տարածումը կանխող հստակ ռազմավարություն։ Իսկ եթե առկա սահմանափակումների վերացումն էապես վատթարացնի իրավիճակը, պետք է լինեն պատասխանատվության ենթարկված անձինք։
Ինչպե՞ս է մարդու մոտ ընթանում այս վիրուսով վարակվածությունը, օրգանիզմում ի՞նչ է տեղի ունենում, որ մարդը հայտնվում է ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում: Տիգրան Ալեքսանյանը նշում է, որ մարդկանց մոտ կորոնավիրուսներից առաջացած հիվանդությունները սովորաբար դրսևորվում են մեղմ կամ միջին հիվանդություններով, ինչպես, օրինակ, սովորական մրսածությունը: Հիմնականում վարակը վտանգավոր է մեծահասակների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։
Այսօր կորոնավիրուսից պաշտպանվելը թողնվել է մարդկանց պատասխանատվության դաշտում։ «Պաշտպանվելու պատասխանատվությունը ժողովրդի վրա թողնելը, կարծում եմ, ճիշտ չէ։ Չնայած այն փաստին, որ արտակարգ դրություն է հայտարարված, սրճարաններում, խանութներում, բանկերում մարդկանց մեծ հոսք կա, ինչը կարող է բերել վարակակիրների թվի կտրուկ ավելացման։ Ստացվում է, որ պետական համապատասխան մարմինների կողմից բավարար ուշադրության չեն արժանանում հանրության շրջանում տեղեկացվածության և պատասխանատվության բարձրացման խնդիրները։ Սահմանափակումների մեղմացման պայմաններում պետք է յուրաքանչյուրս պատասխանատու լինենք և պահպանենք համավարակի պայմաններում շփման կանոնները»,- ասում է բժիշկը։
Պաշտոնապես հայտարարված թվերին այսօր շատերը չեն հավատում՝ նշելով‚ թե դրանք արհեստականորեն ուռճացվում են։ Սակայն Տիգրան Ալեքսանյանը կարծում է, որ պաշտոնական թվերի հետ կապված ուռճացումներ չկան. «Այս փուլում, ըստ իս, ճիշտ չէ դրա մասին մտածելը, հիմա պետք է աշխատենք վարակը միասնաբար հաղթահարելու մասին, իսկ արտակարգ դրության ավարտից հետո, երբ իրավիճակը կայունանա, կարելի է վերլուծել ու առանձնացնել դրական, բացասական քայլերը և ընդհանուր առմամբ գնահատական տալ համավարակի կանխմանն ուղղված միջոցառումներին»։
Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Մեկնաբանություններ