Բնականաբար, համավարակն ու նրա հետևանքները երկրում արմատապես հաղթահարված չեն, սակայն կազմակերպական այն քայլերին, որ ձեռնարկվեցին այստեղ՝ պլյուս առողջապահական համակարգի դրվածքը, պլյուս գերմանական կարգապահությունը, մնում է նախանձել:
Այս պլյուսներին ավելացնելու մեկ պլյուս էլ կա, որը գալիս է վերստին հավաստելու, թե որքան կարևոր նշանակության բան է մարդկային գործը: Խոսքն առաջնահերթությամբ վերաբերում է նրանց առողջապահական համակարգի գլխին կանգնածին, ով, մեզ քաջ հայտնի իր վիզավիի պես թեթևամտություն չունեցավ հայտարարելու, թե կորոնավիրուսը շարքային հիվանդություն է, գրիպից դեռ մի բան էլ թույլ, իսկ երկու ամիս անց սկսեց բոլորովին այլ երգեր երգել՝ ընդհուպ առաջիկա հինգ տարում այդ աղետի հետ ապրելու դժբախտությունն ունենալու առումով:
Հարկավ, եթե Գրիբոյեդովը ողջ լիներ, այս դեպքի համար «Խելքից պատուհաս-2»-ը կերկներ, սակայն մեր ցավը, ինչպես հասկանում եք, Ալեքսանդր Սերգեևիչի երկի երկրորդ՝ չգրած մասը չունենալը չէ, այլ այն, որ եթե մեզ նմանի ու նմանների զոհը լինելու տառապանքն է վիճակված, այդ հինգ տարին աչքիս ընդամենը սկզբի համար նախատեսված ժամկետ է:
Բա գիտեք թե աշխարհն այլ կերպ ե՞ն տնօրինում ու կառավարում մտագարները:
Սակայն եկեք խելագարներին թողնենք իրենց մտասևեռումների հետ, անցնենք հասարակության առողջության համար անշառ բաներին, որոնցից մեկն էլ սպորտն է, ֆուտբոլը:
ՀՍՏԱԿ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է
Բունդեսլիգայի վերսկսված առաջնությունն արձանագրեց առաջին անսպասելի արդյունքը, որը հանգեցրեց առաջին եռյակը կազմածների դասավորության փոփոխության: Եթե նախկինում նման տեղաշարժերին կարելի էր պակաս կարևորություն տալ, հիմա արդեն այդպես չէ, ու պատճառն այդ նույն կորոնավիրուսն է, ինչը, օրինակ, ժամանակից շուտ ազդարարեց եվրոպական ֆուտբոլային հինգ գերտերությունների առաջնություններից մեկի՝ ֆրանսիականի ավարտը:
Ասելս այն է, որ չկա հստակ երաշխիք, թե աշխարհը համակած համավարակը որ պահին ինչ անակնկալ կմատուցի: Աստված մի արասցե, եթե նրա դեմն առնել չեղավ, պարզ չէ՞, որ համատարած ստիպված կլինեն գնալ կա՛մ ամբողջ մրցաշրջանի արդյունքների չեղարկման, կա՛մ կդիմեն ֆրանսիացիների փորձին (ի միջի այլոց, նրանք էլ աչքի տակ են ունեցել հոլանդացիների օրինակը):
Դառնանք փոփոխություն բերած հանդիպմանը:
Դա եղավ «Լայպցիգ»-«Ֆրայբուրգ» մրցակցությունում, որտեղ պարտությունից խուսափող կողմը տանտերերն էին: Ի միջի այլոց, ընթերցողին չէր խանգարի իմանալ, որ հավելյալ ժամանակում «Ֆրայբուրգը» նաև հաղթական գոլն է խփել, սակայն, ոչ առանց մրցավարների մասնակցության, չեղարկվել է այդ գոլը: Ինչևէ:
Դիմակայությունում արձանագրված 1:1 հաշիվը շահավետ եղավ միանգամից երկու թիմի: Դորտմունդի «Բորուսիան», որ սեփական հարկի տակ ավելի քան վստահ հանդիպում ունեցավ «Շալկեի» հետ՝ պարտադրելով չորս անգամ գնդակը հանել դարպասից ու սեփականը պահել անառիկ, արդեն երեք նիշով է առաջ 51-ն ունեցող լայպցիգցիներից, իսկ մյուս «Բորուսիան»՝ Մյոնխենգլադբախինը, 52 միավորով տեղափոխվեց երրորդ հորիզոնական՝ արտագնայում 3:1 հաշվով պարտության մատնելով «Այնտրախտին»:
Մնացածներից երկրի գործող չեմպիոն՝ «Բավարիայի» պոկվածությունն այնպիսին էր, որ անգամ պարտվելու դեպքում կմնար միանձնյա առաջատարի դերում, սակայն մյունխենցիները գնացին այդ կտրվածությունն ավելի մեծացնելու ճանապարհով, ինչն «ՈՒնիոն Բեռլինի» համար արժեցավ երեք միավորի կորուստ սեփական հարկի տակ, իսկ բավարացիների անվան դիմաց 55-ի փոխարեն արդեն 58 միավոր է: «Բավարիան» հանդիպումը շահել է երկու անպատասխան գնդակի առավելությամբ։
Սակայն բունդեսլիգայի հերթականը ներկայացնելիս աչքաթող չանենք ինչպես առաջին վեցյակը կազմածներին, այնպես էլ հետնապահի դիրքերում հայտնվածներին: Առաջինները, պարզ է, պայքար են մղում եվրագավաթների մասնակցության իրավունք նվաճելու, վերջինները՝ բարձրագույն խմբում մնալու համար:
Տուրի արդյունքով առաջին վեցյակի մաս կազմեց արտագնայում 2:1 հաշվով «Աուգսբուրգին» պարտության մատնած «Վոլֆսբուրգը», որը, վերը հիշատակված չորսից զատ, իրենից առաջ ունի նաև «Բայերին»: Ինչ վերաբերում է աղյուսակը եզրափակողին, գրեթե անհուսալի վիճակում է «Պադերբոռնը», որը զրոյական ոչ-ոքի արդյունքով հանդիպում է ունեցել իր մյուս բախտակցի՝ «Ֆորտունայի» հետ: Այս երկուսի արանքում հանգրվանած «Վերդերը» բաց է թողել տուրի հանդիպումը, սակայն նա էլ մի երանավետ վիճակում չէ: Ավելին, այդպիսի վիճակ թիմին չի կարող խոստանալ անգամ ակտիվում ունեցած պակաս անցկացրած երկու խաղը, եթե անգամ դրանցում վեց միավոր վաստակի:
Ամփոփենք, սակայն մինչև այդ չմոռանանք նոր իրողությունների մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, դեռ երկար են լինելու մեր կյանքի անբաժան մասը:
ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դատարկ տրիբունաները հարկավ ծանր մտածմունքների են մղում, սակայն ակնհայտորեն պիտի դրանց վարժվել, քանզի ուրիշ ճար չկա, իսկ թե հանդիսատեսը մարզադաշտ վերջնականապես ե՞րբ կվերադառնա, ստուգապես կկարողանար ասել միայն մեկ մարդ՝ Նոստրադամուսը, բայց նրա հոգին, գիտեք, ազատ ճախրի սկզբունքով արդեն քանի-քանի դար է սավառնում անհունում, իսկ երկնայինները երկրայիններիս չներելու, չհանդուրժելու շատ ու շատ պատճառներ ունեն, ու դա առաջին հերթին մեր ակունքներից հեռանալու, ինքներս մեզնից օտարվելու պատճառով, ինչի ուղղակի հետևանքն է կորոնավիրուս կոչված այս դիվային պատիժը:
Բայց, մեր մեջ ասած, մենք այնքան էլ մենք չէինք լինի, եթե ժամանակների պարտադրանքին ամբողջովին հանձնվածի կեցվածք որդեգրած լինեինք: Օրինակ՝ Մյոնխենգլադբախում մտածել են ու մարզադաշտը հանդիսատեսով լցնելու ձև են գտել: Ճիշտ է, այդ հանդիսատեսն ավելի շուտ բուտաֆորիկ է լինելու, քանի որ իրենից ներկայացնելու է ստվարաթղթից պատրաստված մարդկային ֆիգուրներ, բայց դե չեղածից հո՞ լավ է: Այս անակնկալը լինելու է հաջորդ տուրում, որովհետև թիմը հաջորդ տուրում է սեփական մարզադաշտում հանդես գալու: Համենայն դեպս, աչքներիս առաջ կոտրվելու է գերմանական պրագմատիզմի մասին արմատացած ևս մեկ պատկերացում:
Իսկ ընդհանրապես անսովոր բաները շատ են:
Օրինակ՝ ինչով անսովոր լինելու հավակնություն չունի այն, որ ֆուտբոլիստը գոլ է խփում ու բախվում նշել չկարողանալու անորոշությանը: Ի դեպ դրա առաջին զոհը դարձավ Դորտմունդի «Բորուսիան» ներկայացնող Էրլինգ Հոլանդը, որը վերամեկնարկած առաջնության առաջին գոլի հեղինակն է:
Սակայն Հոլանդին բաժին հասած անորոշությունը մնացածների համար էլ իներցիայով շարունակվեց: Խոստովանենք, որ խփած գոլի ուրախությունը սոցիալական տարածության պահպանմամբ կիսելը ֆուտբոլում նոր բան է, իսկ առավել մերձեցումն էլ իրար արմունկով հպվելն էր, ինչը նույնպես նոր երևույթ է:
Նորույթներից էր և պահեստայինների նստարանին մարզիկների իրարից որոշակի հեռավորության վրա նստելը, իսկ բոլոր փոխարինվածները միանգամից դիմակավորվում էին: Բնականաբար՝ բժշկական դիմակներով, ոչ թե մեր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասած դիմակներով, որտեղ վերջիններիս բժշկական լինելու մասին ենթադրելն իսկապես պիտի ենթադրել, քանզի ոլորտի այս կազմակերպչի ձեռնարկների մեջ բժշկական գործոնն ամենահետին պլանում է, թե չէ, համավարակի կտրվածքով, շատ հեռու չգնանք, հարևան Վրաստանի համեմատությամբ ինչու՞ պիտի մեզ մոտ այսքան խայտառակ ցուցանիշներ լինեին:
Նորույթների շարքից էր և փոխարինվող ֆուտբոլիստների թվի փոփոխությունը՝ 3+2 բաղադրիչով, որտեղ երկու փոփոխությունը ենթադրում է երկու խաղակեսերի միջև ժամկետում անելիքի պարտադրանքը, ու որին մարզիչները ոնց որ թե դժվարությամբ են դեռևս հարմարվում: Բոլոր դեպքերում նկատենք, որ որքան էլ նրանք որոշակի շփոթի մեջ են, այդուհանդերձ, փոխարինումները նկատելիորեն շատացել են: Շատ մարզիչներ կատարել են չորսական փոխարինում, ինչը թոփ առաջնությունների էլիտային դիվիզիոնների համար իսկապես նորույթ է:
ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Համավարակով պայմանավորված՝ սոցիալական տարածության պահպանումը ֆուտբոլում մտցված է գրեթե ամենուրեք: Թիմերը խաղադաշտ են դուրս գալիս իրարից անջատ, իսկ ամենավերջում, համարյա հարսանեկան գեներալի պես, հայտնվում են մրցավարները:
Սյուրռեալիստական հանդերձավորում ունեն մարզիչների հետխաղյա հարցազրույցները՝ երկար շտատիվների վրա հագցված հականեխված միկրոֆոններ՝ առնվազն երկու մետր հեռավորության պահպանմամբ: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, նրանք արդեն հատուկ հատկացված գոտում էլ չեն զրուցում լրագրողների հետ՝ օնլայն մեկնաբանություններ տալով միայն առժամանակ անց:
Թերևս մի դիտարկում էլ անենք ու վերջ։
Չնայած ֆուտբոլից մեկուսացված լինելու տևական ժամանակին, գերմանացի ֆուտբոլասերը իրեն կարգապահ ու պատասխանատու պահեց: Սիրած թիմին կամ ֆուտբոլիստին երկրպագելու համար ոչ մեկը չէր գնացել մարզադաշտ, թեպետ եթե գնար էլ, բանի չէր հասնելու, քանզի մարզադաշտերը շրջապատված են եղել ոստիկանական սեղմ շարքերով ու այդ ոստիկանների անբաժան մաս կազմող գամփռներով: Ովքեր դեռ այդ նկարները չեն տեսել, առանձնապես կարող են այնքան էլ վատ չզգալ: Մոտավորապես նույնն պատկերն է եղել, ինչ հանդիսատեսը տեսել է պատերազմական թեմաներով կինոնկարներում:
Բնականաբար` պակաս ահասարսուռ տեսքով:
ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐԸ
Ֆուտբո՜լն է վերադարձել, ֆուտբոլը ու դա ի դեմս բունդեսլիգայի խաղերի վերսկսման, որը, անկախ ամեն ինչից, անցած հանգստյան օրերը հիրավի պատմական դարձրեց Եվրոպայում:
Դե ինչ, սկիզբը դրված է, տեսնենք շարունակությունն ինչ կլինի:
Սակայն շարունակության սպասման մեջ վերստին հավաստվեց մի պարզ ճշմարտություն, որ ցանկացած մրցակցություն լիարժեք է հանդիսատեսի առկայության դեպքում: Ցավոք, աշխարհում այսօր վիճակն այնպիսին է, որ ստիպված ենք գոհանալ անգամ դատարկ տրիբունաներով անցկացվող դիմակայություններով, բայց հուսանք, որ նման վիճակը երկար չի տևի: Հենց այս տոնայնության մեջ էլ դնենք մեր նյութի վերջակետը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ