Արփինե Հովհաննիսյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Արփինե Հովհաննիսյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
29.06.2020 | 22:20

Իրավական հետևանքների վերաբերյալ մեկնաբանություն հնարավոր չէ տալ, քանի որ սա ամբողջությամբ քաղաքական գործընթաց է, և իրավունքի որևէ նորմ այդ գործընթացում չի պահպանվել: Հետևաբար ակնկալել՝ ինչ է լինելու հետայսու, բացառապես կախված է իշխանության հերթական ցանկությունից կամ քմահաճույքից՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ գործընթաց է հաջորդելու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին: Նա ընդգծեց՝ ակնհայտ է, որ թեկուզ ապօրինի սահմանադրական գործընթացների տրամաբանության ներքո ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է ՍԴ մասին օրենքում կատարել համապատասխան փոփոխություն, և այդուհետ դրա հիման վրա անհատական իրավական ակտերով դադարեցնել նրանց լիազորությունները:

«Քանի դեռ դա չի կատարվել, ով որտեղ ինչ մեկնաբանություն ուզում է անի, այդ դատավորների լիազորությունները դադարեցված չեն: Դեռ 2-3 օր առաջ էի ասել, որ ՍԴ մասին օրենքում փոփոխությունը կենսական անհրաժեշտություն ունի, քանզի Սահմանադրության նորմերը այդ տեսանկյունից անմիջականորեն չեն գործում»,-նշեց նա: Հարցին՝ այս գործընթացներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի միջազգային վարկի վրա, Հովհաննիսյանը պատասխանեց, թե իր կարծիքով՝ ՀՀ-ն անպայմանորեն բավականին թանկ գին է վճարելու եթե ոչ կարճաժամկետ, ապա միջնաժամկետ կտրվածքով։ «Սա գործիք է տարբեր միջազգային կազմակերպությունների և տարբեր «խաղացողների» ձեռքում, որն օգտագործվելու է ՀՀ-ի դեմ, որովհետև այն կառույցները, որոնք եվրոպական տիրույթում սկզբունքորեն պատասխանատու են իրավունքի գերակայության, ժողովրդավարության ապահովման համար, արձագանքել են, տվել են բացասական գնահատական, որն ուղենշային դերակատարում է ունենալու թե՛ անհատական տիրույթում՝ ՄԻԵԴ-ում գործընթացի դիտարկման ժամանակ, թե՛ մոնիթորինգային մարմինների կողմից խնդիրը դիտարկելիս»,-ասաց Հովհաննիսյանը:


Նրա խոսքով՝ ակնհայտ է նաև, որ ՀՀ միջազգային իրավական հեղինակությունը խաթարվել է: «Մենք համալրել ենք այնպիսի երկրների շարքը, որոնց դեմ ՄԻԵԴ-ում նմանատիպ հակասահմանադրական գործընթացներով արդեն կան որոշումներ: Խոսքս վերաբերում է Ուկրաինային, Հունգարիային: Վստահ եմ, որ դատավորները գնալու են իրենց անհատական շահերի պաշտպանության հետևից»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այս ողջ գործընթացում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և ՀՀ նախագահի գործելակերպը, Հովհաննիսյանը պատասխանեց, թե Հանրապետության նախագահի գործողություններին չի ցանկանում գնահատական տալ, քանզի համարում է, որ մենք հանրապետության նախագահ չունենք: «Ինչ վերաբերում է կոչումով ընդդիմադիր համարվող խմբակցություններին, մի բան կարող եմ ասել՝ եթե խմբակցությունը չափից ավելի ջանք ու եռանդ է թափում, որ ապացուցի, որ ընդդիմադիր է, բայց ինչ-որ անհեթեթ պատճառաբանություններից ելնելով՝ չի կատարել իր գլխավոր ընդդիմադիր գործառույթը, նշանակում է՝ այդ խմբակցության՝ իրականում ընդդիմադիր լինելու հետ կապված խնդիր կա: Եթե որևէ մեկի մոտ կասկած չի ծագում, որ դու ընդդիմադիր ես, նշանակում է՝ դու հասարակական-քաղաքական «խաղատախտակի» վրա ճիշտ ես կատարում քո գործառույթը: Երբ սկսում ես խաղալ իշխանության խաղը, բայց, միևնույն ժամանակ, բոլորին սկսում ես ջերմեռանդորեն ապացուցել, որ ընդդիմություն ես, նշանակում է՝ ընդդիմություն չես»,-ասաց Հովհաննիսյանը:


Հարցին՝ եթե ապացուցվի Սահմանադրության խախտումը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կարո՞ղ են խուսափել պատասխանատվությունից՝ քվեարկությանը չմասնակցելու հիմնավորմամբ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե քրեաիրավական տեսանկյունից ենք դիտարկում՝ մասնավորապես՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման տեսանկյունից, ապա չեմ կարծում, որ այստեղ իրավական պատասխանատվության հարց կարող է բարձրանալ: Բոլորովին այլ հարց, թե հետագայում ինչեր կպարզվեն՝ քաղաքական դիրքորոշումների շարժառիթների հետ կապված»:

Դիտվել է՝ 295

Մեկնաբանություններ