Խոստովանություն Վլադիմիրից

Խոստովանություն Վլադիմիրից
23.06.2020 | 10:26

Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «չի բացառում» նախագահական նոր ժամկետով քվեարկվելու հնարավորությունը, եթե ընդունվի Սահմանադրության համապատասխան փոփոխությունը: Բացի այդ՝ նա կոչ է արել ոչ թե իրեն փոխարինողներ որոնել, այլ՝ աշխատել: Հայտարարություններն արվել են «Ռուսաստան, Կրեմլ, Պուտին» հաղորդման համար, որ եթեր է հեռարձակվել հունիսի 21-ին «Россия 1» հեռուստաալիքով: «Ես ինձ համար դեռ ոչինչ չեմ վճռել: Ես չեմ բացառում քվեարկվելու հնարավորությունը, եթե թույլ տա Սահմանադրությունը,-ասել է Պուտինը: -Տեսնենք՝ ինչ կլինի»: ՌԴ նախագահը բոլոր պաշտոնյաներին կոչ է արել իրեն փոխարինող գտնելու փոխարեն աշխատել: «Աշխատել է պետք, ոչ թե իրավահաջորդ որոնել…Ես բացարձակապես անկեղծ եմ ասում՝ եթե դա չլինի, երկու տարի անց, սեփական փորձով գիտեմ, նորմալ ռիթմիկ աշխատանքի փոխարեն իշխանության շատ մակարդակներում կսկսվի հնարավոր իրավահաջորդների փնտրտուք»՝ ասել է 20 տարի իշխանության մեջ գտնվող Պուտինը:


Հուլիսի 1-ին նշանակված է համառուսական քվեարկություն Սահմանադրության փոփոխությունների հարցով: Բազում լրացումների հետ կա և Պուտինի նախորդ ժամկետները զրոյացնելու դրույթ, որով նա հնարավորություն է ստանում ևս 2 անգամ առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ պաշտոնավարել մինչև 2036-ը: Բազում քաղաքագետներ նշել են, որ հանուն հենց այդ լրացման է նախաձեռնվել Հիմնական օրենքի փոփոխության գործընթացը: Սահմանադրության փոփոխությունների դեմ են արտահայտվել հարյուրավոր ռուս իրավաբաններ, գիտնականներ, լրագրողներ, գրողներ: Համարյա 200 մունիցիպալ ու ռեգիոնալ պատգամավորներ բաց նամակով կոչ են արել չաջակցել փոփոխություններին՝ անվանելով հեղաշրջումի փորձ: Այնուհանդերձ, հունիսի 12-ին Պուտինը վստահություն հայտնեց, որ Սահմանադրության փոփոխություններին աջակցում է ռուսաստանցիների «բացարձակ մեծամասնությունը»:
RFI


Հ.Գ. «Խորհրդային Միության ստեղծման ժամանակ շատ հանրապետություններ, որոնք մտան միության կազմ, ռուսական հսկայական հողեր են ստացել»՝ «Россия 1» հեռուստաընկերության եթերում ասել է ՌԴ նախագահը։ «Խորհրդային Միության ստեղծման ժամանակ նշվել է կազմից դուրս գալու իրավունքը, բայց քանի որ ընթացակարգ չի եղել, հարց է ծագում՝ եթե այս կամ այն հանրապետությունը մտել է Խորհրդային Միության կազմ, ռուսական հսկայական հողեր է ստացել՝ ավանդական, պատմական, ռուսական տարածքներ, իսկ հետո որոշել է դուրս գալ կազմից, այդ դեպքում գոնե դուրս գար նրանով, ինչով եկել է, այլ ոչ թե իր հետ քարշ տար ռուս ժողովրդի նվերները», – ասել է Պուտինը։ Նա ակնհայտորեն նկատի ունի Ղրիմը, Դոնբասն ու Լուգանսկը: Բայց այդ դեպքում խնդիրներ են առաջանում՝ թե ինչպես ԽՍՀՄ-ից պետք է հեռանային այն հանրապետությունները, որոնց տարածքները Կրեմլը վերցրել ու հարևաններին էր նվիրել: Ունի՞ Պուտինը այս հարցի պատասխանը Նախիջևանի, Արցախի, Ջավախքի մասով, թե նա միայն «ռուսական» հողերն է պաշտպանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ