Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվրոպացիները ցանկանում են իշխանությանը պատասխանատվության ենթարկել

Եվրոպացիները ցանկանում են իշխանությանը պատասխանատվության ենթարկել
14.06.2020 | 11:21

Կորոնավիրուսից առավել տուժած եվրոպական երկրների քաղաքացիները ցանկանում են հետաքննել իշխանության գործողությունները և հասկանալ՝ ամեն ինչ արվե՞լ է համաճարակի ժամանակ մահերից խուսափելու համար: Նախաձեռնությունը Իտալիայում, Բրիտանիայում, Ֆրանսիաիում, Իսպանիայում Covid-19-ից մահացածների հարազատներինն է: Նրանք գտնում են, որ կարանտինը ավելի շուտ պիտի սահմանվեր, քան արել են իշխանությունները:
Կորոնավիրուսից մահացած 450 բրիտանացիների հարազաները պահանջում են անհապաղ՝ պանդեմիայի դեմ պայքարում կառավարության գործողությունների բաց ունկնդրումներ անցկացնել: Հետաքննությունը, նրանց կարծիքով, կարող է բազում կյանքեր փրկել, քանի որ պանդեմիան Մեծ Բրիտանիայում շարունակվում է իշխանությունների անարդյունավետ գործողությունների պատճառով: Դեռ մայիսին Իսպանիայում մահացածների հարազատները դատի էին տվել վարչապետ Պեդրո Սանչեսին, հունիսի սկզբին Փարիզի դատախազությունը հայտարարեց, որ կստուգի՝ կառավարության արձագանքը պանդեմիային չկանխամտածված սպանության և մարդկանց կյանքին սպառնալիք ստեղծելու հոդվածի տակ չի՞ ընկնում:


Իտալիայում կորոնավիրուսից մահացածների 50 հարազատներ մի քանի օր առաջ պաշտոնական բողոք են ներկայացրել իշխանությունների դեմ՝ մեղադրելով անփութության և սխալ գործողությունների մեջ պանդեմիայի պիկին: Խմբային բողոքը ներկայացվել է Բերգամոյի դատախազություն, խմբի նախաձեռնող Ստեֆանո Ֆուսկոն բացատրել է, որ հենց այդ քաղաքն է դարձել ամբողջ Իտալիայի ողբերգության տխուր սիմվոլը: Նրանք գտնում են, որ Բերգամոյում ու կորոնավիրուսի բռնկման հիմնական էպիկենտրոններում անհրաժեշտ էր կարանտինն ավելի շուտ մտցնել, քան արել են իշխանությունները: Օրինակ՝ Լոմբարդիայի շրջանի մեծ մասը դեռ բաց էր, երբ արդեն պարզ էր, որ վիրուսը դուրս է եկել կարմիր գոտի հայտարարված քաղաքների սահմաններից: Եվրոպայում կորոնավիրուսը սկսեց տարածվել հենց Լոմբարդիայից, ամբողջ Իտալիայում մահվան դեպքերի կեսից ավելին Լոմբարդիայում է: Իտալիայում Covid-19-ից մահացել է 34,1 հազար մարդ: Ուրբաթ օրը դատախազը հարցաքննել է վարչապետ Ջուզեպե Կոնտեին, ներքին գործերի նախարար Լուչանո Լամբորջեզեին և առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցային: Կոնտեն նախապես հայտարարել է, որ վախենալու ոչինչ չունի:


Փարիզի դատախազ Ռեմի Էյտցը այս շաբաթ պատմել է, որ հետաքննության պատճառը քաղաքացիների բազմաթիվ բողոքներն էին և ընդգծել է, որ հետաքննությունը քաղաքական դրդապատճառներ չունի: Դատախազությունը ուսումնասիրելու է որոշումներ ընդունած պաշտոնյաների գործողությունները: Փարիզեցիները բողոքում են, որ աշխատավայրում ոչ բավականաչափ արագ են հաստատվել սոցիալական տարածության միջոցառումները, չեն տրվել դիմակներ և բավարար չափով տեստավորումներ չեն արվել: Հետաքննության թիրախում Փարիզում գործող կառավարական ինստիտուտներն են, որ Փարիզի դատախազության իրավասության տակ են: Նախագահ Էմանուել Մակրոնը քրեական հետապնդումից իմունիտետ ունի: Ֆրանսիայում Covid-19-ից մահացել է 29000 մարդ:
Իսպանիայում մահացածների հարազատները գտնում են, որ Պեդրո Սանչեսը և 22 նախարարները չեն կարողացել արագ արձագանքել և հապաղել են կարանտին մտցնել: Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 27,1 հազար մարդ:


Եվրոպայում Covid-19-ից ամենատուժած երկրում՝ Մեծ Բրիտանիայում, հանգուցյալների հարազատները պահանջում են գնահատել ՝ որքանով են Առողջապահության ազգային համակարգը (NHS) և սոցիալական ծառայությունները պանդեմիային պատրաստ եղել; Բաց հետաքննության պաշտոնական դիմումի մեջ հիշատակվում է, որ պանդեմիայի պիկին հիվանդանոցներից հետ՝ տարեցների տներ են ուղարկվել 25000 պացիենտներ, բայց հայտնի չէ՝ քանի՞սն են եղել կորոնավիրուսակիր, քանի որ ոչ ոք չի ստուգել: Ընտանիքներին ներկայացնում է փաստաբան Էլքան Աբրահամսոնը: Նա հայտարարել է, որ ունկնդրումներն անպայման կկայանան, բայց ավելի ուշ: Կառավարությունը գտնում է, որ այս պահին իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է համավարակի դեմ պայքարին: Բայց խումբը որ իրեն անվանել է «Հանգուցյալների հարազատները՝՝ հանուն արդարության», պնդում է, որ հետաձգել չի կարելի: Միայն անհապաղ միջամտությունը իշխանությունների գործողություններին, նրանց խոսքով, կօգնի կանխել հետագա մահերը: Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ Բրիտանիան աշխարհում հինգերորդն է հիվանդացածների թվով (292,8 հազար) և երկրորդը՝ մահերի թվով (41,4 հազար): Բրիտանիան Եվրոպայի ամենատուժած երկիրն է Covid-19-ից: Առողջապահության և սոցիալական ապահովության հանձնաժողովի նախագահ Ջերեմի Հանտը համաձայն է հայտատուների հետ: Նա աղաղակող է անվանել փաստը, որ ոչ մեկի մտքով չի անցել գնահատել ռիսկերը տարեցների տներում: «Այդ ժամանակ արդեն հայտնի էր, որ ոմանց դեպքում վիրուսն ասիմպտոմ է: Գերմանիան ու Հոնկոնգը միջոցներ էին ձեռնարկել, որ պաշտպանեն իրենց սոցիալական հաստատությունները, իսկ մենք չենք արել դա համաճարակի կրիտիկական զարգացման շրջանում»՝ ասել է Հանտը:

Առողջապահության նախարարությունը պնդում է, որ ճիշտ որոշումներ է կայացրել անհրաժեշտ պահին: Բրիտանիայի իշխանությունները գտնում են, որ պանդեմիայի հետ կապված բոլոր որոշումները հիմնված են եղել գիտական հանրության փորձաքննության վրա: Բայց մահացած բրիտանացիներից մեկի որդին՝ Ջերեմի Բրաունը գտնում է, որ մարտի 23-ից լոկդաուն մտցնելու որոշումը չափազանց ուշացած էր: Նրա հայրը վախճանվել է հիվանդանոցում կորոնավիրուսից՝ մարտի 29-ին՝ գնացքով Լոնդոնի կենտրոն գնալուց երկուսուկես շաբաթ անց: Բրաունի կարծիքով. «Եթե լոկդաունը ավելի շուտ մտցվեր, հորս վարակվելու շանսերը շատ ավելի քիչ կլինեին»: Ջերեմի Բրաունը համոզված է, որ հորը կործանել է տանը մնալու կառավարության կոչը, որի պատճառով ժամանակին բժշկի չի դիմել. «Անհրաժեշտ է հնարավորինս արագ հասկանալ՝ ինչը այնպես չգնաց, որ մենք բոլորս հայտնվեցինք այս իրավիճակում»: Բրիտանիայում հունիսի 15-ին բացվում են հագուստի խանութները: Շատերը գտնում են, որ շուտ է, որովհետև համաճարակային իրավիճակը վատագույնն է Եվրոպայում: «Սպասվում է, որ կլինի վարակվածության երկրորդ ալիքը, մենք ուզում ենք իմանալ՝ ինչ է մտադիր կառավարությունը ձեռնարկել, երբ դա լինի»՝ ասում է փաստաբան Էլքան Աբրահամսոնը: Նրա խոսքով՝ պետք է իմանալ՝ ինչ գիտական փորձաքննություն է ընկած դպրոցները բացելու և որոշ սահմանափակումներ հանելու որոշումների ընդունման հիմքում, որին այդքան սիրում է հղում անել կառավարությունը: «Ապագայում ինչ-որ ժամանակ մենք հնարավորություն կունենանք հետ նայելու ու վերլուծելու մեր գործողություններըմ կարևոր դասեր քաղելու: Բայց այս պահին ամենակարևորը ընթացիկ իրավիճակի վրա կենտրոնանալն է»՝ ասել է կառավարության ներկայացուցիչը:
BBC


Հ.Գ. Պատասխանատվության շարժումը դեռ նոր է սկսվում, բնավ զարմանալի չէ, որ իշխանությունը փորձում է առայժմ ժամանակ շահել՝ պատճառաբանելով, որ կենտրոնացած է կորոնավիրուսի դեմ պայքարի վրա: Իրականում շարժումը կարևոր է հենց ընթացքում՝ հետագա մահերը կանխելու համար: Ցանկացած իշխանություն պետք է զգա, որ իր ամեն քայլը վերահսկվում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ