«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

The Washington Post-ը «անզուսպ բռնապետ» է որակում Ալիևին

The Washington Post-ը «անզուսպ բռնապետ» է որակում Ալիևին
30.07.2020 | 22:31

The Washington Post-ը քննադատել է Ադրբեջանի նախագահին` որակելով անզուսպ բռնապետ, որի գործողությունները սեփական ընդդիմախոսների դեմ մտահոգիչ պետք է լինեն բոլորի համար:

«Իլհամ Ալիևն ափերից դուրս է եկել», - նշված է խմբագրականում՝ հիշեցնելով, որ մինչ այդ էլ Ադրբեջանի նախագահը առանձնապես բարյացկամ չի եղել անկախ լրագրողների կամ ընդդիմախոսների հանդեպ: «Փետրվարյան խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային դիտորդներն արձանագրել էին իրական քաղաքական մրցակցության լիակատար բացակայություն: Հիմա էլ՝ կորոնավիրուսի համաճարակի, նավթի գնանկման ու Հայաստանի հետ լարվածության ֆոնին պարոն Ալիևը հանկարծ բացահայտել է թշնամիների «հինգերորդ շարասյունը»` ի դեմս ընդդիմության, ու սկսել են նրանց բանտերը նետել»: «Ալիևի զայրույթի նոպաները սպառնում են հողին հավասարեցնել Ադրբեջանի անկախ քաղաքական ուժերի վերջին մնացորդները», - զգուշացնում է The Washington Post-ը` մանրամասն պատմելով, թե ինչպես էր դեռ մարտին Ալիևը հրապարակավ խոստացել պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ և այդ համատեքստում խոսել «դրսի ֆինանսավորմամբ աշխատող ներքին թշնամիների» մասին, որոնց «մեկուսացումը դարձել է պատմական անհրաժեշտություն»: Այս ելույթից հետո հուլիսի 12-ին սկսվեց հայ-ադրբեջանական բախումը, որը կողմերի միջև առաջին ընդհարումն էր 2016-ից. «Զոհվեց 11 ադրբեջանցի զինվորական, այդ թվում` մեկ գեներալ, և մեկ քաղաքացիական անձ, Բաքվում բանակի պաշտպանությանը նվիրված ցույց սկսվեց: Մի խումբ ցուցարարներ կարճ ժամանակով ներխուժել էին խորհրդարան, մինչև ոստիկանությունը նրանց դուրս կհաներ, զայրացած ամբոխը նաև մի քանի ոստիկանական մեքենա էր շրջել: Ալիևն այս ցույցն օգտագործեց որպես պատրվակ` «հինգերորդ շարասյանը» հետապնդելու համար», - գրում է The Washington Post-ը, ընդգծելով՝ միջադեպի հաջորդ օրը երկարաշունչ ելույթում Ալիևը հարձակվեց Ադրբեջանի ամենամեծ ընդդիմադիր ուժի` «Ժողովրդական ճակատ»-ի վրա:

Լարված այդ օրերին ընդդիմադիր ուժի ղեկավար Ալի Քերիմլին ելույթ էր ունեցել հօգուտ զինված ուժերի ու հայտարարել`«մենք կանգնած ենք մեր պետության ու բանակի կողքին»: «Ադրբեջանի նախագահի համար, սակայն, այս խոսքերը ոչ մի նշանակություն չունեն», - փաստում է The Washington Post-ը: - Ալիևը թիրախավորեց ընդդիմադիրներին, հայտարարեց, թե «պետք է վերջ դնել հինգերորդ շարասյանը», խոստացավ գնալ կուսակցության «կեղտոտ ու կոռումպացված առաջնորդների, վախկոտների ու դասալիքների հետևից»: «Ավելին, Ալիևը պնդել էր, թե ընդդիմադիր կուսակցությունը «հայերից վատն է», - գրում է խմբագրականն ու փաստում` այդ ելույթից հետո Ադրբեջանի անվտանգության ուժերը սկսեցին ձերբակալել ընդդիմադիր կուսակցության անդամներին ու աջակիցներին:


Ըստ The Washington Post-ի աղբյուրների, Ալիևի վարչակազմը ազատազրկել է առնվազն 120 մարդու՝ ընդդիմադիր կուսակցության առաջնորդներ ու լրագրողներ կան: Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ու կառույցներ դատապարտել են ընդդիմության դեմ բռնաճնշումների հերթական այս ալիքը:
ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ օրեր առաջ կոչ էր արել Ադրբեջանին համաճարակը պատրվակ չդարձնել` ընդդիմադիր ձայներն ու հանրային քննարկումները լռեցնելու համար: «Ալիևի արտաքին քաղաքական գերատեսչությունը շտապեց արձագանքել Պետդեպին անհիմն մի մեկնաբանությամբ, - գրում է The Washington Post-ը:- Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցրել էր ռասայական խտրականության դեմ ամերիկյան ցույցերն ու հայտարարել` «այս իրավիճակում մենք չենք հասկանում` ում համար է ԱՄՆ Պետդեպարտամենտն անհանգստանում և ինչու»: «Թույլ տվեք բացատրել. ԱՄՆ-ում ցույցերը կենարար ուժ են տալիս ժողովրդավարությանը, որը ունի խնդիրներ, բայց երաշխավորում է խոսքի և հավաքների ազատության, այդ թվում` նախագահին քննադատելու իրավունքը»: «Երկաթյա բռունցքով ընդդիմախոսներին ոչնչացնելու` Ալիևի քաղաքականությունը հակասում է ժողովրդավարությանը, և հենց այդ է պատճառը, որ այս անզուսպ բռնապետի գործողությունները պետք է մտահոգության առարկա դառնան յուրաքանչյուրի համար», - եզրափակել է The Washington Post-ի խմբագրականը:

Դիտվել է՝ 599

Մեկնաբանություններ