Չինաստանի խորհրդարանը այսօր միաձայն ընդունեց Հոնկոնգին վերաբերող անվտանգության վիճահարույց օրինագիծը։ Չինաստանի կենտրոնական իշխանությունների կողմնակիցները պետական դրոշներով ու շամպայնով նշել են օրենքի ընդունումը։ Հոնկոնգի բնակիչները օրինագծի դեմ զանգվածային ցույցեր էին անցկացնում՝ պնդելով, որ խախտում է Հոնկոնգի ինքնավարությունը։ Այսօր ևս նրանք բողոքի ակցիա են անցկացրել։ Նրանց պաստառների վրա գրված էր․ «Հոնկոնգի ազատագրումը մեր օրերի հեղափոխությունն է»։ «Ես կարծում եմ` անվտանգության մասին ընդունված օրինագիծը նշանակում է, որ «մեկ երկիր՝ երկու համակարգ» կառավարման բանաձևն այլևս գոյություն չունի»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։ Օրինագիծը քննադատողները պնդում են, որ այն խախտում է Հոնկոնգի գործարար համայնքի իրավունքներն ու քաղաքական ազատությունները` Հոնկոնգին զրկելով ինքնավարությունից։
Արևմտյան կառավարությունները ևս խստորեն քննադատել էին Պեկինի նախաձեռնած օրինագիծը։ Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմը այսօր կրկնել է Պեկինի դիրքորոշումը` հավաստիացնելով, թե օրինագծի թիրախում քրեական փոքրամասնությունն է, իսկ Հոնկոնգի բնակիչների մեծ մասը կպահպանի իր հիմնարար իրավունքները։