Գնացքը

Գնացքը
21.07.2020 | 15:45

Գնացքը հակառակի պես սովորականից բարձր էր սուլում, ու տունը ցնցվում էր ծանոթ աղմուկով: Երեխան հազիվ էր քնել: Ջերմությունը չէր իջնում: Թե ոնց մրսեց, էդքան էլ տաք է հագցնում, բայց էլի հիվանդանում է: Քանի դեռ Բաբկենը էն լրբի հետևից Երևան չէր գնացել, երեխան էսքան շուտ-շուտ չէր հիվանդանում: «Ի՞նչ կապ ունի»,- անվստահ հակաճառեց Լուսինեն: Լավ էլ գիտի, որ իր արածն է: Կուրսում ինչքան թոկից փախած կար, բերեց լցրեց տուն: Բաբկենի ուժն էլ մենակ իր վրա էր պատում, քրոջ առաջ խոնարհ հարս էր: Չմերժեց: Մի հարսանիքի ծախս արեց: «Դե լավ, անմեր երեխա է, թող ուրախանա»,- ասաց: Գիտեր իր թույլ տեղը, գիտեր, որ խղճի գերի է: Անմեր երեխա է ասելով՝ Լուսինեին նստեցրեց գլխին: Լուսինեն պիտի ամենալավը հագներ, Լուսինեն պիտի ամենալավը ուտեր. անմեր երեխա է, թող ընկերներից հետ չմնա, թող գրպանում փող լինի: Իրենք էլ թաղվեն պարտքերի մեջ:


-Բաբկենը տանը չէ՞ր, որ երեխան կարմրուկ ընկավ:
-Որ կուրսդ չբերեիր, տուն լցնեիր, Բաբկենը հիմա էլ տանը կլիներ:
-Ես շատ իմանայի՞,- Լուսինեն խեղճացավ:
Իզուր ասաց: Հո դիտմամբ չարե՞ց: Աղջիկը ուզում էր շրջապատ մտնել, ուզում էր ազատ խոսել, ազատ ծիծաղել, նրանց պես սիրուն հագնվել: Գյուղի երեխա էր, ուզում էր իրեն հավասարի պես ընդունեին երևանցի համակուրսեցիները, ուզում էր նրանցից մեկը լինել: Տուն էր բերել, որ ցույց տար՝ ինքը ծակից չի դուրս եկել, երկհարկանի տուն ունի, տան կողքով հոսող գետակ, այգի՝ իսկական դրախտ: Հո դրանք չէ՞ին իմանալու, որ հենց իրենք ջհանդամվեն, գնացքն անցնելու դղրդալով, ցնցելու է տունը: ՈՒ ճվճվում էին.
-Օ՜, ինչ ռոմանտիկ է պատուհանիդ տակով անցնող գնացքը::
Դրանք չէին իմանալու, որ տունը գետակից խոնավություն է քաշում, ու խորքի ննջարանի պատը բորբոս է բռնել:
-Ի՜նչ անուշ է խշշում գետը,- ասում էին ու ջուրը լցվում:
Դրանք ի՞նչ իմանային, թե ինչ տանջանքով է Բաբկենը խնամում այգին, ինչ տանջանքով է ծաղիկը բերք դարձնում: Դրանց համար բերքը երկնքից էր թափվել ծառերի վրա: Գազանի նման խնձորը պոկելիս ճյուղն էլ հետն էին պոկում: Ինքը չդիմացավ, ասաց՝ պտուղը պոկեք, ոչ թե ճյուղը: Բաբկենը գույնը գցեց: Ոչ էլ վիրավորվեցին, հռհռում էին: Բոլ զխտկվելուց հետո սկսեցին իրար դեղձերով խփել: Հետո ասին՝ դաբոն բեր, խաղող մզենք, մաճառ սարքենք: Դաբոյին էլ ասում էին՝ կաթսա: Կաթսան գլխներիդ կպչի: Էդ ինչքա՜ն խաղող փչացրին: էն լիրբը փեշերը քշտել էր, բդերը բացել, մտել դաբոյի մեջ: Ոտներով տրորում էր խաղողն ու կչկչում: Բդերը՝ բրոնզագույն ու ողորկ, արևի տակ շողշողում էին: Արևը մտել էր երկար թարթիչների մեջ, փայլփլում էր մազերին...Բաբկենը նայում էր հիացած: Երբեք Բաբկենի էդ հայացքը չէր տեսել, մի նոր, ուրիշ հայացք էր՝ անհոգ-վերացած...
-Ո՜Ւ, ո՜ւ, ո՜ւ...,- նորից սուլեց գնացքը: Վախեցած նայեց երեխային: Հանգիստ քնած էր, բայց թուշիկները կարմիր էին. ջերմությունը դեռ չէր իջել: Էն Սեդան էլ իրեն դրել է գիտնականի տեղ, ասում է՝ երեխաների հուզաշխարհը շատ անպաշտպան է, հոր կարոտից օրգանիզմի դիմադրողականությունը կարող է ընկնել: Իսկ եթե ճի՞շտ է ասում: Ինչքան չլինի, հոգեբան է, 6 տարի սովորել է: Գուցե ճիշտ է ասում, ու հիմա իր մեղքով է երեխան հիվանդ: Բաբկենին ասաց՝ ոտքդ էլ էս տուն չմտնի: Ասաց՝ երեսդ չտեսնեմ: Գուցե, իրոք, պետք չէ՞ր երեխային կտրել հորից: Լենա զալոն էլ կրակ է. ասում է. «Մենակ քեզ նման դեբիլը իր գյոզալ մարդուն ուրիշին նվեր կտար: Փոխանակ էնպես անեիր, որ մարդդ գնար, գար, դեռ հաջողացնեիր՝ մի երեխա էլ ունենայիր: Փշի-փշի անեիր, սիրեիր: Հիմա նա կին ունի, դու սիրուհի խաղայիր, գյոզալ մարդուդ նվեր տվիր երևանցի չեխոտկային»:


Բաբկենը գյուղի ամենասիրուն տղան էր: Առհասարակ, ոչ մեկին նման չէր Բաբկենը: ՈՒ՞մ էր քաշել էդ իր ձևերով, նրբանկատությամբ, տակտով: Ոնց որ հացթուխ Սիրանի ու տրակտորիստ Մելոյի տղան չլիներ: Ախր դեմքով էլ սրանց նման չէր: Գետնից կպած Սիրանը, Գուլուլ Մելոն ու շիմշատ Բաբկենը... Բոյով, ուսերը՝ լայն, մազերը՝ գանգուր, քիթը՝ փոքր, աչքունքը՝ սև: Ինքն էլ՝ տաղանդավոր: Վրձինը դնում էր թղթին ու պատկերդ դաջում մեջը: Եթե ինքն իմանար, որ կեսուրն էր ընտրել իրեն, հաստատ կմերժեր: Ինքն ի՞նչ իմանար, որ Բաբկենը ուզեցել է գնա երևան, նկարչական ընդունվի, Սիրանը չի թողել: Ասել է՝ ոչ մի սովորել, քո ոտը հասավ Երևան, էլ հետ չես գա, լրբի փայ կդառնաս: «Որ չթողեցիր սովորելու գնա, լրբի փայ չդարձա՞վ, մեր ջան: Լավ էր շուտ մեռար, չտեսար, թե տունդ ոնց դատարկվեց: Յոթ թոռ էիր ուզում: Հա, բա՞...Մեկի հույսով մնաց օջախդ, Աստված պահի բալիս»:
Լուսինեն է մեղք: Բաբկենն ասաց՝ արի քաղաք գնանք, Անին քո համակուրսեցին է, քեզ էլ շատ է սիրում: Չեմ գա՝ ասաց Լուսինեն, ես հարսիկին մենակ չեմ թողնի: Հետո զրույցը երկարեց: «Քո արածը բանի նման չէր, ապեր, շատ վատ բան արիր»: «Ես էլ չիմացա՝ ոնց ստացվեց: Որ դու Անիենց տանը չմնայիր, էդ բանը չէր լինի»: «Անին հենց դիտմամբ էլ ինձ իրենց տուն տարավ, որ քեզ ճանկի»: «Էդպես մի ասա: Անին քեզ շատ է սիրում, ուզեց, որ վարձ չտաս, ինքն էլ մինչև ծնողների գալը մենակ չլինի: Դե, ես էլ շուտ-շուտ քեզ մոտ էի գալիս: Սիրտս կպավ, չիմացա՝ ոնց եղավ: Երկուսս էլ սիրահարվեցինք»: Ինքը կողքի սենյակից ականջները սրած լսում էր քույր ու ախպոր զրույցը: «Հարսիկիդ համոզի՝ մեկ-մեկ գամ, երեխային տեսնեմ»: «Ես երես ունե՞մ հարսիկի մոտ: Իմ պատճառով դժբախտացավ»: «Դու ի՞նչ անես, դու մեղավոր չես»: «Դու մեղավոր չես, ես մեղավոր չեմ, բա ո՞վ է մեղավոր: Կարո՞ղ է՝ հարսիկն է մեղավոր»:


Տունն սկսեց ավելի ուժեղ ցնցվել, գնացքը մոտեցել էր: Դուրս եկավ բակ: Երբ դեռ չէր ամուսնացել, գնացքի ձայնը լսելուն պես դուրս էր գալիս բաց պատշգամբ: Իրենց տւնը գյուղի մյուս ծայրին էր, ու գնացքի ձայնը հեռվից էր լսվում: Ինքը դուրս էր գալիս պատշգամբ, որ գնացքի ձայնը լավ լսվի: Գնացքը երեկոյան էր գալիս՝ մայրամուտին ու սուլում էր: Գնացքն իր սիրելին էր, իր հեքիաթը, պտտվում էր աշխարհով մեկ ու հետ էր գալիս իր մոտ: Գնացքն ուրիշ ձայնով էր սուլում այն ժամանակ, քաղցր էր սուլում, ոչ թե հիմիկվա պես զիլ ու անիմաստ: Ինքը հենվում էր բազրիքին, ու յասամանի ծաղիկները, հասնում երկրորդ հարկ, քսվում էին դեմքին: Երբ ծաղիկներ են հպված դեմքիդ, գլուխդ լցվում են երազանքներով: Ամեն ինչ հեշտ է թվում: ՈՒ երազում էր, որ մի օր գնացքը կկանգնի կայարանում, մի տղա կիջնի գնացքից: Գնացքը նրան հեռուներից կբերի: Գնացքը խոստանում էր, որ կբերի: Երբ ավելի փոքր էր, երբեմն վազում էր կայարան: Գնացքը սահում էր դանդաղ, ու լուսամուտից երևում էին ուղևորների դեմքերը: Ոմանք նայում էին անտարբեր, ոմանք ժպտում էին, ոմանք էլ ձեռքով էին անում: Նույնիսկ մի անգամ կապույտ ժակետով մի աղջիկ պատուհանից ծամկալներ նետեց իրեն ու օդային համբույրներ ուղարկեց: Ինքը ամաչում էր շատ, բայց կրկնեց նրա շարժումը, պաչեց ափի մեջ ու փչեց: Յոթերորդ դասարան էր էդ ժամանակ:


Երազում էր, որ հեռուներից կգա տղան: նրա անունը Հովսեփ կամ Աղվան չի լինի, այլ մի ուրիշ բան: Ասենք՝ Ալեն, Ռոման կամ էդ տիպի մի բան։ Սպիտակ կոստյումով կլինի, սև եզրերով սպիտակ ցիլինդրով; Կինոյի մեջ էր տեսել: Բոյով կլինի, բարակ, նուրբ ու սիրուն: Երբ պատմում էր մորը, մայրը ծիծաղում էր՝ բայց էդ տղան ինչու՞ պիտի անծանոթ գյուղ գա: Քիչ պատճա՞ռ կարող է լինել, ասենք՝ կիջնի գնացքից, որ Սերոբի խանութից գլխացավի դեղ առնի ու կուշանա... Հետո կմտնի գյուղ, որ մեկի տանը մնա մինչև հաջորդ գնացքի գալը: Ինքը էդ ժամանակ դուրս կգա հոքորենց տնից էն բարակ, դեղին շորով, որ բիձին էր բերել Կրասնոդարից: Էն, որ փեշը կարճ է, նուրբ ու ժանյակազարդ: Մազերը շաղ տված դուրս կգա հոքորենց տնից... Հոքորենց տունը գնացքին կպած է, Բաբկենենց հարևանն են: Բաբկենին մաման իրեն հոքորենց տանը տեսավ էլի, չպիտի տեսներ:


-ՈՒ՜, ու՜, ոՒ՜....,- նորից լսվեց սուլոցը, ու գնացքը դուրս եկավ այգու հետնամասից: էս ե՞րբ մաշվեց: Կանաչը խունացել, ծեփը թափվել էր: Լուսամուտները ճաքած էին ու կեղտոտ: Պղտոր ապակիներին կպած մարդիկ նույն դեմքն ունեին:
-ՈՒ՜...,- գնացքը սուլեց այս անգամ ուղիղ ականջի տակ:
-Ցա՜վ ,- ասաց, նեղսրտած,- մի քիչ ցածր ծղրտա էլի, անտեր, երեխան արթնացավ:


Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5824

Մեկնաբանություններ