Երեկ ՌԴ նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկվել է ղարաբաղյան պատերազմը։ Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով՝ խորհրդակցության մասնակիցները նշել են տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման ծայրահեղ վտանգը: Ռուսաստանը տիրապետում է սեփական տվյալների, որ Մերձավոր Արևելքի զինյալները կռվում են Լեռնային Ղարաբաղում` հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք ունենք այդ տեղեկությունները, դրանք մեր ձեռքի տակ են», - ասել է նա ճեպազրույցում:
ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության է դրվելու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումը և հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը դատապարտող բանաձև։ Կոնգրեսմենները փորձում են ոչ միայն հասնել հարձակումը դատապարտելուն, այլև ստիպել փոխել քաղաքականությունը, որը թույլ կտա կրճատել ռազմական օգնությունը Իլհամ Ալիևի ռեժիմին և պատժամիջոցներ սահմանել Էրդողանի դեմ՝ համաճարակի պայմաններում տարածաշրջանային պատերազմ հրահրելու համար: Փաստաթուղթը ներկայացրել է Կոնգրեսի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Ջեքի Սփայերը: Շրջանառության մեջ դրված արտահերթ նախագիծը, բացի ռազմական հարձակումն ու Թուրքիայի մասնակցությունը դատապարտելուց, կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբին «ապահովել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ հարձակողական ռազմական գործողությունների դադարեցման և շփման գծի երկայնքով դիտարկման մեխանիզմների ներդրումը»: Կոնգրեսմեն Սփայերի նախաձեռնությունը հավանության է արժանացել և՛ դեմոկրատական, և՛ հանրապետական ճամբարում։ Նոր բանաձևի նախագծի հեղինակները հիշեցնում են Բաքվի նախաձեռնած հարձակմանը նախորդած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանության, ապակայունացնող քայլերի մասին։ Ջեքի Սփայերը վկայակոչել է Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու Բաքվի սպառնալիքները, անդրադարձ կա նաև Թուրքիայի կողմից սիրիացի վարձկան զինյալներ Ադրբեջան ուղարկելու մասին փաստերին: Կոնգրեսմենը ներկայացրել է նաև հայկական կողմի պնդումները, որոնց համաձայն՝ թուրքական F-16 կործանիչները, հայտնվելով Հայաստանի օդային տարածքում, թիրախավորել և խոցել են հայկական ռազմական օդանավը։
Սպիտակ տան կայքի We the People բաժնում սկսվել է առցանց ստորագրահավաք՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտելու և Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու խնդրագրով: Խնդրագրում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը, իրենց վարձկան ԴԱԻՇ ահաբեկիչների հետ պատերազմ են սկսել ընդդեմ Հայաստանի և Արցախի՝ հայ ազգին և նրա պապենական հողերը ոչնչացնելու համար: Նշվում է նաև, որ դարեր շարունակ Արցախը Հայաստանինն է եղել: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված խնդրագրով կոչ է արվում.
1. Հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից, հայտարարել ահաբեկչության հովանավոր։
2. Արգելել Թուրքիային օգտագործել ՆԱՏՕ-ին պատկանող զենքերը՝ ԱԹՍ ռմբակոծիչներ, միջուկային զենք, F-35 ինքնաթիռներ։
3. Փակել Թուրքիայում ԱՄՆ-ի ռազմական բազաները։
4. Տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։
5. Դադարեցնել ռազմական օգնությունը Թուրքիային, Ադրբեջանին, աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
6. Ճանաչել Արցախի անկախությունը։
7. Կանգնեցնել Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական հանցագործությունը:
Խնդրագրի վերաբերյալ Սպիտակ տան արձագանքը ստանալու համար անհրաժեշտ է 100 հազար առցանց ստորագրություն, արդեն ստորագրել է 71 հազար 623 օգտատեր: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում հայտարարել է, որ Փարիզն ունի ստույգ տեղեկություններ՝ Թուրքիայից տեղափոխված սիրիացի իսլամիստները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին:
«Մենք գիտենք, որ սիրիացի գրոհայինները հեռացել են Գազիանթեփից (մարզ Թուրքիայի հարավում), որ մասնակցեն Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին: Դա շատ լուրջ հանգամանք է, և մենք մտադիր ենք դա քննարկել Եվրամիության գագաթնաժողովում»,- ասել է Մակրոնը: Նրա խոսքով՝ իրավիճակը Ղարաբաղում շատ բարդ է, և ամեն ինչ պետք է անել խաղաղությունը վերականգնելու համար: Ֆրանսիան ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բանակի ռմբահարման հետևանքով վիրավորված լրագրողներին հնարավորինս արագ տուն վերադարձնելու համար՝ ասել է Էմանուել Մակրոնը:
«Մենք պայմանավորվել ենք տեղեկատվություն փոխանակել և դրա հիման վրա անհրաժեշտ եզրակացություններ անել»,- Բրյուսելում ասել է Մակրոնը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ամեն ինչ անում են իրավիճակը կայունացնելու, հակամարտությունը բանակցությունների եղանակով՝ միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորելու համար: «Հարվածները, որոնք կիրակի օրն իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ոչ մի արդարացում չունեն, և ես այդ մասին ուղիղ ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին», ասել է Էմանուել Մակրոնը:
…ՈՒ երբ այսքանից հետո կարդում ես, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահների համատեղ հայտարարությունը. «Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները և առանց նախապայմաններ ներկայացնելու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո», որին հավելված է նրանց ցավակցությունը ռազմական գործողություններում զոհվածների ընտանիքներին, ոչ միայն զարմանում ես, այլև հարց է ծագում՝ համանախագահները ուզում են աշխարհին հիշեցնել, որ իրենք կա՞ն: Նախ` այս բովանդակությամբ հայտարարությունը նվազագույնը 5 օրով ուշացած է, հետո՝ երբ 3 կողմերն էլ առանձին-առանձին արձանագրում են Թուրքիայի անհարկի միջամտությունը կոնֆլիկտին, ինչու՞ երրորդ կողմի միջամտության անթույլատրելիության մասին ոչ մի բառ չկա: Եվ վերջապես՝ եթե բոլոր կողմերն էլ ընդունում են, որ նախահարձակ է եղել Ադրբեջանը, ինչու՞ են հայտարարությունը ուղղում կողմերին: ՈՒ նույնքան զարմանալի է, որ երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը Ազգային մեծ ժողովում հայտարարել է, թե «անընդունելի է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը կրակի դադարեցում է պահանջում, նախ պետք է պահանջի, որ հայերը դուրս հանեն զորքերն Ադրբեջանից»: Ենթադրությունը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են հնարավորություն տալ Բաքվին ու Անկարային, դեմքը փրկելով, դադարեցնել պատերազմն ու խուսափել ներքաղաքական բարդություններից, շատ մարդասիրական է ու նույնքան վերացական:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հերթական պարիտետային հայտարարության միակ արդարացումը մնում է ենթադրությունը, որ 1-2 օրից կհետևեն գործնական քայլեր՝ նվազագույնը պատժամիջոցներ Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ և Արցախի Հանրապետության ճանաչում:
Հ.Հ.Գ. Ինչպես անկանխատեսելի է պատերազմի ընթացքը, այնպես էլ դիվանագետների պահվածքը: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսել են, ու «Մանրամասն քննարկվել է ղարաբաղյան լարվածությունը, նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել դրանք: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համակարգելու Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունները՝ իրավիճակի կայունացման և ղարաբաղյան խնդրի կարգավորումը շուտափույթ դիվանագիտական շրջափուլ վերադարձնելու համար»։ Հիմա ի՞նչ՝ Չավուշօղլուն հակադրվում է Էրդողանի՞ն, թե՞ արտահայտում է Թուրքիայի դիրքորոշումը: