ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանը՝ առաջին անգամ վիրտուալ

ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանը՝ առաջին անգամ վիրտուալ
23.09.2020 | 11:25

Երեկ սկսվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանը, որ ավանդաբար անցկացվում է սեպտեմբերին ու տևում մեկ շաբաթ: Այս անգամ, պատմության մեջ առաջին անգամ, նստաշրջանն անցնում է վիրտուալ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: 119 պետությունների ղեկավարներ նախապես տեսագրված կարճ ելույթներով դիմել են նստաշրջանի մասնակիցներին: Առաջիններից մեկը ելույթ են ունեցել Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելենսկին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Երկուսն էլ խոսել են երկրորդ աշխարհամարտի դասերի մասին: Ուկրաինայի նախագահը մեղադրել է Մոսկվային՝ համաշխարհային աշխարհակարգը խախտող Ղրիմի օկուպացիայի մեջ, ՌԴ ԱԳ նախարարը քննադատել է արևմտյան լիբերալիզմն ու պատմությունը վերանայեու փորձերը: Նստաշրջանը նվիրված է ՄԱԿ-ի ստեղծման 75-ամյակին և երկուն էլ խոսել են երկրորդ աշխարհամարտի դասերի մասին: ՙՄԱԿ-ի ստեղծումը դարձավ խորհրդանիշ, որ մարդկությունը պետք է յուրացնի երկրորդ համաշխարհայինի ողբերգական դասը: Սակայն Ղրիմի օկուպացիան և ռուսական զինված ագրեսիան Դոնբասում վկայում են, որ այդ դասը յուրացված չէ,-ասել է Վլադիմիր Զելենսկին:- Ես ուզում եմ հիշեցնել, որ դա միայն պատերազմ չէ Ուկրաինայում: Դա պատերազմ է Եվրոպայում: Եվ ոտնձգություն է ոչ միայն անկախ պետության ինքնիշխանության դեմ, այլև հիշեցնում է աշխարհում ազդեցության ոլորտների բաժանման փորձի վերադարձ՚: Սերգեյ Լավրովի կարծիքով՝ երկրորդ աշխարհամարտի գլխավոր դասը ՙպատմությունը վերանայելու փորձերի, ֆաշիզմի դեմ հաղթանակում որոշիչ դեր ունեցած ժողովուրդների ներդրումը նվազեցնելու անթույլատրելիությունն է՚: Նրա 19 րոպեանոց ելույթն ամբողջությամբ Արևմուտքի քննադատություն է, որ չի ցանկանում հաշվի նստել մյուս բոլոր պետությունների օրինական շահերի հետ և նրանց է պարտադրում լիբերալիզմի նեղ ընկալումների վրա կառուցված իր կանոնները Ռուս-ուկրաինական կոնֆլիկտը Լավրովը չի հիշատակել: Նա կոչ է արել թույլ չտալ ՙհիմնական համակարգի հիմնական օրգանների մանդատների լղոզում ու նրանց իրավասությունների պատճենում՚: ՄԱԿ-ի հիմնական օրգանը Անվտանգության խորհուրդն է, որտեղ Ռուսաստանը ԽՍՀՄ-ից ժառանգել է վետոյի իրավունքը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոսել են ՄԱԿ-ի բարեփոխումների ցանկալիության մասին: Ժամանակակից աշխարհում իրենց կշռով՝ Բեռլինն ու Դելին առաջիններից մեկն են հավակնում ԱԽ-ի մշտական անդամի կարգավիճակին:
BBC


Հ.Գ. ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձը նշվում է մարդկության համար շատ առումներով դժվար ժամանակներում, որ իր ազդեցությունն է թողնում միջազգային հարաբերությունների և այն ընդհանուր ինստիտուտների գործունեության վրա, որոնք ուղղորդում են միջազգային համագործակցությունը՝ հիմքեր ստեղծելով ընդհանուր նպատակների իրականացման համար՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձին նվիրված ելույթում, որի տեսանյութը, ինչպես մյուս երկրների ղեկավարներինը, հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում: «Պետությունների ինքնիշխանությունը, անկախ նրանց չափից և հզորությունից, ավելի լավ է պահպանվում, և ազգային շահերն ավելի լավ են սպասարկվում ներկայիս համակարգում, երբ կա հարգանք միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ», - շեշտել է Փաշինյանը:
«ՄԱԿ-ը կոչված է փարատելու միջազգային հարաբերություններում մշտապես առկա երկվությունը, որն արտահայտվում է պետությունների բնական եսասիրության և համագործակցության հավասարապես բնական անհրաժեշտության մեջ:
ՄԱԿ-ն ապացուցեց իր կենսունակությունը` այս երկու թվացյալ անհամատեղելի հասկացությունները փոխակերպելով ինքնիշխան պետությունների արդյունավետ գլոբալ համակարգի` միավորելով ընդհանուր արժեքներով և սկզբունքներով, կիսելով ապագայի ընդհանուր տեսլականը և ունենալով համագործակցության ընդհանուր ինստիտուտներ կառուցելու վճռականություն:


Արդյունավետորեն իրականացնելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը՝ ՄԱԿ-ը ծննդյան վկայականներ է տվել կամ օգնել է վերականգնել ավելի քան 100 ազգերի ինքնիշխանությունը: Շատ ժողովուրդներ, ինչպես երբեք մարդկության պատմության մեջ, հնարավորություն ստացան իրենց մասնակցությունը բերել համաշխարհային գործերին և իրացնել իրենց զարգացման ներուժը՝ ընթանալով բարգավաճման ուղով», - հայտարարել է ՀՀ վարչապետը:
Ենթադրությունը, թե այդ գործընթացն ավարտվել է Սառը պատերազմի ավարտով, միայն պատրանք է՝ ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. «Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների: Դա խորապես կհակասեր ՄԱԿ-ի հիմնարար արժեքներին և միջազգային աշխարհակարգի պատմական էվոլյուցիային: Վերջին երկու տասնամյակներում մի շարք պետությունների ի հայտ գալն այդ միտման լավագույն վկայությունն է»: «ՄԱԿ-ի համակարգի համար մեկ այլ հիմնարար արժեք է միջազգային հարաբերություններում սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելումը, որը գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման հենասյունն է և կայուն զարգացման գլխավոր նախապայմանը», - շեշտել է Հայաստանի վարչապետը: «Գլոբալ մարտահրավերները երբեմն սասանում են միջազգային համերաշխության և անհատական շահի միջև հավասարակշռությունը, երկմտություն և նույնիսկ հիասթափություն են առաջացնում միջազգային հաստատությունների նկատմամբ, ինչի մասին են նաև վկայում Covid-19 համաճարակով պայմանավորված իրավիճակը և դրա ծանր սոցիալ-տնտեսական հետևանքները», - նշել է Փաշինյանը:


«ՄԱԿ-ը սոսկ իր 193 անդամների հանրագումարը չէ: Ավելին է, քան ազգային շահերը ներկայացնելու ընդհանուր հարթակ: Այն նաև շրջանակ է ընդհանուր հետաքրքրություններ ձևավորելու, միմյանց լսելու և յուրաքանչյուրի ձայնին ականջալուր լինելու համար: ՄԱԿ-ը նաև մարդու իրավունքների պաշտպանության և դրանց կիրառման համընդհանուր գործիք է: Հնարավոր չէ անվտանգություն կառուցել առանց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի», - ասել է վարչապետը: «Այսօր, ինչպես և 75 տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն է ապահովել խաղաղություն և խթանել համերաշխությունն ու համագործակցությունը հանուն կայուն զարգացման նպատակների: Այս դժվար ժամանակներում, աշխարհի չորս ծագերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, անխոհեմ ռևիզիոնիստները փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից՝ իրական վտանգ ներկայացնելով միջազգային խաղաղության և անվտանգության համար: Պատմական իրողությունների սոցիալական ինժեներիան և նույնիսկ այլոց քաղաքակրթական ժառանգության յուրացումը դառնում են սովորական երևույթ:


Դա ևս մեկ ազդանշան է, որ մենք պետք է վերականգնենք արդյունավետ բազմակողմանիությունը` միջազգային հանրությանը տալով հզոր ինստիտուցիոնալ ողնաշար, որպեսզի այն առավել դիմացկուն դառնա համամոլորակային մարտահրավերների նկատմամբ»՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը՝ «միանալու միջազգային հանրության ջանքերին, որոնք միտված են ավելի լավ աշխարհակարգի հաստատմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, ազատության և արդարության համընդհանուր արժեքների վրա»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ