Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան, փաստում են Reuters-ը և The Guardian-ը

Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան, փաստում են Reuters-ը և The Guardian-ը
29.09.2020 | 13:18

«Այս քայլով Թուրքիան Մոսկվայի հետ մրցակցության երրորդ ճակատն է բացում` Սիրիայից և Լիբիայից հետո», - գրում է The Guardian-ը: Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում, հաղորդում է Reuters-ը:

Reuters-ին հաջողվել է խոսելԱդրբեջան ուղևորվող զինյալներից երկուսի հետ, որ անանուն մնալու պայմանով պնդել են` գնում են հանուն փողի: «Ես չէի ուզում, բայց գումարի կարիք ունեմ», - ասել է վարձկաններից մեկը՝ նրան խոստացել են ամսական 1500 դոլար, որ հսկայական գումար է ծայրահեղ աղքատության մեջ գտնվող Սիրիայի համար: Ադրբեջան ուղևորվող գրոհայինը նաև պատմել է` հանձնարարությունը ստացել է Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիական ազգային բանակից»: Զինյալները պատմել են, որ իրենց նման շատ-շատերն են այդ պայմաններին համաձայնել, մեկն ասել է, թե 1000 սիրիացի է մեկնելու Ադրբեջան, մյուսն ասել է` 700-1000: Reuters-ը նրանց հետ զրուցել է անցած շաբաթ, երբ Ղարաբաղում մարտերը չէին սկսվել: Վարձկանները նաև մեկ այլ ուշագրավ տեղեկություն են հայտնել` իրենց Ադրբեջան են ուղարկելու մինչև սեպտեմբերի 25-ը, այսինքն՝ բուն բախումներից երկու օր առաջ:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «լիակատար անհեթեթություն» է որակել սիրիացի վարձկաններին ներգրավելու մասին հարցը: «Մեր զինված ուժերը պետք եղածից ավելի զինվոր ու պահեստազոր ունեն», - պնդել է նա:


Ադրբեջանը դեռ նոր էր տարածել հերքումը, երբ նույն թեմայով հոդված հրապարակեց բրիտանական The Guardian-ը: Հոդվածի հեղինակը պարբերականի ստամբուլյան թղթակիցն է, որ տեղեկությունները ստացել է առաջին ձեռքից` սիրացի երեք գրոհայիններից: Նրանք ասել են, որ պայմանագիր են ստորագրել թուրքական մի մասնավոր ընկերության հետ` Ադրբեջանում որպես սահմանապահ աշխատելու համար: The Guardian-ը զրուցել է երկու եղբայրների հետ, որ խնդրել են իրենց իրական անունները չհրապարակել, բայց պատմել են` Ադրբեջան մեկնելու առաջարկը ստացել են Թուրքիայի աջակցությունը վայելող «Սուլթան Մուրադ» դիվիզիայի մի հրամանատարից, իրենց շրջապատում զինյալների հավաքագրումը սկսել է դեռ մեկ ամիս առաջ: «Մեր առաջնորդն ասաց` դուք կռիվներին չեք մասնակցելու, միայն աջակցելու եք պահպանությանը որոշ տարածքներում», - ասել է եղբայրներից մեկը, ում խոսքով, իրենց ամսական 7-10 հազար թուրքական լիրա` 700-1000 դոլար աշխատավարձ են խոստացել՝ նավթի և գազի ենթակառուցվածքների պահպանության համար: The Guardian-ը ընդգծում է` այդ խոստումները ոչ միշտ են պահվում. «Ինչպես և Ադրբեջանի դեպքում, Լիբիա մեկնող սիրիացի զինյալներից շատերին ևս սկզբում ասվել էր, թե միայն թիկնապահ են աշխատելու, տեղ հասնելուն պես, սակայն, նրանք հայտնվել էին առաջնագծում»:
Պարբերականը զրուցել է նաև Թուրքիայի հովանավորությունը վայելող «Սիրիայի ազգային բանակի» ներկայացուցիչների, սիրիացի իրավապաշտպանների հետ, երկու աղբյուրներն էլ նշել են, թե զինյալների առաջին` 500-հոգանոց խումբը արդեն հասել է Ադրբեջան, Բաքու են մեկնել նաև երկու բարձրաստիճան հրամանատարներ` «Սուլթան Մուրադ» դիվիզիայի առաջնորդ Ֆահիմ Էիսան և «Ալ Համզա»-ի առաջնորդ Սայիֆ Աբու Բաքիրը: «Այս հաղորդումների իսկությունը հաստատել չի հաջողվել», - գրում է The Guardian-ը, հավելելով` լուրերն ամրապնդվում են սոցցանցերում տարածված, որոշ չճշտված տեսանյութերով, որտեղ երևում է` ինչպես են սիրիացի զինված գրոհայինները բեռնատարով ճամփորդում Ադրբեջանի ճանապարհներով` ռազմական երգերի հնչյունների տակ:
Սիրիացի ապստամբների առաջնորդներից մեկը` Մուստաֆա Սեջարին, արևմտյան մամուլի տեղեկությունները չի հաստատել, բայց չի էլ հերքել: Նա փաստել է, որ Թուրքիան հույսի վերջին նշույլն է մնացել Սիրիայի նախագահի դեմ պայքարող գրոհայինների համար, քանի որ Ասադը երկրի գերակշիռ մասն արդեն իր վերահսկողության տակ է առել` Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ:


Անկարան, հետևելով Բաքի օրինակին, կտրականապես հերքել է այս մասին հաղորդումները: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը The Guardian-ին ասել է. «Մենք ադրբեջանական բանակին օգնում ենք միայն խորհրդատվությամբ և վերապատրաստմամբ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում զինվորականների հավաքագրմամբ կամ տեղափոխմամբ աշխարհի որևէ անկյուն»: Reuters-ը փաստում է` Թուրքիան առաջին անգամը չէ իր նպատակներին հասնելու համար սիրիացի զինյալների ներգրավում: Ամիսներ առաջ Անկարան նրանց Լիբիա էր գործուղել, որ օգնի տեղի կառավարությանը ռուսների աջակցությունը վայելող գեներալ Հաֆթարի դեմ պայքարում: «Սիրիացի զինյալներին հիմա էլ Ադրբեջանում տեղակայելու ծրագիրը ցույց է տալիս, թե որքան մեծ է իր սահմաններից դուրս ազդեցությունը սփռելու Անկարայի ախորժակը, - փաստում է The Guardian-ը:- Այս քայլով Թուրքիան Մոսկվայի հետ մրցակցության երրորդ ճակատն է բացում` Սիրիայից և Լիբիայից հետո»:

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ