Եգիպտացի հնագետները 27 սարկոֆագ են պեղել

Եգիպտացի հնագետները 27 սարկոֆագ են պեղել
22.09.2020 | 10:42

Մեծ թվով սարկոֆագներ, որոնց տարիքը գերազանցում 2,5 հազար տարին, գտնվել են հին եգիպտական դամբարաններում՝ Սակարայում՝ Կահիրեից 30 կմ հարավ: Առայժմ հայտնի չէ՝ ներսում մումիաներ կա՞ն: Սեպտեմբերի սկզբին նոր բացահայտված դամբարանում գտնվել է13 փայտե սարկոֆագ, հետո ևս 14-ը՝ հայտարարել է Եգիպտոսի հնությունների գործերով նախարարությունը:

«Նախնական զննությունը վկայում է, որ սարկոֆագները կնքված են ու չեն բացվել հուղարկավորման պահից»՝ հաղորդել է նախարարությունը: Հրապարակված լուսանկարներում երևում են լավ պահպանված գունավոր սարկոֆագները և մանր արտեֆակտերը, որ նույնպես գույնզգույն զարդարված են: Սա պատմության մեջ ամենամեծ գտածոներից մեկն է: Տեղեկությունը չէր հաղորդվել, մինչև նախարար Խալեդ Անանին մեկնեց պեղումների վայր և շնորհակալություն հայտնեց իր աշխատակիցներին դժվար պայմաններում անձնվեր աշխատանքի համար: Ստորգետնյա տարածքը ջրհորի հատակին է՝ 11 մետր խորության մեջ: Պեղումները և գտածոների ուսումնասիրությունները շարունակվում են: Նախարարությունը հույս ունի ավելի շատ գաղտնիքներ պարզել մինչև առաջիկա ասուլիսը: Սակարան 3000 տարվա մեծ դամբարանադաշտ է, իր անունը ստացել է հին եգիպտական մահվան աստծուց՝ Սոկարից: Մ.թ.ա.23-րդ դարից այնտեղ փարավոնների չեն հուղարկավորել, նվազ կարևոր անձանց հուղարկավորումները շարունակվել են մինչև հռոմեական ժամանակներ: Սակարայի դամբարանադաշտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է:
BBC


Հ.Գ. Մենք, իհարկե, եգիպտացիների նման բուրգեր չենք կառուցել, բայց եգիպտացիների կեսի չափ գոնե արքաներ ու դամբարաններ ունեցել ենք մեր երկրի տարածքում ու նաև այն հատվածում, որ հիմա Հայաստանի Հանրապետություն է: Բայց մենք շատ քիչ բերդեր ու դամբարաններ ենք գտել մինչև հիմա: Մինչդեռ Եգիպտոսը, որտեղ հազարամյակներ արդեն չեն ապրում փարավոնների ժառանգները, զբոսաշրջությունն ու իր պատմության այդ հատվածը դարձրել է բրենդ ու համարյա ոչինչ նոր չանելով՝ գումարներ է աշխատում հնությունների ցուցադրության հաշվին: Մենք, որ զբոսաշրջության զարգացում ենք ծրագրում, եգիպտացիներից պիտի սովորենք՝ ինչպես մեկ մումիայի վրա համաշխարհային սենսացիա սարքել, իմա՝ պատմական մեկ գտածոն մատուցել աշխարհին, հետաքրքիր դարձնել: Իսկ մենք միջնադարյան մառաններ ենք քանդում Դալմայի այգիներում, որովհետև չենք բարեհաճում հետաքրքրվել՝ ինչ է, որ դարից է, ինչպես կարելի է վերականգնել ու դարձնել պատմական հնավայր: Հայաստանի ընդերքը եգիպտականից քիչ գաղտնիքներ չունի, բայց մենք ուզում ու չենք կարողանում ժամանակակակից տեխնոլոգիաներն օգտագործելով՝ անցյալի գտածոները դարձնել ներկայի հարստություն: Ինչու՞:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ