Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

1918-ի օգոստոսի 1-ին Առաջին Հանրապետության խորհրդարանը գումարեց անդրանիկ նիստը

1918-ի օգոստոսի 1-ին Առաջին Հանրապետության խորհրդարանը գումարեց անդրանիկ նիստը
31.07.2020 | 21:15

1918 թ-ի օգոստոսի 1-ին Հայաստանի առաջին օրենսդիր մարմինը՝ Հայաստանի Խորհուրդը գումարեց անդրանիկ նիստը։ Խորհրդի շենքի շուրջ տիրում էր տոնական եռուզեռ։ Խորհրդի համար հատկացվել էր Երևանի կենտրոնական այգու դիմաց գտնվող քաղաքային ակումբի շենքը, որը նախապես հարմարեցվել էր Խորհրդի գործունեությանը։ Ժողովուրդը խմբվել էր այգում, զորքը դրոշակներով և երաժշտությամբ՝ այգուն շրջապատող փողոցներում։ Նիստը հանդիսավոր կերպով բացեց Խորհրդի նախագահ, ծնունդով ստեփանավանցի Ավետիք Սահակյանը հետևյալ խոսքերով․ «Անկախության օրը կդառնա մեզ համար պատմական և կբանա մի նոր լուսավոր դարաշրջան մեր երիտասարդ պետության կյանքում, ինքնուրույն քաղաքական և տնտեսական զարգացման համար»։

Նիստին ներկա էին Խորհրդի անդամները, Կառավարության ներկայացուցիչները՝ վարչապետ Հ․ Քաջազնունու գլխավորությամբ, բարձրաստիճան զինվորականներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներ։ Դահլիճի կենտրոնական հատվածը հատկացված էր Դաշնակցությանը, աջ կողմը՝ Ժողովրդական կուսակցությանը, ձախակողմյան հատվածը՝ Սոցիալ-դեմոկրատներին և սոցիալ-հեղափոխականներին։ Ընդլայնված Ազգային Խորհրդի կազմում ընդգրկված էին նաև թուրքերի, ռուսների, եզդիների ներկայացուցիչներ։
Հատկանշական է նաև այն փաստը, որ 1919 թ-ից հայ կանայք ևս ստացան ընտրելու և ընտրվելու իրավունք։ 1919թ-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրվեցին երեք կին պատգամավորներ՝ Կատարինե Զալյան-Մանուկյան (Արամ Մանուկյանի կինը), Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան և Վարվառա (Վարյա) Սահակյանը (Ավետիք Սահակյանի կինը)։


Ավաղ կարճ տևեց Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի գործունեությունը, ինչը պայմանավորված էր 1920 թ-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմամբ։
Լուսանկարներում Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի առաջին նախագահ Ավետիք Սահակյանի (Հայր Աբրահամ) կիսաանդրին է տեղադրված 2018թին, Ստեփանավան քաղաքի իր անունը կրող պուրակում։


Մարիամ Մանուկյան
Ա. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ավագ գիտական աշխատող

Դիտվել է՝ 23278

Մեկնաբանություններ