Սեպտեմբերի 1-ին մի խումբ գյումրեցիներ Շիրակի մարզպետարանին դիմակներով պատրաստված պսակ նվիրեցին՝ ակնկալելով, որ այն իրական հասցեատիրոջը՝ Նիկոլ Փաշինյանին կփոխանցեն։ Ակցիայի մասնակիցներից էր նաև մարդու իրավունքների փորձագետ, աղետի գոտու 1994-96 թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք և՛ այս ակցիայի, և՛ ներքաղաքական այլ հարցերի շուրջ։
-Ո՞րն էր Փաշինյանին դիմակներով պսակ նվիրելու իմաստը։
-Այսօր Հայաստանում տապալված են գրեթե բոլոր ոլորտների աշխատանքները, այդ թվում` կորոնավիրուսի դեմ պայքարը։ Բոլորս էլ լավ հիշում ենք, թե ինչպիսի անպատասխանատու վերաբերմունք ձևավորվեց համավարակի նկատմամբ, դրա կանխման աշխատանքները ուշացրին, իսկ հետո ապաշնորհ կառավարման ականատես եղանք։ Ապաշնորհ վարչապետը, կառավարությունն ամեն ինչի մեղքը բարդում են ուրիշի վրա, այս դեպքում մեղավոր էր ժողովուրդը, քանի որ դիմակ չէր կրում։ Վերջին մի քանի ամսում բոլոր ձախողումներն արդարացնում էին դիմակներ չկրելու հանգամանքով, իսկ Փաշինյանն էլ թաքնվում է դիմակի հետևում։ Այս թիմն իշխանության եկավ գռեհիկ, անընդունելի մեթոդներով՝ սև ժապավեններով, դագաղներով, պսակներով, բնականաբար մենք չէինք կարող նույն կերպ պատասխանել նրանց, մեր դաստիարակությունը դա թույլ չէր տա, դրա համար որոշեցինք դիմակներով պսակ նվիրել։ Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը, մենք միշտ լավ ենք տոնել, ուրախացել ենք մեր դպրոցահասակ երեխաներին դպրոց ճանապարհելու կապակցությամբ, իսկ այս իշխանության ապաշնորհության պատճառով հերթական տոնը տապալվեց։
-Դուք հիշեցրիք սև ժապավենները, դագաղները, բայց իշխանության ներկայացուցիչները, նրանց համախոհները հակառակն են փաստում, թե այս իշխանությունը բերել է ժողովրդավարության բարձր մակարդակ, անհաշտ պայքար է տանում կոռուպցիայի դեմ, մի խոսքով, մենք ապրում ենք երջանիկ երկրում։ Այդպես չե՞ք կարծում։
-Այս երկու տարվա ընթացում երկրում ոչ մի առաջընթաց չի գրանցվել։ Իրենց հայտարարած յուրաքանչյուր պայքար ձևական բնույթ է կրել, եղել է էժանագին շոու։ Այս ընթացքում մենք տեսել ենք ընդամենը ծրագրեր, գործողություններ, որոնք ուղղված էին պետության թուլացմանը, ընտանիքի հիմքերը խարխլելուն, բոլոր արժեքները, սրբությունները քանդելուն, այն սրբությունները, որոնք մեր ազգի հիմքն են, որոնցով մենք գոյատևում ենք, պահպանում մեր ինքնությունը։ Վերադառնալով կրկին Գիտելիքի օրվան, փաստենք, որ միակ բանը, ինչին ձգտում էր այս իշխանությունը, քաղաքացու տոն ունենալն էր, մնացած տոները, արժեքները փորձեցին չկարևորել, այդ թվում մեր պատմության հերոսական էջերը, հերոսներին, հաղթանակները, որոնք մեր զավակների արյան գնով էին նվաճել։ Ոչ մեկը չի մոռացել, թե ինչպես Սասուն Միքայելյանն ավելի կարևորեց «թավշյա հեղափոխությունը», քան արցախյան գոյամարտը, կամ 2019-ին ավելի քիչ գումար հատկացրին անկախության, քան քաղաքացու տոնի համար։ Այսպիսի իրողություններ կարելի է երկար թվել։ Վերջին թարմ օրինակն էլ առանց հինավորման, սեպտեմբերի 1-ի տեղափոխումն էր սեպտեմբերի 15, որպեսզի ավանդույթ դարձած Գիտելիքի օրը մոռացության մատնվի։ Ավելին, ես Փաշինյանի ֆեյսբուքյան էջը թերթեցի, բայց այդպես էլ սեպտեմբերի 1-ին առնչվող ոչ մի արձագանք չգտա։ Լայվերի ու անիմաստ գրառումների սիրահար վարչապետը նույնիսկ չէր էլ անդրադարձել սեպտեմբերի 1-ին ու դրա խորհրդին։ Ինձ թվում է, թե այդ մարդն ատում է այն ամենը, ինչը կապված չէ իր «թավշյա հեղափոխության» հետ, որը հայ ժողովրդի կյանքում ոչ մի դրական փոփոխություն չբերեց, ավելին, հանգեցրեց ավելի խոր խնդիրների առաջացման, որոնք անգամ այս իշխանության հեռացումից հետո շատ երկար ժամանակ, էներգիա ու ռեսուրսներ կպահանջեն դրանք լուծելու, ավերածը վերականգնելու համար։
-Դուք այս իշխանության ամենամեծ խնդիրը համարում եք արժեքների խեղու՞մը։
-Այո, այսօր այնպիսի իրավիճակ են փորձում ստեղծել, իբր մեր կյանքը, մեր պատմությունը սկսվում են 2018-ից, իսկ նախկինում ինչ եղել է, անարժեք է։ «Նոր Հայաստան» խայտառակ տերմինի ստեղծումն էլ դրա վկայությունն է։ Փաշինյանն իշխանության եկավ մանիպուլյացիաների, դրսից ներմուծված տեխնոլոգիաների, ստի արդյունքում, և հովանավորներն էլ նրա առջև Հայաստանը քանդելու, ավերելու խնդիր են դրել։ Չպետք է լինի որևէ բան, որը մեր ինքնության մասին կհիշեցնի։ Հայ ժողովրդին պահում է ընտանիքի գաղափարը, որում ամփոփված են որոշակի սովորություններ, ավանդույթներ։ Գուցե շատ կրկնեցի սեպտեմբերի 1-ի կարևորությունը, բայց դրա օրինակով պետք է փաստենք, որ այդ օրը մարդիկ ինչ-որ ձևով համախմբվում են, միմյանց հետ շփվում, ուրախանում, իրենց կամ հարազատի, հարևանի երեխաներին ճանապարհում դպրոց, երեկոյան հավաքվում, նշում։ Այս կառավարությունն ամեն ինչ անում է, որ այդ մարդկային շփումը չլինի, որովհետև նա վախենում է ընտանիքի գաղափարից։ Ընտանիքի ամրության պատճառով չի կարողանալու Ստամբուլյան, Լանզարոտի կոնվենցիաներն անցկացնել, միս ու արյուն տալ դրանց։ Փաշինյանը վախենում է նաև, որ մարդիկ համախմբվելով կսկսեն քննադատել իր ապաշնորհ կառավարումը։ Չեմ զարմանա, որ մի օր էլ հիմար օրենք ընդունեն, կամ պարետի որոշում լինի, որը կարգելի բարև տալն այն հիմնավորմամբ, որ դրանով հնարավոր է վիրուս տարածվի։
-Դուք, լինելով աղետի գոտու 1994-96 թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ, հայտարարել էիք, որ սեպտեմբերին այս իշխանության որոշ ներկայացուցիչների առնչությամբ բացահայտումներ եք անելու, գուցե հիմա՞ որոշ փակագծեր բացեք։
-Մենք ուսումնասիրություն արել ենք մասնավորապես Անդրանիկ Քոչարյանի գործունեության վերաբերյալ և այն մասը, որը հրապարակման նպատակահարմար էինք գտել, հրապարակեցինք, մնացածի մասին առայժմ չեմ ցանկանում բարձրաձայնել, զեկույցով առաջիկայում հանդես կգանք։ (Հիշեցնենք, որ Կարապետ Պողոսյանը օգոստոսին իր ֆեյսբուքյան էջում «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի առնչությամբ հետևյալ գրառումն էր արել.
«1. Աղետի գոտում, Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում ի՞նչ հանգամանքներում «ՈՒրալՍիբՇին» կազմակերպության տնօրինության տակ գտնվող մոտ 800 վերամբարձ կռունկները հայտնվեցին ՀՀ տարածքից դուրս։
2. Ըստ օդում կախված լուրերի՝ տվյալ ժամանակահատվածում առևանգել են վերոնշված կազմակերպության տնօրեն ՝ «Սևուկ» մականունով Լյովա Հարությունյանի որդուն, ապա ավտոմեքենան հրդեհել։ «Սևուկը» «ատամներով» պահում էր կազմակերպության գույքը։ Ի՞նչ առնչություն ունեք Դուք այս ամենի հետ։
3. Ըստ օդում կախված լուրերի՝ Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում աղետի գոտուն հատկացված արհեստական շնչառական ապարատները հայտնվել են Թուրքիայում։ Ի՞նչ առնչություն ունեք Դուք այս ամենի հետ։
4. Տվեք պարզաբանում՝ ի՞նչ հանգամանքներում «Գյուղշինտրեստում» աղետի գոտու շինաշխատանքների համար պահեստավորված մոտ 120 տոննա ամրանները և երկու գերմանական «Լիդնեռ» մակնիշի ավտոկռունկները անհետացան աղետի գոտուց։
5. 1996 թ. ՆԳՆ Շիրակի օդանավակայանի բաժնի պետ է աշխատել Ա. Վարդանյանը (Պանել Աշոտ, ով հանդիսացել է Ձեր հովանավորյալը)։ Ըստ օդում կախված լուրերի՝ Ձեր պաշտոնանկությունից մի քանի օր առաջ ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզային վարչության պետի միջնորդությամբ վերջինս ազատվել է աշխատանքից, և նրա փոխարեն նշանակվել է Ս. Պողոսյանը (Գմբ)։ Վերջինիս պաշտոնում նշանակվելուց ժամեր անց, ըստ ավագ գյումրեցիների (ականատեսների), մի քանի ժամ շարունակ ինքնաձիգներից կրակահերթեր են եղել ՆԳՆ Շիրակի մարզային վարչության ուղղությամբ։ Ի՞նչ առնչություն եք ունեցել դուք այդ կրակոցների հետ։ (Ըստ օդում կախված լուրերի՝ ՆԳՆ Շիրակի օդանավակայանի բաժինը Ձեզ ամենաշատ «նալոգ» ապահովող կառույցն է եղել)։
5.1 Ըստ օդում կախված լուրերի՝ ակտիվ կրակողներից մեկը եղել է Ձեր թիկնապահ ոմն Արթուրը։ Արդյոք նրա նկատմամբ իրականացվե՞լ է քրեական հետապնդում։
5.2 Նույն օրը, արյունահեղությունը կանխելու նպատակով, Գյումրի էր ժամանել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Հայկ Հարությունյանը։ Ձեր մեկնաբանությունը։
5.3 Ըստ օդում կախված լուրերի՝ նույն օրը Ս. Պողոսյանը իր ընտանիքին թաքցրել է Երկաթգծի Գյումրու կայարանի բանվորների հերթափոխային սենյակում՝ «Լետուշկա»։ Ս. Պողոսյանի ընտանիքին ի՞նչ վտանգ էր սպառնում։
5.4 Հայկ Հարությունյանը երկու օր Գյումրիում մնալուց հետո հեռացել է։ Նույն օրը, գիշերը ժամը երեքին, Դուք ձեր շրջապատով Շիրակի մարզի Մարալիկ-Սառնաղբյուր խաչմերուկում դիմավորել եք սպարապետ Վազգեն Սարգսյանին, ով մեքենայից իջնելով Ձեզ ապտակել է։ Հարց՝ ի՞նչ հայհոյանք տվեց Ձեզ սպարապետը և ինչու։
Ըստ ականատեսների՝ դուք նրա մեքենայի հետևից շարժվել եք Երևան և այլևս չեք վերադարձել։ Շարունակելի...»)
-Հետաքրքիր է, որ Ձեր նշած անձը, որին վերագրվում է այս բոլորը, այսօր նախկին իշխանությունների սխալների մասին ամենաբարձրն է աղաղակում։ Ավելին, նրան վերապահվել է նաև ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը ղեկավարելու գործը։ Այս առնչությամբ ի՞նչ կասեք։
-Հայաստանի քաղաքական էլիտան (չնայած էլիտա այնտեղ չկա), կառավարությունում, խորհրդարանում հավաքվածների մեծ մասը չի էլ գիտակցում, թե իրենք ինչ պիտի անեն ու ինչով զբաղվեն։ Դա նույնն է, որ հիմա ես սկսեմ շինարարության մասին դասեր տալ, սա աբսուրդ է։ Բայց այստեղ կա շատ ավելի վտանգավոր բան։ Երկրորդեմ` Փաշինյանն ատում է և՛ ազգային, պետական տոները, և՛ հերոսներին։ Սրանով էր պայմանավորված, որ նա սկսեց նսեմացնել արցախյան գոյամարտի պատմությունը, հերոսներին, հնարավորինս մեծ հարված հասցնել ապրիլյան քառօրյային։ Այսինքն, խայտառակություն է, երբ դասալիքները սկսում են քննել ապրիլյան քառօրյա պատերազմը։ 25 տարի անց էլ Անդրանիկ Քոչարյանին Գյումրիում հիշում են «Հրեշ Անդո» անունով։ Անդրանիկ Քոչարյանին ԱԺ բերելը և նման կարևոր հանձնաժողով վստահելը մեկ նպատակ ունի՝ նսեմացնել ապրիլյան քառօրյայի մեր հերոսական օրերը։ Չցանկանալով ամենևին կնոջը վիրավորել, բայց վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ զինվորական հագուստով, ավտոմատով վերջին լուսանկարները մեր բանակը նսեմացնելու հերթական փորձն են։ Առհասարակ, բանակը մեզ համար միշտ եղել է սրբություն, այսօր ոչ մի ընդդիմադիր վատ լույսի ներքո չի անդրադառնում բանակին, որովհետև բանակը մեզ համար սրբություն է, քաղաքական պայքարից առավել կարևոր կառույց, որը ոչ մի կերպ չպետք է արժեզրկել։ Մինչդեռ այս իշխանությունը նման հիմար ֆոտոսեսիաներով, հանձնաժողով ստեղծելով, բանակին առնչվող տարբեր գործողություններով նպատակ ունի նսեմացնելու, ստորացնելու բանակը։
-Ո՞րն է բանակը նսեմացնելու նպատակը, դրանով ի՞նչ հարց են լուծում։
-Եթե Հայաստանը փորձում են առաջ տանել սորոսական ծրագրերով, պետք թուլացնել երեք կարևոր ինստիտուտ՝ ընտանիք, եկեղեցի, բանակ։ Երկու տարի ու կես հաջողությամբ իրագործում են այդ ծրագիրը, հայ ժողովրդի կարևորագույն այդ սյուները պիտի քանդեն։ Այս իշխանության նպատակը ոչ թե հայ մարդ ունենալն է, այլ հայաստանցի, ինչը հաջողությամբ փորձում են կյանքի կոչել։ Հիշենք թեկուզ Սփյուռքի գործերով հանձնակատարի այն հայտարարությունը, թե Հայաստանը պիտի արաբների, ասորիների հայրենիքը դառնա։ Սրա նպատակն այն է, որ Հայաստանում չլինի 97 տոկոս միատարրություն։
-Հանրությունը գիտակցու՞մ է նշված խնդիրների սրությունը, ունի՞ բավարար դիմադրողականություն այդ վտանգների առաջ կանգնելու համար։
-Ցավոք, 2018-ից սկսած որոշակի ժամանակ հասարակությունը թմբիրի, էյֆորիայի մեջ էր, բայց այսօր իրավիճակն այլ է։ Կարծում եմ՝ առաջիկայում մեծ համախմբում է լինելու, որն իր մասշտաբայնությամբ ավելի հզոր է լինելու, քան մանիպուլյացիաների ու տեխնոլոգիաների արդյունքում 2018-ին եղավ։ Այսօր մեզ ոչ մի տեխնոլոգիա այլևս պետք չէ, շատ շուտով հասարակությունն ընդվզելու է և մեր կյանքից դուրս է մղելու սորոսական, դրսի գումարներով մեր երկիրը քանդողներին։ Հայ ժողովուրդը չի գնա այլասերում տարածող, ազգակործան քաղաքական գործիչների հետևից։ Չեմ ցանկանում շատ հոռետեսական սցենար կանխագուշակել, բայց այս կառավարությանը սարսափելի ճակատագիր է սպասում ու նաև բոլոր նրանց, որոնք փորձեցին մեր մեջ կոտրել այն բարոյական հիմքերը, որոնք դարերի փորձությունն են անցել։
-Որպես գյումրեցի, Դուք հանրային տրամադրությունների ի՞նչ փոփոխություն եք տեսնում այդտեղ։
-Հասարակության գրեթե մեծ մասը, որն ի վիճակի է ինքնուրույն մտածելու, հասկացել է, որ խաբված է եղել, իրեն օգտագործել են, տարիներ շարունակ որպես իրականություն սխալ տեղեկություններ են մատուցել։ Այսօր վերարժևորման փուլում ենք, մարդիկ սկսում են հասկանալ, վերագնահատել այն անձանց, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են ժողովրդին, բայց մշտապես դեղին մամուլի հարձակումների տակ են եղել։ Չեմ կասկածում, որ շուտով ազգային նոր զարթոնք է լինելու։
-Դուք այդ մեծ համախմբումն ինչպե՞ս եք պատկերացնում, ովքե՞ր են լինելու առաջին շարքերում, նախկին ղեկավարնե՞րը, ովքե՞ր պիտի ուղղորդեն այդ շարժումը։
-Հայաստանում համախմբում կարող են իրականացնել ազգային ուժերը։ Հայ ժողովրդի փրկությունը կախված է ազգային ուժերից, բնականաբար, և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահները պարտադիր կունենան դրանում իրենց ներդրումը։ Դժվար է ասել, թե ովքեր կլինեն լիդերները, բայց նախագահները մեծ ավանդ ունեն և՛ Արցախի, և՛ Հայաստանի կայացման գործում, նրանց հեղինակությունն ու փորձն անգնահատելի են։ Գյումրու առումով կարող եմ փաստել, որ շատերը նրանց հանդեպ վերաբերմունքն ու նախկին կարծիքը փոխել են։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ