Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բրիտանիան Հոնկոնգի բնակիչներին քաղաքացիություն է խոստանում

Բրիտանիան Հոնկոնգի բնակիչներին քաղաքացիություն է խոստանում
02.06.2020 | 11:03

Հոնկոնգի 3 միլիոն բնակիչները կարող են հավակնել բրիտանական քաղաքացիության, եթե իրենց քաղաքացիական իրավունքները վտանգող ՉԺՀ օրենքը սկսի կենսագործվել՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը: Համաչինական ժողովրդական ժողովի օրակարգում ներառված՝ ինքնավարության անվտանգության օրինագիծը սահմանում է քրեական պատասխանատվություն ցանկացած գործունեության համար, որ Պեկինը կհամարի Հոնկոնգի տարածքում իր իշխանության խարխլում: Օրենքը կարող է ուժի մեջ մտնել օգոստոսին: Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չպետք է անտարբեր մնա այդ քայլին: 1997-ին Լոնդոնը հատուկ պայմաններով Հոնկոնգը փոխանցեց Չինաստանին: Բրիտանական նախկին գաղութի բնակիչներն ունեն ազատություններ, որ չկան մայրցամաքում: Դա արձանագրված է Հոնկոնգի Հիմնական օրենքում: Լուրջ վտանգներ կան, որ անվտանգության նոր օրենքը հոնկոնգցիներից կխլի քաղաքացիական իրավունքները: Օրինագծի շրջանառության մեջ դնելն ու առաջ մղումն արդեն Հոնկոնգում զանգվածային բողոքների ալիք է բարձրացրել:


Մեծ Բրիտանիայի ԱԳՆ 7 նախկին նախարարներ՝ առաջատար երկու կուսակցություններից, վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ են արել նախաձեռնել գլոբալ ալյանսի ստեղծում՝ համաձայնեցված արձագանքելու համար ՉԺՀ-ի գործողություններին Հոնկոնգի առնչությամբ: Ջերեմի Հանթը, Դևիդ Միլիբենդը, Ջեկ Ստրոն, Ուիլյամ Հեյգը, Մալկոլմ Ռիֆկինդը, Մարգարետ Բեկետը Պեկինի գործողությունները համարում են 1997-ի համաձայնագրի չարամիտ խախտում: Նրանք գտնում են, որ հենց Լոնդոնը պետք է այդ հարցում գլխավորի միջազգային հանրությանը, որովհետև որոշակի բարոյական պատասխանատվություն է կրում հոնկոնգցիների ճակատագրի համար, և գործընկերները այդ հարցում կողմնորոշվելու են Բրիտանիայով: ԱԳ նախարարները կոչ են արել Բորիս Ջոնսոնին դաշնակիցներին առաջարկել շփման խումբ ստեղծել Հոնկոնգի հարցով, ինչպես 1994-ին ձևավորվել է նախկին Հարավսլավիայի հարցով: Դաունինգ սթրիթի ներկայացուցիչը պատասխանել է, որ Բրիտանիայի կառավարությունը արդեն առաջատար դեր է խաղում այս խնդրով Արևմուտքի համաձայնեցված դիրքորոշման մշակման մեջ: Արտաքին գործերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Թոմ Թուգենդհատը հայտարարել է, որ «Չինաստանն ունի կառավարման արտակարգ ավտորիտար պատկերացում և կառավարությունը պետք է վերանայի նրա հետ համագործակցությունը»:


BBC-ի «Էնդրյու Մարի շոուն» կիրակնօրյա հեռուստահաղորդման ժամանակ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը համաձայնեց, որ անվտանգության մասին Պեկինի առաջարկած օրենքը բացահայտորեն խախտում է Հոնկոնգի ինքնիշխանությունը: Նա հաղորդեց, որ բրիտանական անձնագիր ունեցող հոնկոնգցիները կարող են մեկ տարի աշխատել ու սովորել Միացյալ թագավորությունում՝ ժամկետի երկարացման հնարավորությամբ: Հետագայում դա կարող է նրանց համար դառնալ «բրիտանական քաղաքացիության արահետ», եթե ՉԺՀ-ի ոչ միանշանակ գնահատվող օրենքը սկսի կենսագործվել: Մինչև հիմա անդրծովյան անձնագրեր ունեցողները առանց վիզայի կարող էին Բրիտանիա գալ կես տարով՝ առանց աշխատանքի իրավունքի: 7,45 միլիոն բնակչությամբ Հոնկոնգում բրիտանական անձնագրեր ունի 3 միլիոնը:
BBC


Հ.Գ. Իսկ կարո՞ղ է Մեծ Բրիտանիան քաղաքացիություն տալ Հոնկոնգի մնացած 4,45 միլիոն բնակչությանը: Դա, իհարկե, կլինի սկանդալ, համաձայնագրի խախտում ու Չինաստանի հետ հարաբերությունների խզում, բայց տարբերակ է՝ Հոնկոնգը Պեկինից հետ բերելու: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անցած շաբաթ հայտարարել էր, որ Հոնկոնգին վերաբերող հարցերը Չինաստանի ներքին գործն են: Ու Պեկինը շնորհակալ է Մոսկվային: Հետաքրքիր է, որ Լոնդոնը ժամանակին նման հոգատարություն չդրսևորեց իր նախկին գաղութ Կիպրոսի նկատմամբ, երբ Թուրքիան կղզի ներխուժեց ու օկուպացրեց Կիպրոսի տարածքը՝ ստեղծելով Կիպրոսի թուրքական հանրապետություն, որ ճանաչել է միայն Անկարան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ