Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

Նավալնիի գործում շատ հանելուկներ կան

Նավալնիի գործում շատ հանելուկներ կան
10.09.2020 | 09:29

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահափորձում շատ հարցականներ կան: Մոսկվան ու Բեռլինը վիճում են գործի մեկնաբանության մենաշնորհի շուրջ: Սակայն ամբողջությամբ համոզիչ չէ ոչ մի կողմի բարձրաձայնած վարկածը: Փաստարկման թույլ կետեր և անպատասխան հարցեր գործում, որ կարող է հասցնել Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների վերջնական խզման և սպառնալիքի տակ դնի «Հյուսիսային հոսք-2» նախագիծը, կան և Բեռլինում, և Մոսկվայում՝ գրում է Անդրե Բալենը Handelsblatt-ում: Ռուսական փաստարկումը այս սկանդալում հիշեցնում է խաբուսիկ մանևրները ուկրաինական ճգնաժամում: Նավալնու գործով օդում սավառնում են ավելի շատ պաշտոնական ու կիսապաշտոնական վարկածները: Եթե սկզբում տարածվեց ալկոհոլային թունավորման վարկածը, ավելի ուշ բժիշկները ախտորոշեցին նյութափոխանակության խախտում: Բայց դա ոչինչ չի բացատրում, որովհետև նյութափոխանակության խախտման պատճառը պարզ չէ: Նավալնին 44 տարեկան է, դիաբետիկ չէ: Առողջության լուրջ խնդիրների մասին նախկինում հայտնի չէ: Ալկոհոլի հետ պրոբլեմների՝ նույնպես: Այլապես կրեմլյան քարոզչությունը դա սիրով կթմբկահարեր: Վերջին ժամանակներս Մոսկվան թույլ է տվել բժիշկներին բացահայտ խոսել Նավալնիի սխալ սննդակարգի մասին՝ իբրև կոմայի հնարավոր պատճառի: Բայց դրա դեմ է սիբիրցի բժիշկների բուժման մեթոդը, որ փրկել են նրա կյանքը:

Նրանք Նավալնիին ատրոպին են ներարկել, որն օգտագործվում է թունավորումների դեպքում: Որ Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը կտրականապես հերքում է թունավորումը կամ մեծահոգաբար հավելում, որ Նավալնին չի թունավորվել համենայն դեպս՝ Ռուսաստանի տարածքում, որպեսզի վարկաբեկի Գերմանիայի լաբորատոր հետազոտությունների արդյունքները, նույնքան կասկածելի են, որքան Մոսկվայի հրաժարվելը քրեական հետաքննությունից: Բելառուսի նախագահի ներկայացրած իբր գաղտնալսված խոսակցությունը Բեռլինի ու Վարշավայի միջև, որ պետք է հաստատեր թունավորման մեղադրանքների կեղծումը, ավելի շուտ ամրապնդում է պետական կառույցների առնչության կասկածը, որքան հերքում է: Ռուս ընդդիմադիրի գործով անհայտներ կան և մյուս կողմում՝ խոսքը իբր «քիմիական մարտական թունավոր նյարդակաթվածահարող թույնի մասին է՝ Նովիչոկների խմբից»: Այդպես է բանաձևել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն իր մեղադրանքը: Ցավոք, առավել մանրամասն տեղեկություն նյութի մասին չկա, ուստի շատ հարցեր մնում են բաց; «Նովիչոկը» մկնդեղի, սինիլային թթվուտի կամ ռիցինի պես թույն է, որ կարելի է անհատական դոզավորել: «Նովիչոկը« մշակվել է իբրև զանգվածային ոչնչացման զենք: Այդ թույնը դժվար է դոզավորել, նույնիսկ աննշան քանակի մոլեկուլները ցրվում են օդում: Դա ակնհայտ էր Սկրիպալի գործում, երբ ռուս գործակալի վրա մահափորձից հետո թույնի հետքերը Սոլսբերիում ամենուր էին: Երբ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլիան 2018-ին կարողացան փրկվել, ավելի ուշ թունավորումից մահացավ պատահական մի կին: Սիբիրում Նավալնին հանդիպել է տեղի ընդդիմադիր ակտիվիստների հետ ու իր թիմի ուղեկցությամբ է շրջել: Նա վատ է զգացել Մոսկվայի ճանապարհին՝ ինքնաթիռում: Բայց ոչ ոք, որ նրա հետ թռել է ինքնաթիռում կամ ուղեկցել է, թունավորման ախտանիշներից չի բողոքել: Սովետական քիմիկոս Վլադիմիր Ուգլևը, որ «Նովիչոկի» մշակողներից է, հայտարարել է, որ այն ժամանակ ատրոպինը կտրականապես բացառվում էր իբրև անտիդոդ: Նավալնիի դեպքում ատրոպինը դրական արդյունք է տվել, որ հակասում է «Նովիչոկով» թունավորվելու պնդմանը: Թեպետ այս ընթացքում թույնը կարող էր կատարելագործվել: Բոլոր դեպքերում՝ հասկանալի չէ՝ ինչու պիտի ՌԴ կառավարությունը, մեղադրանքի համաձայն, օգտագործեր հենց տխրահռչակ նյարդակաթվածահարող թույնը, որ արդեն բացահայտվել է արևմտյան լաբորատորիաներում, իսկ հետո թեկուզ հապաղումով, Նավալնիին բուժման ուղարկեր Գերմանիա ենթարկվելով բացահայտման ռիսկին:
Անդրե Բալեն, Handelsblatt


Հ.Գ. Մաքսիմիլիան Կիվելը և Յուլիան Ռեպկեն Bild-ում գրել են, որ Գերմանիայի կառավարությանը ճշգրիտ հայտնի է թույնի ծագումը, որով թունավորվել է Ալեքսեյ Նավալնին: Ռուսաստանի ընդդիմության առաջնորդի աննախադեպ թունավորումը, նրա սենսացիոն փրկությունը և բժշկական ինքնաթիռով Բեռլին փոխադրումը, թույնի անալիզը բունդեսվերի հատուկ լաբորատորիայում լրտեսական դետեկտիվ է հիշեցնում, բայց դա դառը իրականություն է: Առավել հստակ է դառնում, որ Գերմանիայի կառավարությունը գիտի՝ ի՞նչ թույն է օգտագործվել Նավալնիի մահափորձի ժամանակ, որտեղի՞ց է վերցվել, ո՞վ մուտք ունի և ո՞վ է պատասխանատու թունավորման համար: Երկուշաբթի խորհրդարանի՝ հատուկ ծառայությունների աշխատանքի համար պատասխանատու վերահսկողական կառույցի անդամները իրազեկվեցին Նավալնիի գործով հատուկ ծառայությունների եզրակացություններին: Հատուկ ծառայություններին հաջողվել է համոզիչ ապացուցել, որ թունավորման հետևում իրոք ՌԴ պետական օրգաններն են: Վճռական դեր է խաղացել բունդեսվերի լաբորատորիան: «Դաշնային կառավարությունը և հատուկ ծառայությունները բոլոր հարցերով տվեցին համոզիչ բացատրություն՝ ինչու են Նավալնիի գործում Ռուսաստանի դերի հարցում եկել հստակ դիրքորոշման»՝ հայտարարել է Արմին Շուստերը՝ Բունդեստագի խորհրդարանական վերահսկողության կառույցի նախագահը:
Հիմա՝ քաղաքակա՞ն, թե՞ մասնագիտական է գերմանացիների եզրակացությունը: Եվ ի՞նչ է կատարվելու ռուս-գերմանական հարաբերություններում՝ «Շարիտեի» պացիենտի պատճառով, որ կանցլեր Անգելա Մերկելին հերթական տհաճ անակնկալն էր հարթ տեղում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ