Ֆրանսիան կոչ է անում «առանց նաիվության» քննարկել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները

Ֆրանսիան կոչ է անում «առանց նաիվության» քննարկել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները
27.06.2020 | 07:16

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է Թուրքիայի հետ քննարկում սկսի «առանց տաբուների ու նաիվության», որպեսզի կարողանա «պաշտպանել սեփական շահերը»: Ավելի վաղ Փարիզն արդեն կոչ էր արել ՆԱՏՕ-ին՝ լուծել թուրքական պրոբլեմը: «Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որ ԵՄ-ն շատ արագ սկսի առարկայական քննարկում առանց տաբուի, առանց նաիվության ԵՄ-Անկարա ապագա հարաբերությունների հեռանկարների մասին: Եվ որպեսզի ԵՄ-ն հստակ պաշտպանի սեփական շահերը, որովհետև դրա համար ունի միջոցներ»՝ հայտարարել է Ժան Իվ Լե Դրիանը Սենատում: AFP-ը հիշեցնում է, որ հայտարարությունն արվել է Փարիզի ու Անկարայի հարաբերությունների վատացման շրջագծում՝ Լիբիայի իրադարձությունների պատճառով: Հունիսի 17-ին Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել էր, որ Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցող ֆրանսիական նավը ենթարկվել է «ագրեսիվ գործողությունների» Թուրքիայի կողմից: Անկարան հերքել է մեղադրանքները: Փարիզը ՆԱՏՕ-ին կոչ է արել դադարեցնել «ջայլամի քաղաքականությունը» ու լուծել «թուրքական պրոբլեմը»: Հունիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ միջադեպի հետաքննություն է սկսվել: «Մենք չենք կարող պնդել, որ ՆԱՏՕ-ում չկա թուրքական պրոբլեմ: Պրոբլեմը կա և այդ մասին պետք է խոսել ու խնդիրը լուծել»՝ մեջբերել է Reuters-ը Ֆրանսիայի ՊՆ աղբյուրի տեսակետը: Լիբիական կոնֆլիկտում Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ում ճանաչված Ազգային համաձայնության կառավարությանը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ, որ հակամարտում է մարշալ Խալիֆա Խաֆթարին և նրա Լիբիայի ազգային բանակին: Ֆրանսիան հայտարարում է իր չեզոքությունը՝ հերքելով Խաֆթարին աջակցության մեղադրանքները:
RFI


Հ.Գ. Խալիֆա Խաֆթարին աջակցում են Ռուսաստանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, որ հայտարարել է թուրքական ագրեսիայի շարունակման դեպքում ռազմական աջակցության մասին Խաֆթարին:


2019-ի նոյեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի «ուղեղը մահացել է» և իբրև օրինակ բերեց Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում, միաժամանակ՝ ԱՄՆ զորքերի դուրսբերումը Սիրիայից, որի մասին ալյանսի մյուս գործընկերները չեն զգուշացվել: Մակրոնը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառությունը, որտեղ նշվում է, որ ալյանսի մասնակիցներից մեկի վրա հարձակման դեպքում մյուսները պետք է նրան օգնեն: «Եթե Բաշար Ասադի վարչակարգը վճռի վրեժ լուծել Թուրքիայից, մենք կռվի մե՞ջ ենք մտնելու: Դա իսկական հարց է»՝ ասել է Ֆրանսիայի նախագահը: Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում Մակրոնն անվանել էր «վիթխարի պրոբլեմ ՆԱՏՕ-ի համար»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Էմանուել Մակրոնի «ուղեղի մահվան մասին», որ հարկադրեց Ֆրանսիայի ԱԳՆ-ին Թուրքիայի դեսպանին բացատրությունների հրավիրել: Փաստացի այսօր միայն Հունաստանին, Կիպրոսին ու Ֆրանսիային է հուզում Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը, ԵՄ մյուս երկրները և ԱՄՆ-ը մատների արանքով են նայում Էրդողանի «չարաճճիություններին» Միջերկրականում, Սիրիայում ու Լիբիայում: Հիմա նաև՝ Լիբանանում: Սիրիա-Լիբիա-Լիբանան եռանկունին Թուրքիային հնարավորություն է տալիս Միջերկրական ելքի, Կիպրոսի հատուկ գոտում հորատումները ավելացնում են Անկարայի էներգետիկ հաբ ստեղծելու ախորժակը: Պատահական չէ, որ Էրդողանը կրկնակի կրճատել է «Թուրքական հոսքով» ռուսական գազի՝ Թուրքիա մտնող ծավալը: Եթե Մակրոնին հաջողվի այս հարցում ստանալ Պուտինի աջակցությունը, Էրդողանը դառը գին կվճարի ագրեսիայի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ