«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

«Միգուցե կառավարման համակարգի փոխարինման կարիք ունենք»

«Միգուցե  կառավարման համակարգի փոխարինման կարիք ունենք»
09.06.2020 | 15:47

Համավարակի բռնկումների ուժգնացմանը զուգահեռ երկարացվեցին ու խստացվեցին սահմանափակումները։ Իսկ դիմակ կրելը դարձավ պարտադիր ոչ միայն փակ, այլև հանրային տարածքներում։ Միաժամանակ բարձրացավ փոխադարձ մեղադրանքների ու անհնազանդության ալիք։ Հանրությունից պահանջվեց բարձր քաղաքացիական գիտակցության դրսևորում։ Կառավարման և զարգացման խորհրդատու ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ նույն ընթացքում հորդորում էր՝ ոչ թե մարդկանց քաղաքացիական գիտակցության բարձրացման կոչ անել, տուգանել դիմակ չդնելու հա-մար, այլ ներգրավել խնդիրների լուծման մեջ՝ ապակենտրոնացնելով պատասխանատվության տիրույթը։ Այս մասին փորձագետը անդրադարձել էր նաև «Իրատեսին» տված հարցազրույցում։ Կառավարման այս ձևաչափը աստիճանաբար կիրառում է գտնում։ Վերևներից նույնատիպ կոչեր են հնչում։ Փորձ է արվում հավասարակշռելու ստեղծված իրավիճակը։

-Շատերը, հատկապես սահմանափակումների սկզբնական փուլում, այսօր էլ դիմակը կրում են պարտադրված, ամեն առիթով խախտում կարգը։ Չէ՞ որ սա նույն այն հասարակությունն է, որ երբ ասում էին՝ ժամը 8.15-ին ճանապարհները փակենք, անում էին առանց մի րոպեի տարբերության։ Քաղաքական ենթաշերտ ունի՞ այս անհնազանդությունը։

-Մի դեպքում ազատության հետ գործ ունենք, մյուս դեպքում՝ սահմանափակման։ Վարքագծային տիրույթում է ամբողջը։ Ազատության տիրույթում նա շատ իրավունքներ ունի, քիչ պատասխանատվություն, իսկ սահմանափակումների տիրույթում՝ քիչ իրավունքներ, շատ պատասխանատվություն։ Եվ բնական է, որ դու նրան ասում ես՝ ժամը 8.15-ին ճանապարհը փակիր, մեծ թվով իրավունքներ ես ընձեռում, բայց երբ ասում ես՝ հարգելիս, պարտավոր ես դիմակ կրել, ընդվզում է՝ ինչու՞ է պարտավոր դիմակ կրել։ Հարցը վարքագծային տիրույթում է, քաղաքական մեկնաբանություններ չունի։

-Իսկ չե՞ք կարծում, որ դիտավորություն կա այդ վարքագծում։

-Ես դա համարում եմ դավադրությունների տեսություններից մեկը ու կարծում եմ, որ՝ ոչ։

-Թվային աշխարհը անսահման հնարավորություն տվեց՝ հաղորդակցվելու, տեղեկացվելու, այլընտրանքային աշխատանքի։ Բայց թվային, այսչափ զարգացած աշխարհում չենք կարողանում կանխել վիրուսով պայմանավորված համավարակը։ Ինչո՞վ եք բացատրում այս հակասությունը։

-Ոչ միայն գիտությունը, ես դրան կգումարեի ամբողջ համակարգը՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական։ Եթե այդպիսի եզրահանգում անենք, որ մի փոքրիկ վիրուս, այն էլ հերթականը, կարող է մի քանի ամսում ամբողջ աշխարհի տնտեսությունը, սոցիալական համակարգը, առողջապահությունը նվազեցնել չասենք զրոյի, բայց զրոյին մոտ, ուրեմն միգուցե մենք կառավարման համակարգի փոխարինման կարիք ունենք։ Եվ ո՞վ ասաց, որ հաջորդ վիրուսային բռնկումը չի լինելու ավելի վատ դրսևորումներով ու ավելի երկարաժամկետ։ Այսինքն՝ սա մտածելու տեղիք է տալիս։ Այս պահի դրությամբ պետք է հարցեր առաջադրենք, իսկ խնդիրը կբարձրացվի, ու որոշակի և՛ քաղած դասեր կլինեն, և՛ փոփոխություններ։

-Համավարակի հենց սկզբում Գերմանիան 50 միլիարդ եվրոյի չափով օգնության փաթեթ էր ստեղծել արվեստագետների ու մշակութային բիզնեսի ներկայացուցիչների համար՝ կարևորելով ստեղծարար մարդկանց ստեղծագործ համարձակությունը ճգնաժամը հաղթահարելու գործում։ Մեր երկրում մշակութային ինչ-ինչ նախագծեր էին իրականացվում, բայց մշակույթը ոչ հիմա, ոչ երբևէ նման լուրջ վերաբերմունքի չի արժանացել։ Ինչու՞, ավելի առաջնային խնդիրներ ունենք, պակաս հնարավորություննե՞ր, թե՞ վերաբերմունքի հարց է։

-Դա էլի ունի իր պատճառները։ Եթե Գերմանիան ներդրում է անում այս իրավիճակում, ուրեմն գերմանական կառավարությունը մշակույթը որպես առանձին ռազմավարական նշանակություն առանձնացրել է, զարգացրել, ներդրում է արել, բերել-հասցրել է մի մակարդակի, որտեղ մշակութային կառույցները հավելյալ արժեք են ստեղծում և գումարներ են ներարկում բյուջե։ Մեր երկրում մշակութային բաղադրիչների վրա մեծ ներդրումներ չեն արվել և դրան համարժեք՝ ստեղծվել են կամ չեն ստեղծվել մշակութային արժեքներ, կամ, նույնսիկ եթե ստեղծվել են, հատուկ գնահատականի չեն արժանացել։ Ավելին՝ եթե մշակույթի նախարարությունը միանում է կրթության և գիտության նախարարությանը, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Սա ասում եմ առանց քաղաքական գնահատականներ տալու՝ զուտ կառավարման տեսանկյունից։ Նշանակում է, որ մենք դիտարկում ենք իրեն ինչ-որ մի բանի մաս, բայց չէ՞ որ մշակույթը, այն էլ մեր երկրում, զարգացման և ներդրման առումով լրիվ առանձին ուղղություն է։ Սրանք կարող են լինել պատճառները, որ այս պահի դրությամբ այդ հատվածի ներկայացուցիչների, կառույցների հանդեպ առանձին վերաբերմունք չի դրսևորվում։ Չնայած համահարթ ձևով՝ ընդհանուր ծրագրի շրջանակում, որոշակի աջակցություն եղել է։

-Ի՞նչ եք անում դուք այս օրերին, ի՞նչ ծրագրեր եք իրականացնում կամ պատրաստվում իրականացնելու։

- Վերջին ամիսներին մի քանի նախաձեռնութուններ սկսեցինք, որոնք ուղղված էին ճգնաժամային իրավիճակից տարբեր խմբերի ներկայացուցիչներին դուրս բերելուն։ Առաջին նախաձեռնությունը փոքր և միջին ձեռնարկությունների խնդիրների վերհանումն էր, դրա վերաբերյալ առաջարկների փոխանցումը և վեբինարի միջոցով՝ լուծումների առաջարկը։ Դա դեռևս մարտ ամսին։ Այնուհետև նմանատիպ նախաձեռնություն սկսեցինք հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի համար։ Իմ զբաղվածությունն այս ամիսներին մի քանի անգամ ավելի շատ էր, քան նախկինում։ Առաջարկներ ենք ներկայացրել նաև կառավարության ծրագրերի հետ կապված։ Մի մասը կիրառվել է։ Շարունակելու ենք առաջ տանել ապակենտրոնացման քաղաքականությունը Հայաստանով մեկ՝ փորձելով այդ սկզբունքով շատ խնդիրների լուծում տալ։ Իմ մասնագիտական հիմնական գործունեությունը՝ կառավարման և զարգացման խորհրդատվությունը, հատկապես՝ փոփոխությունների կառավարման վերաորակավորված մասնագիտությունը, ի վերջո, պետք եկավ և կարծում եմ, դեռ պետք կգա։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ