Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ալեքսանդր Լուկաշենկոն ընդդիմությանը կողպեքի տակ է դնում

Ալեքսանդր Լուկաշենկոն ընդդիմությանը կողպեքի տակ է դնում
23.06.2020 | 10:30

Բելառուսի իշխանության նյարդայնությունը ավելանում է՝ վերջին օրերին Մինսկում և շրջաններում կալանավորվել է մի քանի հարյուր մարդ: Նրանք բողոքում էին մի մարդու ձերբակալության դեմ, որ գուցե նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ամենալուրջ մրցակիցն է օգոստոսի 9-ին նշանակված նախագահական ընտրություններում, երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Վիկտոր Բաբարիկոն, գրում է Ալեն Բարլյուեն Le Figaro-ում: Ընդդիմության տվյալներով ճաղավանդակի հետևում է 270 մարդ, նաև՝ լրագրողներ: Բողոքներին Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքեց հայտարարությամբ, որ դավադրություն է խափանել, որը համադրելի էր 2014-ին Ուկրաինայում հեղափոխություն սադրածին: Նա դժգոհում էր, որ «թե Արևմուտքում, թե Արևելքում» գործող արտաքին ուժերը ուզում են ապակայունացնել Բելառուսը, ակնարկելով՝ վերջին տարիներին Մինսկի ու Մոսկվայի լարված հարաբերությունները: Երկար տարիների աջակցությունից հետո Ռուսաստանն իր փոքր հարևանից ցանկացավ ստանալ քաղաքական զիջումներ և կրճատեց սուբսիդիաները՝ հարուցելով 26 տարի նախագահող Լուկաշենկոյի կատաղությունը: Կառավարության քննադատությունը ուժեղացավ Covid-19-ի պատճառով՝ Լուկաշենկոն կտրականապես հերքում էր վիրուսի գոյությունը և պանդեմիան անվանում փսիխոզ: Հետևանքը 60000 վարակվածներն են, որ ռեկորդային թիվ է՝ բնակչության թվի համեմատությամբ: Նախագահական ընտրությունների մոտենալով՝ գերիշխում է ընդդիմության թեկնածուի հարցում անորոշությունը: Բելառուսի նախագահը, որ կարծում էր իրեն նորից կվերընտրեն առանց որևէ խնդրի, դրսևորում է տենդային նյարդայնություն: Մայիսին Ալեքսանդր Լուկաշենկոն նոր կառավարություն նշանակեց՝ կազմված բացառապես ուժային կառույցների ներկայացուցիչներից: Վերջին ժամանակներս Լուկաշենկոն փորձում էր մերձենալ Արևմուտքին, բայց ուրբաթ օրը մերժեց իրեն ուղղված ԱՄՀ-ի խնդրանքը՝ վերջապես միջոցներ ձեռնարկել Covid-19-ի տարածման դեմ, որի դիմաց ֆինանսական օգնություն էր առաջարկվում: Մոսկվան հերքում է որևէ միջամտություն Մինսկի ներքին գործերին, մերժում է նաև պնդումները, որ աջակցում է Վիկտոր Բաբարիկոյին: Այդ խաչաձև կրակը նշանակալից բարդացնում է Բելառուսի նախագահի վիճակը, որ բացահայտորեն հայտնվել է մեկուսացման մեջ:
Ալեն Բարլյուե, Le Figaro


Հ.Գ. Ինչ վատ գիտեն ֆրանսիացիները Բատկային: Նա վաղը մասնակցելու է Մոսկվայում շքերթին և Պուտինի ականջը սղոցելու է, թե որքան նվիրված է մայր Ռուսիային, որ անգամ ԱՄՀ-ից փող չի վերցնում: Ո՞վ է ինչ-որ Բաբարիկո, որ կարողանա իր պես կառավարել երկիրը ու հավատարիմ մնալ ցարին: Նա վաղը իր հաղթանակի երաշխիքներն է պոկելու Պուտինից ու վերադառնալու է Մինսկ, որ հայտարարի՝ Բելառուսի անկախությունից բարձր արժեք աշխարհում չկա ու ինքն այդ արժեքի պահպանության երաշխիքն է: Միակ երաշխիքը:
Բելառուսում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է 518-ով՝ հասնելով 59,023-ի: Համաճարակի սկզբից մահացել է 351, ապաքինվել է 37 923 հիվանդ, կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 877 000 տեստ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10223

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ