Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լուկաշենկոն վեցերորդ անգամ ստանձնեց նախագահի պաշտոնը

Լուկաշենկոն վեցերորդ անգամ ստանձնեց նախագահի պաշտոնը
23.09.2020 | 21:01

«Ծածուկ պաշտոնամուտ», - բելառուսական անկախ մամուլը այսպես է բնութագրում Ալեքսանդր Լուկաշենկոյի` այսօր Մինսկում, առանց որևէ նախնական ազդարարման երդմնակալության արարողությունը։ Այն, որ 1994-ից Բելառուսը ղեկավարող Լուկաշենկոն հենց այսօր է պատրաստվում վեցերորդ անգամ անընդմեջ ստանձնել նախագահի լիազորությունները, պարզ դարձավ միայն արարողությունից հաշված րոպեներ առաջ՝ երբ ոստիկանությունն անսպասելիորեն արգելափակեց Մինսկի բոլոր կենտրոնական փողոցները, իսկ Լուկաշենկոյին տեղափոխող շարասյունը մոտոցիկլետների ուղեկցությամբ մի քանի րոպեի ընթացքում այդ փակ փողոցներով նախագահի կեցավայրից հասավ պետության ղեկավարի նստավայր՝ «Անկախության պալատ»։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Լուկաշենկոյի երդմնակալության արարողության մասին նախապես տեղեկացված չեն եղել անգամ կառավարության անդամները։ Երդմնակալությանը մասնակցած բոլոր 700 հյուրերին՝ հիմնականում պատգամավորների, տարբեր մակարդակի չինովնիկների և ուժայինների, «Անկախության պալատ» էին բերել ավտոբուսներով։ Պետական հեռուստատեսությունը, հակառակ «Բելառուսի նախագահի մասին» օրենքում ամրագրված հստակ պահանջին, Լուկաշենկոյի երդմնակալությունը չի հեռարձակել։ Այն պահին, երբ երկրի ղեկավարը ընթերցում էր երդման տեքստը, Բելառուսի պետական հեռուստատեսության առաջին ալիքը Ռուսաստանում նկարահանված հերթական սերիալն էր ցուցադրում։


Ինքը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, նախագահական երդման տեքստը բելառուսերենով է ընթերցել, որից հետո ռուսերեն հնչեցրած ճառում, մեկ անգամ ևս հայտարարել է, որ առանց որևէ խախտումների է հաղթել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում։ «Նախագահի պաշտոնամուտի օրը, երդմնակալության օրը, մեր բոլորի հաղթանակի օրն է։ Դա ճակատագրական և համոզիչ հաղթանակ էր։ Մենք պարզապես երկրի նախագահ չէինք ընտրում, մենք պաշտպանում էինք մեր արժեքները, մեր խաղաղ կյանքը, մեր ինքնիշխանությունն ու անկախությունը», - հայտարարել է Լուկաշենկոն։
Բելառուսի ընդդիմությունը Լուկաշենկոյի գաղտագողի երդմնակալությանն արձագանքեց հաշված րոպեներ անց։ Ընդդիմության համակարգող խորհրդի անդամ, մի քանի շաբաթ առաջ Բելառուսից վտարված Պավել Լատուշկոն կոչ է անում երկրի բնակիչներին անժամկետ բողոքի գործողություններ սկսել։


«Հեռացող նախագահը, որ պնդում է, թե ստացել է ընտրողների 80 տոկոսի քվեն, այսօր ինքնաերդմնակալության հատուկ գործողություն իրականացրեց։ Այն, ինչ տեղի ունեցավ «Անկախության պալատում», ավելի շատ գողական սխոդկա էր հիշեցնում, որի նպատակը նոր օրենքով գողի թագադրումն էր», - նշել է Լատուշկոն։


Բայց մինչև ընդդիմության այս կոչը, Լուկաշենկոյի երդմնակալության մասին տեղեկությունների ի հայտ գալուն զուգահեռ Մինսկի բնակիչները սկսեցին փողոց դուրս գալ։ Առաջինը Լուկաշենկոյի նստավայրի դիմացի մայթին հայտնվեց մի տղամարդ՝ «Սաշա, վերցրու աշխատանքային գրքույկդ և գնա» կարգախոսը ձեռքին։ Ոստիկանները ցուցարարին բերման ենթարկեցին հաշված վայրկյանների ընթացքում։ Ընդդիմադիրների կոչից հետո բողոքի ակցիաները տեղափոխվեցին Մինսկի բուհեր։ Արվեստի և մշակույթի համալսարանի ուսանողները ակցիան կազմակերպել էին հենց բուհի բակում՝ վանկարկելով՝ «Սաշա, արի մեզ մոտ, մենք քեզ շնորհավորելու ենք»։

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ