Ալեն Սիմոնյան. Լուսանկարն արված է Արցախում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ

Ալեն Սիմոնյան. Լուսանկարն արված է Արցախում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ
22.05.2020 | 23:00

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է համացանցում քննարկումների առիթ դարձած լուսանկարին, որում երևում է, որ Հայաստանի և Արցախի պաշտոնյաները սեղանի շուրջ բաժակներով շնորհավորում են Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին՝ առանց դիմակների և առանց սոցիալական հեռավորություն պահելու:

«Ֆեյսբուք»-ի իր ուղիղ եթերում Սիմոնյանն ասել է. «Շատ է քննարկվում սոցիալական հեռավորության, դիմակների բացակայության հարցը, ինչպես նաև այն կոչերը, որ մենք անում ենք: Եվ հիմա մարդիկ խոսում են նրա մասին, որ մենք կոչերով ենք հանդես գալիս և ինքներս դրանց չենք հետևում: Ես կարող եմ ասել, որ լուսանկարն արված է Արցախի Հանրապետությունում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ, և իրավիճակի կտրուկ տարբերություն կա: Եվ պարետի որոշումները, ինչպես նաև թվերը Հայաստանում և Արցախում բավականին տարբեր են: Այն լուսանկարը, որը շրջանառվում է համացանցում, արված է բաց տարածքում, արված է Արցախի Հանրապետությունում գործող կանոններին, կարգին, օրենքին համապատասխան: Խիստ սահմանափակումները, որ գործում են Հայաստանում, Արցախում, բարեբախտաբար, չկան՝ թե թվի, թե իրավիճակի հետ կապված»:
ԱԺ փոխնախագահը այնուամենայնիվ նկատեց՝ հասկանալի է այն զայրույթը, այն հարցերը, որ առաջանում են: Նա նշեց՝ այս իրավիճակում, երբ ամեն մի բառ, ամեն մի լուսանկար, ամեն մի արտահայտություն շահարկումների առիթ է հանդիսանում, նույնիսկ բաց տարածքում շնորհավորելիս պետք էր դա հաշվի առնել:


«Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ բոլորս պետք է շարունակենք ուշադիր լինել, պահպանել սոցիալական հեռավորությունը, դիմակներ կրել և օրինակ ծառայել բոլորի համար՝ նույնիսկ նման իրավիճակներում: Կարծում եմ՝ մենք բոլորս այս իրավիճակում պետք է հետևություններ անենք ամեն ինչից, մեր սխալների, բացթողումների վրա սովորենք»,-նշեց Սիմոնյանն ու բոլորին հորդորեց կրել դիմակներ:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ