ԱՄՆ-ը հայտարարում է Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների մասին, բայց ՄԱԿ-ը դեմ է

ԱՄՆ-ը հայտարարում է Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների մասին, բայց ՄԱԿ-ը դեմ է
21.09.2020 | 10:56

ԱՄՆ-ը հայտարարել է, որ ուժի մեջ են մտել ՄԱԿ-ի պատժամիջոցները Իրանի դեմ և խոստացել է պատժել պատժամիջոցները չպահողներին, բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում չի ընդունել: «ԱՄՆ-ը ակնկալում է, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները լիովին կհամապատասխանեն իրենց պարտավորություններին այդ միջոցները կատարելու մեջ: Ի հավելումն զենքի էմբարգոյին պատժամիջոցները ներառում են սահմանափակումներ՝ Իրանին արգելված է մասնակցել ուրանի հարստացմանը ու մշակմանը, փորձարկել ու մշակել բալիստիկ հրթիռներ, արգելված է Իրանին տեխնոլոգիաներ փոխանցել՝ կապված ատոմի ու հրթիռների հետ» շաբաթ երեկոյան հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: ԱՄՆ-ը սպառնացել է այն երկրներին, որ համաձայն չեն այդ որոշմանը:

«Եթե ՄԱԿ-ի անդամ երկրները չեն կատարի այս պատժամիջոցների իրականացման իրենց պարտավորությունները, ԱՄՆ-ը պատրաստ է օգտագործել իր ներքին իրավասությունները, որ կազմակերպի այդ չկատարման հետևանքները և ապահովի, որ Իրանը չօգտվի ՄԱԿ-ի արգելած գործունեոթյան օգուտներից»՝ հայտարարել է պետքարտուղարը: ԱՄՆ-ի դիրքորոշմանը համաձայն չեն Ռուսաստանը, ԵՄ-ն ու Իրանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վետո է դրել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները վերադարձնելու փորձի վրա, որ հանվել էին 2015-ի միջուկային գործարքից հետո սեե օգոստոսին: 15 անդամ պետություններից շատերը այն ժամանակ վիճարկեցին ԱՄՆ-ի այդ առաջարկը, որովհետև 2 տարի առաջ դուրս է եկել համաձայնագրից: Դոնալդ Թրամփի վարչակարգը փորձեց նախաձեռնել պատժամիջոցների վերադարձ, երբ Անվտանգության խորհուրդը մերժեց ԱՄՆ-ի բանաձևի նախագիծը, որով անորոշ ժամկետով երկարացվում էր Իրանին զենքի մատակարարման էմբարգոն: Ներկա արգելքի ժամկետը լրանում է հոկտեմբերին: Միջուկային գործարքի համաձայն՝ համաշխարհային տերությունների խումբը՝ Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Գերմանիան, թուլացրին Իրանի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ոլորտում գործունեության սահմանափակման դիմաց: Իրանը մտադիր էր ապացուցել, որ միջուկային զենք չի ստեղծում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել պատժամիջոցները վերականգնելու որոշում, հայտարարել են մի քանի երկրներ: «ԱՄՆ-ը չի կարող համարվել համաձայնագրի մասնակից և չի կարող նախաձեռնել ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման գործընթաց՝ ԱԽ 2231 բանաձևի համապատասխան: Ուստի պատժամիջոցները հանելու պարտավորությունները՝ համաձայնագրի համաձայն՝ շարունակում են կիրառվել»՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: ՌԴ ԱԳՆ ևս արձագանքել է ԱՄՆ հայտարարությանը՝ որակելով «սպեկուլյացիա» և «թատերական բեմադրություն»:


«Փաստերը վկայում են, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ձեռնարկել որևէ գործողություն, որը կհանգեցներ Իրանի նկատմամբ նախկին պատժամիջոցների վերականգնմանը: Այն ամենը, ինչ անում է Վաշինգտոնը, թատերական բեմադրություն է՝ ԱԽ-ն ենթարկելու իր Իրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությանը և այդ հեղինակավոր կառույցն իր ձեռքի գործիք դարձնելու համար: Հնարքը չանցավ»՝ հայտարարել է ԱԳՆ-ն: «ԱՄՆ-ը սխալ կողմ է ընտրել: Թեհրանի ուղերձը Վաշինգտոնին հստակ է՝ վերադարձեք համաշխարհային հանրություն, գործեք ձեր պարտավորությունների համաձայն, դադարեցրեք բունտը: Այդ դեպքում համաշխարհային հանրությունը ձեզ կընդունի»՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն: Անցած շաբաթ Ռեյտերը, հղում անելով անանուն 4 աղբյուրների, տեղեկացրել է, որ Դոնալդ Թրամփը մտադիր է հրամանագիր ստորագրել, որը թույլ է տալիս երկրորդական պատժամիջոցներ սահմանել ցանկացած երկրի դեմ, որը կխախտի Իրանին սովորական զինատեսակներ մատակարարելու արգելքը: Խախտողի առաջ կփակվի ԱՄՆ-ի շուկան:
BBC


Հ.Գ. Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մերժել են ԱՄՆ-ի առաջարկը՝ սեպտեմբերի 20-ից հետո Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին՝ ասված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված այս երկրների` ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչների նամակում: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան՝ հակառակ ԱՄՆ-ի դիրքորոշմանը, հրաժարվել են վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները, որոնք չեղյալ են հայտարարել 2015-ին իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի ստորագրումից հետո:
Նամակում նշվում է, որ ԱՄՆ-ի ցանկացած որոշում կամ գործողություն՝ ուղղված Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի ակտիվացմանը, իրավական ուժ չի ունենա՝ Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու պատճառով: Պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը շարադրված էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևում, որով վավերացվել է Իրանի հետ 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը: Համաձայն այս կետի, պայմանագրի պայմանները չկատարելու դեպքում մասնակիցներից ցանկացածը կարող է պահանջել վերականգնել պատժամիջոցները, իսկ մյուս կողմերը չեն կարող վետո դնել այդ պահանջի վրա: 2018-ին համաձայնագրից ԱՄՆ միակողմանի դուրս գալու պատճառով, Եվրաեռյակը կարծում է, որ Վաշինգտոնն այլևս իրավական հնարավորություն չունի պահանջելու վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցները Թեհրանի դեմ: Սպիտակ տունը համոզված է, որ Վաշինգտոնն իրավունք ունի օգտագործել այդ մեխանիզմը, քանի որ մասնակցել է բանաձևի ստորագրմանը: Դեռ պարզ չէ, թե ինչպես ԱՄՆ-ը պետք է գործարկի մեխանիզմը, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների մեծ մասը չեն աջակցում Վաշինգտոնին այս հարցում:


Ըստ էության պարզ է՝ ԱՄՆ-ը իր միակողմանի որոշումը չկատարողների դեմ պատժամիջոցներ կսահմանի, բայց ի՞նչ կտա դա ԱՄՆ-ին, բայց միջազգային մեկուսացումից: Նախագահի ընտրություններից երկու ամիս առաջ սա լուրջ հարված է Դոնալդ Թրամփի՝ Իրանի քաղաքականությանը, որ նրա նախընտրական խոստումն էր, ուստի դիրքորոշում փոխել չի կարող: Թրամփին մնում է իր ստեղծած իրավիճակից դեմքը փրկող ելք գտնել՝ չվնասելով իր ընտրողների շահերին, որովհետև հենց դա, ոչ թե խոստումը կատարել, կամ չկատարելը նրան չեն ների ընտրողները: Իրականում արկածախնդրություն է՝ դուրս գալ համաձայնագրից ու 2 տարի անց համաձայնագրի վերաբերյալ առաջարկ ներկայացնել, որ միջազգային իրավունքի, որևէ նորմի չի ենթարկվում, բայց վաղուց ԱՄՆ-ը իրեն է համարում միջազգային նորմերի հիմնադիր ու մեկնաբան, ու հիմա Թրամփի համար ֆիասկո է, որ իրեն չեն հպատակվում: Անգամ Մեծ Բրիտանիան: Թրամփը հերթական հարվածն է հասցնում միջազգային կառույցին՝ այս անգամ ՄԱԿ-ի՝ նստաշրջանի բացումից առաջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ