Եվ նորից Էրդողանը

Եվ նորից Էրդողանը
30.09.2020 | 10:19

Ադրբեջանի ու Հայաստանի միջև մարտական գործողությունները խորանում են: Թուրքիան առավել հստակ՝ քան երբևէ հանդես է գալիս «եղբայրական պետության» կողմից: Ի՞նչ մտադրություններ ունի նախագահ Էրդողանը՝ գրում է Աննա Սոֆի Շնայդերը Der Spiegel-ում: Նրանք կռվում էին Սիրիայում Բաշար Ասադի ու քրդերի դեմ, նրանք մասնակցել են Լիբիայի քաղաքացիական պատերազմին՝ ի շահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Համզան ու թուրքական հրամանատարությունը սերտ կապված են: Դատելով լուրերից՝ Թուրքիան սիրիական վարձկաններ է ուղարկել հարևան Ադրբեջան: Անկարան մտադիր է Կովկաս ուղարկել հազարավոր զինյալների՝ վերջին շաբաթներին հաղորդում էին սիրիական ընդդիմությանը մերձ ինտերնետ ԶԼՄ-ները: Այդ տեղեկությունները հաստատել հնարավոր չէ, Ադրբեջանը հերքում է մեղադրանքները և մեղադրում թշնամի Հայաստանին, որ «սուտ արշավի» թիկունքում է: Թուրքիան երկար տարիներ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ «Երկու պետություն, մեկ ազգ» նշանաբանով: Երկու երկրներն էլ մոտ են իրար մշակութային առումով, նրանց կապում է և ռազմական դաշինքը: Բայց նախկինում Անկարան դեռ երբեք այսքան բացահայտ, ինչպես վերջին ամիսներին, չէր պաշտպանում «եղբայրական պետությանը»: «Թուրքիայի նոր դերը կարելի էր տեսնել արդեն հուլիսին,- Der Spiegel-ին ասել է Հենրիխ Բյոլի հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Շտեֆան Մայստերը:-Առաջին անգամ Թուրքիան բացահայտ կանգնեց Ադրբեջանի կողքին: Այդ նոր աջակցությունը հասել է նոր մասշտաբի»: Ամռանը Թուրքիան մասշտաբային զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանում: Զորավարժություններն ընկալվեցին իբրև նախազգուշացում Հայաստանին: Չի բացառվում, որ ռազմական տեխնիկայի ու զորքերի մի մասը դեռ Ադրբեջանում են:


Վերջին տարիներին նախագահ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դառնում էր ավելի ագրեսիվ: Դա տեսանելի է Սիրիայում, Լիբիայում, Միջերկրականի արևելյան մասում՝ գազային հանքավայրերի համար վեճում: Հիմա Անկարան ավելի շատ խառնվում է իրավիճակին Կովկասում: Մայստերի խոսքով՝ անցյալում Անկարան իրեն տարածաշրջանում ավելի շուտ զուսպ էր պահում, բայց հիմա ակտիվացել է: Ռազմավարության փոփոխությունը մի քանի պատճառ ունի: «Ներքին քաղաքականության մեջ նախագահ Էրդողանն ավելի մեծ ճնշում է զգում: Թուրքիայի տնտեսությունն արդեն մի քանի ամիս ճգնաժամի մեջ է: Համազգային հարցումների արդյունքներով՝ Էրդողանին մեծամասնությունն այլևս չի աջակցում, որ նրան պետք է՝ 2023-ին վերընտրվելու համար: Ադրբեջանի աջակցության շնորհիվ՝ նա կարող է ստանալ պահպանողական ընտրողների ձայները: Բացի այդ՝ Հայաստանի թեման Թուրքիայում ծայրաստիճան հուզական է ընկալվում»՝ գտնում է Մայստերը:


Հայաստանի թիկունքում իբրև հովանավոր պետություն Ռուսաստանն է: Մայստերի խոսքով՝ դա ևս մեկ պատճառ կարող է լինել, որ Թուրքիան մասնակցի Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտին: Թուրքիան ոչ միայն ջանում է իրեն ներկայացնել տարածաշրջանային պետություն, այլև, գուցե, ուզում է ազդանշան ուղարկել Ռուսաստանին, որ նույնպես ձգտում է իշխող դիրքեր ունենալ տարածաշրջանում: Արդեն Սիրիայի և Լիբիայի կոնֆլիկտներում Անկարան ու Մոսկվան հակադիր շահեր ունեն: Կովկասում նրանք նորից տարբեր կողմերում են: Մայստերը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտը սրվելու է: Լուծումը մեկն է, որ Ռուսաստանը ճնշում գործադրի Թուրքիայի վրա՝ հրաժարվելու համար իր միջամտությունից: Բայց Մոսկվան առայժմ իրեն զուսպ է պահում:
Աննա Սոֆի Շնայդեր, Der Spiegel


Հ.Գ. Իրականում Մոսկվան բարդ իրավիճակում է ու ստիպված է երկակի խաղ վարել՝ չկորցնելու ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին ու Թուրքիային: Նախ կա բիզնեսը՝ զենքի վաճառքը Թուրքիային ու Ադրբեջանին, որ տնտեսական ճգննաժամի պարագայում լուրջ ներդրում է ՌԴ պետբյուջեում: Le Figaro-ն գրել է, որ կիրակի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մահացու մարտերը դադարեցնելու կոչ արեց: «Հիմա կարևոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ թույլ չտալու դիմակայության հետագա էսկալացիա, իսկ գլխավորը՝ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները»՝ ասել է Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոազրույցից հետո: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոր անհանգստություն է հայտնել և «վճռականորեն կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»: Հաջողության բանալին, ինչպես 2016-ին, Մոսկվայի ու Անկարայի երկխոսության մեջ է: Պուտինը պահպանում է իր բազմակողմանի բարեկամությունը Թուրքիայի նախագահի հետ: Իրականում նրանց հարաբերությունները շահերի խաղ են, որտեղ աշխարհաքաղաքականությունը խառնված է ռազմական ոլորտին (Անկարան գնեց ռուսական С-400-ները) և տնտեսությանը (առևտրաշրջանառության մեծացում, Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցում, «Թուրքական հոսք» գազատար): Մոսկվա-Անկարա առանցքն անցնում է Սիրիայով, որտեղ նրանք աջակցում են հակառակ ճամբարների: Այսօր Լեռնային Ղարաբաղը դարձել է ևս մեկ ճակատ ռուս-թուրքական բազմանշանակ խաղերի մեջ՝ ըստ Le Figaro-ի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ