Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

ԵՄ-ն ավելին պետք է տա, քան միայն խոսքերը

ԵՄ-ն ավելին պետք է տա, քան միայն խոսքերը
13.09.2020 | 15:53

Բելառուսի դեմ պատժամիջոցները կարող են տապալվել Կիպրոսի ու Թուրքիայի վեճի պատճառով՝ գրում է Մաթիաս Կոլբը Süddeutsche Zeitung-ում: Օգոստոսի կեսին ԵՄ պետություններն անոնսեցին պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ իբրև արձագանք նախագահական ընտրությունների կեղծման: Խոսքը ԵՄ մուտքի արգելքի և հաշիվների արգելափակման մասին էր: Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ընդդիմության դեմ բռնությունների պատճառով ցանկը մեծանում էր և հիմա ներառում է 40 անուն: «Մեզ թվում էր, որ մենք պատժում ենք նրա չափազանց փոքրաթիվ օգնականների»՝ ասել է դիվանագետներից մեկը և հաղորդել, որ ԵՄ 27 երկրները շատ համախմբված են: Հիմա ամբողջ համախմբումը հարցականի տակ է, քանի որ Կիպրոսը արգելափակում է պատժամիջոցները Լուկաշենկոյի ենթակաների նկատմամբ: Անհարմար իրավիճակ է ստեղծվում՝ ԵՄ-ն չի կարող աջակցել իրեն անմիջապես մոտ դեմոկրատական խաղաղ շարժումը՝ հարևան մեկ այլ կոնֆլիկտի պատճառով: Կիպրոսը մեկ նպատակ ունի՝ երկու շաբաթից արտահերթ սամիթում պետությունների ու կառավարությունների ղեկավարները պետք է Թուրքիայի նկատմամն պատժամիջոցների մասին որոշում ընդունեն: Կիպրոսը վստահ է, որ միայն դրանից հետո Թուրքիան կդադարեցնի երկրաբանահետախուզական աշխատանքները Միջերկրականի արևելյան մասում, որ Աթենքն ու Նիկոսիան համարոււմ են անօրինական: Օգոստոսին ԱԳ նախարար Նիկոս Քրիստոսուլիդին ԵՄ-ի «հուսալիության հարց» համարեց, որ պատժամիջոցներ սահմանվեն ինչպես Բելառուսի, այնպես էլ Թուրքիայի նկատմամբ. «Մենք չենք ուզում երկակի ստանդարտներ գործեն»:

Իրավիճակն այնքան լուրջ է, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հաջորդ շաբաթ մեկնելու է Հունաստան, Կիպրոս ու Մալթա: Բելգիացին գիտի՝ որքան բարդ են հարաբերությունները Թուրքիայի հետ, երկիրը ոչ միայն ՆԱՏՕ-ի 22 անդամների համար է գործընկեր, այլև կարևոր դեր է խաղում միգրացիոն քաղաքականության հաջողության մեջ: Բրյուսելում անհանգստություն է զգացվում, որ Կիպրոսի գործողությունները նվազեցնում են Աթենքի ու Անկարայի միջև միջնորդության շանսերը: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը թերթերում Թուրքիային անվանել է «պատերազմի ծարավ», նրա խոսքով՝ եթե Անկարան խելքի չգա, «այլ ելք չի մնա արդյունավետ պատժամիջոցներից բացի»: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Twitter-ում կանցլեր Անգելա Մերկելի ու Շառլ Միշելի տեսակոնֆերանսի լուսանկարի տակ գրել է. «ԵՄ-ն ավելին պետք է տա, քան միայն խոսքերը»: Միշելը գիտի ԵՄ անդամ երկրների շահերը, որ ցանկանում են օգնել Բելառուսի ընդդիմությանը: Twitter-ում նա դատապարտել է Լուկաշենկոյի կոշտ գործողությունները՝ պահանջելով «արագացնել պատժամիջոցների ընդունման գործընթացը»: Հնարավոր ուղերձն է՝ Կիպրոսը չպետք է համառի: Թուրքիայի առավել ու առավել ագրեսիվ գործողությունները Միջերկրականում չարացնում են և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որ հինգշաբթի Կորսիկայում հանդիպել է Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Մալթայի, Կիպրոսի ու Հունաստանի կառավարությունների ղեկավարների հետ: «Թուրքիան այլևս արևելյան Միջերկրականի գործընկեր չէ»՝ հայտարարել է նա: Մեկ այլ լուր Փարիզից ԵՄ-ում ու ՆԱՏՕ-ում ընդունել են լուռ ու դրական՝ Ալեքսեյ Նավալնիի թունավորումից հետո Ռուսաստանի հետ «ռազմավարական երկխոսությունը», որ Մակրոնը սկսել է 2019-ին և որը քննադատում էին ոչ միայն Լեհաստանն ու Մերձբալթիկան, սառեցվում է: ԱԳՆ և ՊՆ նախարարների ծրագրված հանդիպումները հետաձգվել են: Շանսերը, որ ԵՄ-ն ավելի համախմբված հանդես կգա համենայն դեպս Ռուսաստանի հանդեպ, հավանաբար, կմեծանան:
Մաթիաս Կոլբ, Süddeutsche Zeitung


Հ.Գ. Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մերձավորների նկատմամբ, հնարավոր են նաև այլ սահմանափակումներ՝ հայտարարել է փոխպետքարտուղար Ստիվեն Բիգենը։
Նա հաստատել է՝ Վաշինգտոնը չի ճանաչում օգոստոսի 9-ի ընտրությունների լեգիտիմությունը, որի արդյունքում վեցերորդ անգամ հաղթող էր ճանաչվել Ալեքսանդր Լուկաշենկոն։ Պետդեպը հայտարարել էր, որ քվեարկությունն ազատ և արդար չէր, դատապարտել էր Լուկաշենկոյի վարչակազմի բռնաճնշումները ընդդիմադիր առաջնորդների և խաղաղ ցուցարարների դեմ։ «ԱՄՆ-ը կողմ է նոր՝ այս անգամ արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը», - հայտարարել է փոխպետքարտուղարը։ Ստիվեն Բիգենը տարակուսանք է հայտնել Ռուսաստանից Լուկաշենկոյին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ․ «Եթե Կրեմլը շարունակի այդ քաղաքականությունը, կարող է հասնել նրան, որ Բելառուսի ժողովուրդը, որ ոչ մի թշնամական վերաբերմունք չունի Ռուսաստանի նկատմամբ, սկսի հանդես գալ Մոսկվայի դեմ», - ասել է նա։

ԱՄՆ փոխպետքարտուղարը կոչ է արել ՌԴ նախագահին առաջիկա Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հարց բարձրացնել քաղբանտարկյալների ազատ արձակման, ընդդիմադիրների դեմ բռնությունները դադարեցնելու մասին։ Թե ինչ պատժամիջոցներ է պատրաստվում Վաշինգտոնը Լուկաշենկոյի վարչակազմի դեմ, փոխպետքարտուղարը չի մանրամասնել, բայց նշել է, որ Վաշինգտոնը հիմա այդ հարցը քննարկում է եվրոպացի դաշնակիցների հետ։ ԵՄ-ն պատրաստվում է մինչև այս ամսվա վերջ պատժամիջոցներ սահմանել երեք տասնյակ բելառուս պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են ընտրախախտումներին ու ընդդիմության դեմ բռնություններին։ Բացի այդ՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում սկսվել են Կիպրոսի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները։ Կիպրոսի ՊՆ տվյալներով՝ կղզու Ազգային Գվարդիայի և ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 20-ը։ «Զորախաղերի ընթացքում երկու երկրների զինվորականները զբաղված են լինելու լոգիստիկ և նավարկությանը վերաբերող խնդիրների համակարգմամբ», - նշված է Կիպրոսի ՊՆ հայտարարության մեջ։ Համատեղ զորավարժությունները մեկնարկել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Կիպրոս այցից առաջ։
Փաստացի՝ Ժան Միշելը ճիշտ է՝ ԵՄ-ն պետք է ավելին տա, քան բառերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1501

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ