Հայերը ծնկաչոք ապրելուց գերադասում են կանգնած մեռնել. Le Point

Հայերը ծնկաչոք ապրելուց գերադասում են կանգնած մեռնել. Le Point
17.10.2020 | 11:20

Շնորհակալություն Պուտինի՞ն: Ոչ, կատակ չէ: Եթե չլիներ ռուս ցարի «պաշտպանությունը», հայերին աշխարհի քարտեզից ջնջած կլիներ Էրդողանի Թուրքիան, որ ջանում է ավարտել երիտթուրքերի գործը՝ 1915-ի ցեղասպանության նախաձեռնողների (1,5 միլիոն զոհեր):

Էրդողանը գտնում է, որ հայերը, ինչպես քրդերը, միայն մեկ իրավունք ունեն՝ անհետանալ երկրի երեսից, որտեղ ապրել են մինչև թուրքերի նվաճումները: Դա է Օսմանյան կայսրության վերականգնման գինը, և իր մտահղացումն իրականացնելու համար Թուրքիայի նախագահը առանց տատանվելու տարածում է ջիհադիստական ժանտախտը՝ օգտագործելով ԻՊ-ի՝ նախկինում իր օբյեկտիվ դաշնակցի, խելագար վարձկաններին: Երեկ Սիրիայում ու Լիբիայում: Այսօր Լեռնային Ղարաբաղում: Շուտով՝ Հայաստանում: Վաղը՝ մեր հին Եվրոպայում: Սուլթան Էրդողանը հիմքեր ունի մտածելու, որ իրեն ամեն ինչ թույատրելի է: Ինչ էլ անի, նույնիսկ իր երկրում՝ հակառակ ակտիվ բողոքների, արևմտյան առաջնորդները լռում են, և նույնիսկ ամենահանդուգնները, ինչպես Մակրոնը, սահմանափակվում են միայն էքսպանսիոնիստական տենդի դատապարտումով: Բացառությամբ Մակրոնի՝ նրանք բոլորը հիշեցնում են խեղճ Գրիբույին՝ նա ջուրը նետվեց, որ չթրջվեր: Երբ թնդում են թմբուկները ու հնչում են ճտքակոշիկները, մեր հոգնած ժողովուրդները հաճախ նախընտրում են ոչինչ չնկատել ու նույնիսկ շրջում են հայացքը, հատկապես արևելյան քրիստոնյաներին սպառնալիքներից, հանուն նրանց մենք մատը մատին չենք տալիս: Թեպետ նրանք անհետացող տեսակ են: Մի՞թե նրանք արժանի չեն կարեկցանքի՝ ինչպես լեռնային արծիվները: Անցյալ դարավերջին ՆԱՏՕ-ն պատերազմ սարքեց Կոսովոյում, որ կանխի «ցեղասպանությունը», որ իբր պատրաստվում էին իրականացնել սերբերը
(քրիստոնյաները) ալբանացիների (մուսուլմանների) նկատմամբ: Ինչպես հետո ապացուցվեց՝ ցեղասպանության մտադրություն էլ չկար: Բայց այսօր, երբ թուրք-ջիհադա-ադրբեջնական կոալիցիան նույնիսկ չի փորձում թաքցնել իր ծրագրերը (ոչնչացնել հայ քրիստոնյաներին), երեկվա կռվազանները հայացքները գետնին են գցել:


Ղարաբաղյան հայերի դեպքում ամեն ինչ ծայրաստիճան հստակ է: Մինչև թուրք-ադրբեջանական հարձակումը սեպտեմբերին նրանք 150 000 էին այդ փոքրիկ հանրապետության տարածքում՝ պատմության իսկական օրորոցում՝ բազում եկեղեցիներով, Հայաստանի հարևանությամբ (3 միլիոն բնակչությամբ): 1921-ին Ստալինը այդ հողերը Ադրբեջանին նվիրելու ստոր որոշում կայացրեց, չնայած ավելի վաղ այնտեղ եղած կոտորածներին: Ամենամեծը 1918-ին Բաքվում էր, որ իրականացրեց կովկասյան իսլամական բանակը՝ ոչնչացնելով տարբեր գնահատականներով՝ 10 000-30 000 մարդու: Միակ փոքր մխիթարությունը անկախ ինքնավարությունն էր: Կոմունիստական համակարգի փլուզումից հետո Ղարաբաղի հայերը սկսեցին օրինական ճանապարհով ինքնավարության հասնել, երբ ամբողջ Ադրբեջանում իշխանությունների հովանավորությամբ կոտորածներ էին՝ 30 սպանվածներ Սումգայիթում 1988-ին, 100-300 Բաքվում 1990-ին: Այդ ամենը փախստականների հոսք հարուցեց ինքնավար հանրապետություն, որ շուտով հռչակվեց՝սահմանադրական կանոնների համապատասխան: Ավելի ուշ հանրապետությունը վերցրեց Արցախ անունը՝ ի պատիվ հինավուրց հայկական թագավորության: Ղարաբաղի հայերը դարձել են անջատողականնե՞ր: Հենց դա են մեզ փորձում հավատացնել մեր թանկագին ԶԼՄ-ները: Թուրքական լոբբին իրոք մեծ ազդեցություն ունի Եվրոպայում ու վերահսկում է նաև բազմաթիվ մուսուլմանական ասոցիացիաները: Իսկ Ադրբեջանը վաղուց է զբաղվում նրանով, որ ցինիկաբար անվանում են «խավիարային դիվանագիտություն»՝ կազմակերպելով օրգիա հիշեցնող պրես-տուրեր: Այսօր Բաքուն վայելում է այդ ջանքերի պտուղները: Հայերի հանցագործություններից մեկը, անկասկած, այն է, որ նրանք խարխլում են Բարու ճամբարի գաղափարական վճիռը, որի աչքերում՝ «Մոնդից» մինչև Ֆրանս պրես, զոհ կարող են լինել միայն մուսուլմանները՝ նրանց ամբողջ կարեկցանքն ուղղված է Չինաստանի ույղուրներին ու Մյանմայի ռոհինջաներին: Այդ պատճառով էլ ուղղակի չի հերիքում կարեկցանքը հայերի համար, որ մեղավոր են իրենց քրիստոնյա լինելով ու թագավորություններով, որ իշխել են Մերձավոր Արևելքում Սիրիայից Կասպից ծով, բայց հետո շագրենի կաշվի պես նվազել են՝ ասորիների, պարսիկների, մոնղոլների, թուրքերի հարձակումներով: Վերջապես՝ այս ժողովուրդը ավելի է ծանրացնում իր հանցանքը նրանով, որ ինչպես Կամյուն էր ասում՝ նախընտրում է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել:
Ֆրանց-Օլիվիե Գիբեր, Le Point, Ֆրանսիա


Հ.Գ. Եվրոպացիները գիտեն գեղեցիկ ձևակերպել մտքերը: Բայց երբ գալիս է գեղեցիկ գործելու ժամանակը, նրանք գնահատում են ոչ թե արժեքները, այլ՝ շահերը: Եվ ոչ միայն եվրոպացիները: Մենք պահանջում ենք, որ Արևմուտքը պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նկատմամբ ու ճանաչի Արցախի Հանրապետությունը, բայց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չի սահմանել ու Արցախը չի ճանաչել նաև Ռուսաստանը, ոչ էլ Ադրբեջանի, թեպետ արդեն հասկացել է, որ ընդմիշտ կորցրել է Ադրբեջանին՝ Թուրքիան է այլևս Ադրբեջանի տերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ