ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը պետք է պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը

ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը պետք է պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը
20.09.2020 | 21:24

Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները խորապես հիասթափեցնող են, հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


«Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։ Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ կան բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին, - նշել է խոսնակը:-Մենք գիտակցում ենք խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլի հարձակմամբ և 2020-ի հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները»։
Ըստ նրա` որպեսզի այդ վնասները չդառնան անդառնալի, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի «ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը», հրաժարվի արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը։ Աննա Նաղդալյանը նաև շեշտել է, որ Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը: «Եվ հենց այդ վստահությամբ վերստին ընդգծում ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», - նշել է նա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել էր՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների տապալման մեղավորը Հայաստանի ղեկավարությունն է: «Ես բացասական եմ գնահատում բանակցությունների ներկա վիճակը։ Բանակցություններ փաստացի չեն ընթանում։ Ես ասել եմ, որ մենք չենք մասնակցի բանակցություններին հանուն տեսանելիության: Դա նշանակում է, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, իսկ դա նշանակում է, որ մենք չենք ցանկանում միանալ Հայաստանի խորամանկ քաղաքականությանը»,- շաբաթ օրը ադրբեջանական հեռուստաընկերություններին հարցազրույցում հայտարարել էր Իլհամ Ալիևը:

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ