Արցախյան այս օրերի գոյապայքարը ոտքի է հանել նաև հայ մարզաշխարհի ներկայացուցիչներին։ Ամեն մեկն իր կարողացած չափով փորձում է նեցուկ լինել հող հայրենիին՝ նվիրաբերելով կյանք, միջոցներ, կապեր, հեղինակավոր խոսք։ ՈՒ չկա մեկը, որի արածը պակաս կարևոր լինի, որովհետև հայրենիքին բերած նվիրումների մեջ չկան մեծ ու փոքր, չկան շատ ու քիչ, որովհետև հայրենիքին նվիրաբերվող միջոցները, կյանքը (հատկապես վերջինս) կշռելի մեծություն չի կարող լինել։
Դա տրվող պարտք է ու վերջ։
Դա նվիրաբերում է ու վերջ։
Դա հայրենիքին սիրո հավաստում է ու վերջ։
«ՈՒրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է «Բանանց-2»-ի (այժմ՝ «ՈՒրարտու-2») նախկին ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանը։
Հիմա նրա արածը կշռելի՞ մեծություն համարենք, թե՞...
Ասենք այսպես՝ Դավիթը դավթացել է, ու մեր խորին խոնարհումը նրա պայծառ հիշատակին, մեր խորին հարգանքը նրան ծնած, լույս աշխարհ բերած ծնողներին։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Facebook-յան էջից տեղեկանում ենք՝ առաջնագծում է ՀՀ պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանը:
Հիմա Տիգրանի տիգրանվելը կշռելի մեծություն համարե՞նք, թե՞...
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Խոսեցի ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի ղեկավարության հետ, ներկայացրի իրավիճակն Արցախում։ Առաջիկայում նախատեսվում է հեռախոսազրույց նախագահ պրն Նենադ Լալովիչի հետ։ Խնդրելու եմ և՛ UWW-ին, և՛ Միջազգային Օլիմպիական կոմիտեին` հանդես գան կոչով՝ դադարեցնելու այս արյունալի պատերազմը»։
Հիմա մեր անվանի մարզիկի այս ասածի ի՞նչը նժարենք, ինչպե՞ս նժարենք։
«Մենք բոլորս Արցախն ենք» հայտարարությամբ աշխարհին տեսաուղերձ են հղել հայ մարզաշխարհի ներկայացուցիչներն ու մտավորականները՝ պահանջելով դադարեցնել պատերազմը։
Առաջարկեք սա կշռելու ձևեր, միջոցներ առաջարկեք...
Հայ զինվորին է դիմել BF և IBO վարկածով գերթեթևքաշային նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը. «Փառքի ու պարծանքի արժանի հայ զինվորներ, հաղթանակով ու առողջ վերադարձեք տուն: Դուք անպարտելի եք»։
Այս ամենը, որ մի պտղունց է ոտքի ելած մեր մարզաշխարհի ներկայացուցիչների բույլից, միջանկյալենք թվիթերյան իր էջում ֆուտբոլային հայտնի մեկնաբան Վասիլի ՈՒտկինի գրառմամբ. «Ինձ համար Արցախի/Ղարաբաղի (այբբենական կարգով) պատերազմում կարևորն այն է, որ Ադրբեջանը պայքարում է տարածքի ու հեղինակության համար, իսկ այնտեղ ապրող հայերը պայքարում են իրենց կյանքի համար:
Երկրորդ նպատակը ինձ հասկանալի է, այդպես անում են բոլորը: Իսկ առաջինը օտար է ինձ համար: Արցախում կյանքն ավելի սուրբ է, քան Արցախի հողը»։
ՈՒ վերջին, առայժմ վերջին հղումը հայկական ֆուտբոլի երևելիի կողմից։ Ավելորդ մանրամասն համարեմ հղումը, որ խոսքը Հենրիխ Մխիթարյանի մասին է։ Աշխարհի գերտերություններից երեքի ղեկավարներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպանի դիմումը մեջբերում եմ ամբողջությամբ։
«Մեծարգո Վլադիմիր Պուտին (Ռուսաստանի Դաշնության նախագահ)
Մեծարգո Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի Հանրապետության նախագահ)
Մեծարգո Դոնալդ Թրամփ (Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ.
Ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ, ով ներկայացնում է Հայաստանը և ով այս նամակը գրում է ծանր սրտով:
Քանի որ աշխարհն ականատես է Արցախում տեղի ունեցող այս աննախադեպ և ողբերգական պատերազմին, թույլ տվեք իմ խորին անհանգստությունն արտահայտել և ասել.
Հայրենիքս գտնվում է իրական վտանգի առջև:
Արդեն երկու շաբաթ է, ինչ ընթանում են ծանր մարտեր: Իմ հայրենի Արցախը և Հայաստանը պաշտպանվում են ագրեսորի հարձակումներից:
Պաշտպանում ենք մեր գոյության իրավունքը՝ ապրելու մեր պատմական հողում և պաշտպանելու քրիստոնեության ժառանգությունը և արժեքները:
Պատերազմական գործողությունների ուժգնացումն ինձ մեծ ցավ է պատճառում: Ադրբեջանական զինված ուժերը Ստեփանակերտում թիրախավորում են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Հրթիռային զենքերը օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ և հանգեցնում են մեծաթիվ զոհերի ու վիրավորների: Այս ամենի հետևանքով մենք կտեսնենք բազում խեղված կյանքեր և ճակատագրեր:
Սա պատերազմական հանցագործություն է:
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որ ստեղծված իրավիճակը հանգեցրել է հումանիտար աղետի: Ավելին, այս ողբերգության մեջ իրենց ուղղակի մասնակցությունն ունեն տարածաշրջանում գործող արտաքին ուժերը:
Օտար վարձկանները (ահաբեկիչները), մոտեցել են Ռուսաստանի և Եվրոպական միության սահմաններին, ինչը սպառնալիք է հանդիսանում այդ երկրների անվտանգության համար:
Հայաստանը և Արցախը միայնակ պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ:
Հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պատմական դաշնակիցներ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դուք կարող եք միջամտել և Ադրբեջանին ստիպել կանգնեցնել այս կործանարար պատերազմը:
Երկրի զարգացմանը մասնակցելու փոխարեն մեր երիտասարդները մահանում են առաջնագծում:
Կոչ եմ անում օգտագործել ձեր բոլոր կարողությունները և դադարեցնել մարդկային այս ողբերգությունը ու կողմերին վերադարձնել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ:
Հարգանքներով` Հենրիխ Մխիթարյան»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ